×


Գործագործ. «Ես միլիոնատեր չեմ, պարզապես գիտեմ՝ ինչպես ճանապարհորդելիս անիմաստ փող չծախսել»

BRAVO.am-ի «Գործագործ» նախագիծը բացահայտում է հետաքրքիր, ժամանակակից ու պահանջված մասնագիտություններ ունեցող մարդկանց: Գնում ենք գործագործ, որ տեսնենք, թե ինչ պայմաններում են աշխատում «ընդհատակում», ինչ գաղտնիքներ են թաքցնում 2-րդ հարկում, ինչքան գումար են աշխատում «վերեւներում»: Փորձելու ենք կոտրել կարծրատիպերն ու ձեւավորել նորերը:

Զրուցել ենք ճանապարհորդ Հարութ Հովակիմյանի հետ:



- Ինչպե՞ս հասկանալ, որ պատրաստ ես ճանապարհորդել:
- Չգիտեմ: Յուրաքանչյուրն ունի իր բացատրությունը: Իմ դեպքում ամեն ինչ սկսվեց 2014 թվականին, երբ սկսեցի մասնակցել ոչ ֆորմալ կրթական ծրագրերի: Այդ տարիներին շատ նորաձեւ էր դիմել ու մասնակցել որեւէ ծրագրի, որն արտերկրում էր իրականացվում: Նրանք հոգում էին ճանապարհածախսը, կացության ծախսերը, եւ, իհարկե, կարեւոր էր նաեւ հենց ծրագիրը, որը բավական ուսուցողական բնույթ էր ունենում:

Այդ ժամանակ ինձ սկսեցին հետաքրքրել մշակույթի, ապրելակերպի առանձնահատկությունները տարբեր երկրներում: Ինձ դուր է գալիս շրջել Եվրոպայով: Գաղափարը, որ չկան սահմաններ, որ մարդիկ խուսափում են պիտակավորումներից, շատ հետաքրքիր է: Շատ եմ սիրում հետեւել, թե ինչպես են տարբեր երկրներում սուրճ խմում, ինչ ավանդույթներ ունեն, ինչ երաժշտություն են լսում, ինչպիսի առօրյա ունեն:


Եղել եմ 44 երկրում: Դեռ շատ կա, որ ամբողջը տեսնեմ: Աշխարհը փոքր է, իսկ ճանապարհորդությունը` ինձ համար շատ կարեւոր աշխարհ: Շատ դեպքեր են եղել, որ ինչ-որ կարեւոր բան զոհել եմ «թրիփի» համար:

- Առաջինը ո՞ր երկրում ես եղել:
- Առաջին անգամ Մոսկվայում եմ եղել, բայց այդ ժամանակ ճանապարհորդելու մտադրություն չունեի: Իմ առաջ չէի դրել նպատակ, որ, օրինակ, մինչեւ 22 տարեկանս լրանալը պետք է լինեմ 22 երկրում, ինչը շատ պատահականորեն ստացվեց: Ես այդ ժամանակ չէի մտածում, թե մշակութային ինչ առանձնահատկություններ ունեն պետությունները, երկրները:

- Վախենո՞ւմ ես ինքնաթիռներից:
- Դժվար հարց է. առաջին անգամ ինքնաթիռ նստելիս վախենում էի: Վախը շատ է խանգարում նպատակի ճանապարհին:

- Ինչի՞ մասին ես մտածում, երբ օդում ես:
- Տարբեր բաների մասին. հիմար, ցրված մտքեր են գալիս: Համարյա միշտ սկսում եմ հաշվել, թե քանի ժամ է` ինքնաթիռում եմ, ինչ բարձրության վրա, որ քաղաքի վրայով եմ թռնում, եւ այլն: Ինքնաթիռներ կան, որոնցում հարմարություններ կան՝ տեսնում ես այդ ամենը, եւ դա շատ հետաքրքիր է:

- Չե՞ս մտածում, որ ինքնաթիռը կարող է ընկնել:
- Հաճախ մտածում եմ այդ մասին: Կարծում եմ՝ բոլորն են մտածում` չնայած նրան, որ ինքնաթիռն է ամենաապահով փոխադրամիջոցը: Չես կարող չմտածել այդ մասին, երբ, օրինակ, մի ձայն ես լսում, որը նախկինում չես լսել: Փորձում եմ մտածել, որ այդ ձայնը կամ օդում ինքնաթիռի այդքան մեծ թափով «լողալը» շատ բնական է տվյալ մոդելի ինքնաթիռի համար: Ինքնաթիռում միշտ մեկը կա, ով շատ հանգիստ նստած է, իր վրա ոչինչ չի ազդում: Նման մարդիկ շատ հավասարակշռված են, ու, կարծում եմ, որ նրանց տեսնելով` փոքր-ինչ հանգստանում ես, երբ լարված ես լինում. գուցե ինչ-որ մեկի համար էլ ես եմ եղել նման մարդ:):


- Ի՞նչն ես հաշվի առնում երկիրն ընտրելիս. հյուրանոցի, կացությա՞ն ծախսերը, թե՞ տեսարժան վայրերը:
- Պետք չէ հաշվի առնել ոչ մի բան, պետք է վեր կենալ ու գնալ: Եթե կա նպատակ, պետք է մի փոքր ջանք գործադրել` դրան հասնելու համար: Շատ եմ ուզում, որ իմ հասակակիցները, ինձ շրջապատող մարդիկ ճանապարհորդեն, տեսնեն ուրիշ մարդկանց, ուրիշ համակարգեր, ուրիշ արժեքներ: Ինչ վերաբերում է տարածքներն ընտրելուն` Հայաստանից թռիչքները թանկ են. ավիատոմսերն էժան չեն, ուստի տոմսի գինն ավելի թանկ է լինում, քան մնալու, սնվելու ծախսերն իրար հետ վերցրած: Ես մեկ թռիչքը փորձում եմ օգտագործել հնարավորինս արդյունավետ. օգտվելով առիթից` շրջում եմ հարեւան այլ  քաղաքներով, ընդհուպ հարեւան երկներով, քանզի Շենգեն գոտի երեւույթը դա թույլ է տալիս: Ժամանակս չեմ ծախսում սրճարաններում սուրճ խմելու վրա, քիչ եմ քնում, փորձում եմ տեսնել ավելին, շրջել քաղաքների ոչ տուրիստական հատվածներով:

- Ինչպե՞ս գտնել էժան ավիատոմս:
- Գնել նախապես կամ Վրաստանից: Կան ավիափոխադրողներ, որոնց թռիչքների տոմսերը ավելի էժան են, քան մի շիշ գինին երեւանյան գինետներում:

- Ի՞նչ է վերցնում իր հետ ճանապարհորդը:
- Ես ճանապարհորդում եմ մեկ ուսապարկով: Ուղեբեռով թռնելը միշտ ավելի թանկ է ու անհարմար. ուղեբեռի համար ավելի շատ ես վճարում քան ինքնաթիռի տոմսի համար: Ուսապարկով շրջագայելը շատ հարմար է. վերցնում ես այն, ինչը քեզ շատ է պետք, ինչը կարող է պետք գալ, կգնես տեղում: Պետք չէ մտածել այն մասին, որ կարող է Բելգիայում «սանտավիկ» չգտնես, կամ էլ մեկ այլ երկրում եղանակը ցրտի, ու չկարողանաս վերարկու գնել: Ես տղա եմ եւ ինձ հեշտ է, գուցե կանանց դեպքում ավելի դժվար է մի ուսապարկով ճանապարհորդելը:):

- Ճանապարհորդելու համար պետք է միլիոնատե՞ր լինել:
- Հաճախ տրվող հարց:): Շատերն են հարցնում՝ որտեղից ինձ այդքան գումար: Ժողովուրդ, ես միլիոնատեր չեմ, պարզապես գիտեմ՝ ինչպես ճանապարհորդելուց անիմաստ փող չծախսել:
Եթե, իհարկե, չունես սկզբունքներ, նախասիրություններ, որ պետք է անպայնման մնաս 5 աստղանի հյուրանոցում ու սնվես ծովամթերքներով, կարող ես շատ քիչ գումարով շրջել: Անցած տարի 24 օրում եղա եվրոպական 13 երկրում, ու թե ինչքան եմ ծախսել հարցի պատասխանը բավական շոկային է: Մի քաղաքում մնացել եմ հին ընկերներիցս մեկի տանը, մեկ ուրիշ քաղաքում մնացել եմ մի ընկերոջ տանը, ում հետ ծանոթացել էի նախորդ ճանապարհորդության ժամանակ: Նա ինձ օգնել է այնպես, ինչպես ես իրեն կօգնեմ, երբ գա Հայաստան ու ցանկանա բացահայտել մեր մշակույթն ու ապրելակերպը:

Գոյություն ունեն հավելվածներ, որտեղ մարդիկ գրանցում են իրենց տունը, բնակարանը եւ պատրաստ են քեզ գիշերակացով օգնել, զբոսնել հետդ, պատմել քաղաքի, մարդկանց մասին: Կան ճանապարհորդների ակումբեր, խմբեր, մարդիկ պատրաստ են օգնել միմյանց, այս առումով աշխարհում բաց եւ անմիջական վիճակ է: Այսինքն` միշտ կարելի է գտնել քնելու մատչելի վայր, սնվելու էժան, բայց նաեւ շատ ազգային եւ տիպիկ ուտելիք, պարտադիր չէ լյուքս հանգիստ ունենալ, եթե ուզում ես ուսումնասիրել մշակույթը, ծանոթանալ մարդկանց հետ, զգալ, տեսնել, թե ինչպես են ապրում այդ մարդիկ, ինչն է նրանց կյանքը տարբեր դարձնում մերինից: Ի վերջո, հյուրանոցների փոխարեն կարելի է գիշերել հոսթելներում, որտեղ հիմնականում հանդիպում ես այլ ճանապարհորդների:

- Շա՞տ ես օգնում վիզա ստանալու կամ հյուրանոց գտնելու հարցում:
- Շատ են դիմում այդ հարցերով: Ընկերներիս մեծ սիրով օգնում եմ: Ես շատ եմ ուզում, որ մարդիկ ավելի շատ ճանապարհորդեն, տեսնեն աշխարհի ոչ հոգեհարազատ կողմերը, ի վերջո, ճանապարհորդելը լավագույն կրթությունն է:  Ինձ համար հաճելի է, դիմեք, եթե պետք եմ:):


- Սառնարանը բավականացնո՞ւմ է մագնիսների համար:
- Մագնիսների դարաշրջանն արդեն անցել է:): Մեր տան երկու սառնարանների վրա ու անգամ տատիկիս տան սառնարանի վրա տեղ չկա: Ճանապարհորդություններից պետք է հիշողություններ, նոր գաղափարներ ու նոր լիցքեր բերել: Միակ բանը, որը ինձ հետ եմ բերում, նկարներն են. ինքս նկարվել չեմ սիրում, սիրում եմ նկարել: Երեւի վերջին կես տարում առաջին անգամ ձեզ համար եմ նկարվել:):

Հեղինակ՝ Տիգրանուհի Մարտիրոսյան
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Հրանտ Մարինոսյանի
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW