BRAVO.am-ի «Գործագործ» նախագիծը բացահայտում է հետաքրքիր, ժամանակակից ու պահանջված մասնագիտություններ ունեցող մարդկանց: Գնում ենք գործագործ, որ տեսնենք, թե ինչ պայմաններում են աշխատում «ընդհատակում», ինչ գաղտնիքներ են թաքցնում 2-րդ հարկում, ինչքան գումար են աշխատում «վերեւներում»: Փորձելու ենք կոտրել կարծրատիպերն ու ձեւավորել նորերը:
Զրուցել ենք մեյքափ արտիստ Լուսինե Բաղդասարյանի հետ:
- Ինչո՞ւ են կանայք եւ աղջիկները գնում մեյքափ արտիստների մոտ, եթե կարող են ինքնուրույն դիմահարդարվել:
- Պրոֆեսիոնալ մեյքափը շատ է տարբերվում սիրողականից: Շատերը չունեն համապատասխան նյութեր, ունենալու դեպքում էլ գուցե չկարողանան ճիշտ օգտագործել։ Նախ որովհետեւ դժվար է ինքդ քեզ դիմահարդարել, եւ հետո կարեւոր առիթներին ցանկանում են կատարյալ տեսք ունենալ, իսկ դրա համար դիմում են մասնագետին, որպեսզի գրագետ մոտեցումով ամբողջացվի այդ օրվա լուքը։ Բացի այդ, իմ հաճախորդները միայն կանայք ու աղջիկները չեն: Ես աշխատում եմ նորաձեւության ոլորտի ներկայացուցիչների հետ՝ մոդելներ, դիզայներներ, իսկ այս աշխարհում չես կարող առանց դիմահարդարման:
- Ինչպիսի՞ն պետք է լինի առօրյա մեյքափը: Ի՞նչ դիմահարդարմամբ պետք է գնալ դասի կամ աշխատանքի:
- Առհասրակ խորհուրդ չէի տա դիմահարդարվել առօրյայում:): Այո, այո, որովհետեւ մաշկը պետք է շնչի, առողջ տեսք ունենա: Եթե հարթ, անթերի մաշկ ունեք, ապա ամենօրյա մեյքափի կարիք չկա: Բավական է ունենալ խոնավեցված հարթ մաշկ, խնամված շուրթեր, փոքր-ինչ գույն հավելելու համար սնգույր, եւ 2019 թվականի թրենդային տեսքը պատրաստ է: Իսկ եթե ամեն դեպքում կա ցանկություն, ցանկալի է խոնավեցված մաշկի վրա բարակ շերտով տոնային քսուկ տարածել, որեւէ թարմացնող գույնով սնգույր, ստվերաներկ եւ շրթներկ: Ես հաճախ դրսում հանդիպում եմ աղջիկների, որոնք արեւելյան ոճի դիմահարդարմամբ են շրջում, արտահայտիչ աչքերով կամ շրթունքներով, հաստ տոնային կրեմով եւ այլն. «կոնտուրինգ» են անում, որն իմ կարծիքով էսթետիկ չէ: Ավելին, դա աշխարհում անտիթրենդ է, դրանից վաղուց հրաժարվել են, որովհետեւ հասկացել են, որ գեղեցիկ չէ:):
Կանայք կան, ովքեր առավոտյան տնից դուրս գալուց առաջ 40-ից 50 րոպե դիմահարդարվում են, որովհետեւ հաստ շերտով տոն են քսում, մի քանի գույնի ստվերաներկեր են օգտագործում: Սա առօրյա մեյքափ չէ: Մեզանում շատ են սիրում հոլիվուդյան աստղերի պես դիմահարդարվել: Նայում են կարմիր գորգով անցնող դերասանուհիներին, երգչուհիներին, հետո իրենց պես փորձում են դիմահարդարվել, այդ տեսքով գնում են սրճարան, բայց ոչ միայն չեն կարողանում իրենց պես դիմահարդարվել, այլեւ այնպիսի սխալներ են թույլ տալիս, որ ընդգծում են թերությունները` կնճիռները, անհարթությունները եւ այլն: Մարդիկ չեն հասկանում, որ նույն աստղերն իրենց առօրյա կյանքում այդպես չեն շպարվում, իսկ իրենք նմանակման արդյունքում ունենում են ոչ էսթետիկ տեսք:
- Ինչպե՞ս ընտրել տոնը:
- Շատ կարեւոր հարց է, որովհետեւ հաճախ եմ նկատում, որ աղջիկները մուգ գույնի տոն կամ դիմափոշի են օգտագործում, այնինչ իրենց վզի կամ դեկոլտեի հատվածներն ավելի բաց են: Հաճելի չէ, երբ դեմքը մեկ ուրիշ գույնի է, վիզը՝ մեկ այլ:): Ուստի խորհուրդ կտամ տոնն ընտրելիս անպայնման փորձել, նայել, որպեսզի գույնը չտարբերվի պարանոցի մաշկի գույնից: Բացի այն, որ տոնը պետք է գույնով համապատասխանի, այն պետք է նաեւ լինի մաշկին համապատասխան: Յուղոտ մաշկ ունեցողները պետք է ընտրեն յուղեր քիչ պարունակող կրեմներ, չոր մաշկ ունեցողներն` այնպիսի նյութեր, որոնց մեջ կա խոնավեցնող հատկություն: Պարտադիր կարդացեք պիտակները, թե ինչ տեսակի մաշկի համար է այն, հակառակ դեպքում մեյքափը ձեր դեմքին հարթ չի լինի: Ինչպես նաեւ կարեւոր է բազային հիմքի ճիշտ ընտրությունը։
- Ինչո՞ւ է մեյքափը թանկ:
- Որովհետեւ թանկ են նյութերը եւ կատարվող աշխատանքը։ Մենք օգտագործում ենք որակյալ կոսմետիկա, որը ողջ օրվա մեջ մնում է ու դեմքը չի վնասում: Այս աշխատանքն անընդհատ ֆինանսական ներդրում է պահանջում, արժեքն արդարացված է։ Բացի այդ, որքան լավն է կոսմետիկան, այնքան քիչ է այն վնասում մաշկը: Անորակ նյութերը քիմիական շատ տարրեր են պարունակում, իսկ բնական միջոցներով պատրաստված քսուքներն ավելի անվնաս են: Ես խորհուրդ կտամ երկու ջինսի փոխարեն մեկ թանկարժեք տոնային քսուք գնել: Առողջ մաշկը շատ կարեւոր է:
- Մարդիկ չե՞ն ասում՝ 15 րոպեում դիմահարդարում ես, բավական շատ գումար ես վերցնում:
- Իհարկե, տարիներ առաջ շատ էին ասում, շատ էի լսում, որ մեկ մեյքափը մեկ տոնային քսուկի գինն ունի, բայց սա թանկ մասնագիտություն է՝ գնում ես թանկարժեք նյութեր, պարբերաբար ներդրում ես անում քո մասնագիտության մեջ, որ վերապատրաստվես եւ այլն:
- Կարելի՞ է քիչ գումարով դիմահարդարման լավ միջոցներ գնել:
- Այո, կան բյուջետային տարբերակներ, որոնք բավական լավն են: Դիմահարդարման համար անհրաժեշտ բոլոր նյութերը՝ դա կլինի տոն, դիմափոշի, շրթներկ եւ այլն, հնարավոր է գնել մոտ 70.000 դրամով եւ ծառայեցնել մի քանի ամիս:
- Որտե՞ղ սովորել մեյքափ արտիստ դառնալու համար:
- Հիմա շատ դպրոցներ ու դասընթացներ կան, բայց կարծում եմ, որ պետք է սովորել հենց գործող մասնագետների մոտ, հատկապես նրանց մոտ, ովքեր տեսությունն ու գործնական հատվածը համատեղում են:
- Ձեռքը չի հոգնո՞ւմ:
- Չէ, սովոր եմ:):
- Մեյքափ արտիստը պե՞տք է դիմահարդարված լինի:
- Կարծում եմ՝ այո: Հաճախորդին հաճելի չի լինի, եթե դիմահարդարն անխնամ տեսք ունենա:
- Իսկ պե՞տք է նկարել իմանալ:
- Ցանկալի է, որ նկարել իմանա, բայց պարտադիր չէ: Նկարելն օգնում է ավելի լավ պատկերացնել գույները, լույսի ու ստվերի խաղերը, ըստ այդմ՝ սովորելն ավելի հեշտ է: Ես առաջին մասնագիտությամբ նկարիչ եմ, դրա համար ինձ համար այս աշխատանքը շատ հասանելի է եղել: Նկարչի ձեռքը վարժ է լինում, նկարիչն ավելի լավ է զգում դեմքի ֆորմաները, բայց նորից եմ ասում` պարտադիր չէ. նկարել չիմացող արտիստներ կան, որոնք ոլորտի առաջատարներից են:
- Ինչպե՞ս եք հասկանում՝ ում ինչ դիմահարդարում կսազի:
- Կա դեմքի մի քանի կառուցվածք՝ օվալաձեւ, երկարավուն, կլոր, եռանկյունաձեւ եւ այլն, որոնց համապատասխան ընտրվում է մեյքափը: Երկարավուն դեմք ունեցող մարդկանց դեպքում, օրինակ, սնգույրը դեմքի վրա այլ ձեւ է դրվում, քան՝ կլոր դեմք ունեցող կանանց: Սա կոչվում է «կոնտուրինգ», որի միջոցով դեմքը հավաքվում է, այլ տեսք է ստանում: Դեմքի տարբեր հատվածներում օգտագործվում են տարբեր երանգների նյութեր, արդյունքում մգեցվում են, օրինակ, այտոսկրերը, բաց գույն են ստանում աչքերի շրջանն ու ճակատի մի մասը: Գրագետ մեյքափի շնորհիվ կարելի է ընդգծել առավելությունները եւ թաքցնել թերությունները:
Դիմահարդարումը, հատկապես «կոնտուրինգը», կարող է մեծ քիթը վիզուալ փոքրացնել, իսկ թերի մեյքափը կարող է փոքր քիթը ցույց տալ մեծ: Ուստի առօրյայում բոլոր կանանց ու աղջիկներին խորհուրդ կտամ «կոնտուրինգ»-ից խուսափել ոչ միայն չսխալվելու համար, այլեւ այն պատճառով, որ «կոնտուրինգն» այլեւս նորաձեւ չէ: Մի քանի տարի առաջ այն շատ մոդայիկ էր, բայց ոչ` առօրյայում: Սա երեկոյան դիմահարդման տեսակ է, եւ եթե կարեւոր միջոցառում է, որին պետք է շքեղ, գլամուրային տեսք ունենալ, ապա գուցե «կոնտուրինգն» արդարացված լինի, իսկ ամենօրյա դիմահարդարման պարագայում այն լրացուցիչ գեղեցկություն չի հաղորդում:
- Այս տարի ի՞նչն է նորաձեւ:
- Նախորդ տարի շատ ակտուալ էր «նուդ» ոճի մեյքափը, որը բավական աշխատատար էր, եւ նյութերով էին փորձում ստանալ բնականություն: Իսկ այս տարի բնականությունն ավելի ու ավելի է ընդգծվել, նորաձեւ է շատ քիչ, աննշան նյութեր օգտագործելը: Բայց դրա համար պետք է ունենալ կատարյալ հարթ, խնամված, խոնավեցված մաշկ: Ցանկալի է տոնային քսուկ չօգտագործել կամ շատ քիչ: Ուստի խորհուրդ կտամ, որ կանայք եւ աղջիկներն առավելագույնս շատ ժամանակ հատկացնեն դեմքի մաշկի խնամքին՝ դրան փայլ հաղորդելու ու անհարթությունները վերացնելու համար: Շատ նորաձեւ է բաց վարդագույն կամ բաց ծիրանագույն սնգույրը:
Թրենդի մեջ են հեղուկ շրթներկները (gloss), որոնք նույնպես խոնավեցնող տեսք են հաղորդում: Նորաձեւ են թափանցիկ կամ բաց վարդագույն շրթներկները, սեւ «լայներով» ընդգծված բոլոր հնարավոր ձեւերը: Մոդայիկ են շագանակագույնի երանգները: Հիմա մշակվում է շրթներիկի «սրճային գիծ», բավական հետաքրքիր երանգներ կան, եւ թրենդային երեւալու համար խորհուրդ կտամ գտնել շագանակագույնի ձեր երանգը։ Ասեմ, որ պետք է հրաժարվել փայլատ շրթներկից, որքան էլ որ հայ աղջիկները սիրում են օգտագործել այն, բայց դրանք անցյալ տարիների թրենդերից են, անտիթրենդ են, ավելին՝ վնասակար են, որովհետեւ քիմիական նյութեր են պարունակում:
Հեղինակ՝ Տիգրանուհի Մարտիրոսյան
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Հրանտ Մարինոսյանի
BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: