Հումորիստ, դերասան Գրիգոր Դանիելյանի ու երգչուհի Հռիփսիմե Ելինյանի հիմնադրած “Trio” էստրադային վոկալ ստուդիան օրերս “32” թատրոնում նշել է մեկամյակը: Համերգին ներկա են եղել ինչպես սաների ծնողներն ու բարեկամները, այնպես էլ հայտնի զույգի գործընկերներից Անդրանիկ Հարությունյանը, Ալինա Մարտիրոսյանը, Լիդուշիկը, Նառա Դիլանյանը եւ այլք:
Հռիփսիմե Ելինյանն ու Գրիգոր Դանիելյանն իրենց որդու հետ
Հոբելյանական միջոցառմանը ելույթ են ունեցել ստուդիայի սաները` ներկայացնելով 22 երաժշտական կատարում, որոնց պարային բեմադրություններն ապահովել է “Fire” պարային խումբը: Եզրափակիչ հատվածում էլ երգել են Հռիփսիմեն ու Գրիգորը. “Փորձերի ընթացքում մեր սաներին ասում էինք, որ չենք երգելու, միայն լավ համերգի դեպքում վերջում կմիանանք իրենց, բայց նախապես պատրաստվել էինք: Նաեւ երգեցին Կոնսերվատորիայի իմ ուսանողներից Արտյոմ Հակոբյանը, Տաթեւ Ալեքսանյանն ու Տաթեւ Հարությունյանը, որոնք դասավանդում են երեխաներին”, - BRAVO.am-ին պատմել է Հռիփսիմե Ելինյանը:
“Trio” էստրադային վոկալ ստուդիան “32” թատրոնում նշել է մեկամյակը
“Trio” ստուդիայում երեխաներին ուսուցանում են վոկալ, դերասանի վարպետություն, սոլֆեջիո եւ պար.“Երկրորդ ուսումնական տարում երգում են եռաձայն ու քառաձայն: Շատ երեխաներ լավ ձայն ունեն ու շնորհալի են, բայց ամաչկոտ ու բարդույթավորված են, ինչից նրանց ազատել հաջողվում է Գրիգորին: Լավագույնների հետ հետագայում կաշխատենք, հիմա էլ ուղարկում ենք մրցույթների, համերգների: Իսկ եթե հասկանում ենք, որ ընդհանրապես վոկալային տվյալներ չունեն, չենք աշխատում”,-ասել է երգչուհին:
Գրիգոր Դանիելյանը մեզ հետ զրույցում նշել է, որ առաջին մասնագիտությամբ տնտեսագետ է.“Կյանքի բերումով սկսեցի աշխատել հեռուստատեսությունում եւ ստուդիայի սաներին իմ փորձն եմ փոխանցում: Ուսումնասիրել եմ նաեւ դերասանական արվեստին վերաբերող գրականություն”:
“Trio” էստրադային վոկալ ստուդիան “32” թատրոնում նշել է մեկամյակը
Զույգի առաջնեկ տղան, որը շուտով կդառնա 4 տարեկան, Հռիփսիմեի խոսքով, հաճույքով գալիս է միայն դերասանի վարպետության դասերին.“Ալբերտոն լավ ձայն ունի, երգում է, բայց ավելի շատ սիրում է Գրիգորի համար հումորներ անել ու ծիծաղեցնել”:
Ընտանիքի անդամների թվով պայմանավորված` Հռիփսիմեն ու Գրիգորն իրենց նախաձեռնություններն անվանել են “Տրիո”.“Բայց մեր ընտանիքի համալրման դեպքում “Trio”-ն հաստատ կվարտետ չի դառնա:)”:
BRAVO.am
Լուսանկարները տրամադրել է Գրիգոր Դանիելյանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: