“Եթե կարողանայի բառերով բացատրել Բեթհովենի 7-րդ սիմֆոնիայի իմաստը, այստեղ չէի լինի եւ չէի կարողանա այն կատարել ձեզ համար’’. հայաստանյան հանդիսատեսին ուղղված այս խոսքերի հեղինակն աշխարհահռչակ դիրիժոր Դանիել Բարենբոյմն է: Նույնը կարելի է ասել նրա ղեկավարած Բեռլինի պետական նվագախմբի երեւանյան ելույթի մասին. “Արամ Խաչատրյան” համերգասրահի լեփ-լեցուն դահլիճում տեղի ունեցածը չափազանց դժվար է բառերով նկարագրել, միայն զգացմունքներ են, հուզմունք եւ բյուրեղյա մաքրության երաժշտություն:
Բեռլինի պետական նվագախմբի երեւանյան համերգին
“Շատ երջանիկ եմ, որ Հայաստանում եմ: Կյանքիս ընթացքում աշխարհի գրեթե բոլոր ծայրերում տարբեր ոլորտներ ներկայացնող բազմաթիվ հայերի եմ հանդիպել, որոնք իսկապես տաղանդավոր եւ հետաքրքիր մարդիկ են: Ուրախ եմ, որ վերջապես կարողացա այցելել նրանց հայրենիքն ու տեսնել այն հողը, որ այսքան տաղանդներ է ծնել’’,-ասել է Դանիել Բարենբոյմը:
Գրեթե 450 տարվա պատմություն ունեցող նվագախմբի երաժիշտները նվագեցին Ֆրանց Շուբերտի թիվ 8 “Անավարտ’’ եւ Լյուդվիգ վան Բեթհովենի թիվ 7 սիմֆոնիաները: Անդադար հնչող բրավոներ ու բրավիսիմոներ, հոտնկայս ծափահարություններ ու ողջույնի խոսքեր. համերգի ավարտից հետո Բարենբոյմը երկու անգամ բեմ վերադարձավ` կրկին նվագելու հայ հանդիսատեսի համար:):
Դիրիժոր Դանիել Բարենբոյմը
Դանիել Բարենբոյմը մեր ժամանակների ամենատաղանդավոր դաշնակահարներից ու դիրիժորներից մեկն է: Իսրայելցի մաեստրոն հայտնի է նաեւ որպես ազդեցիկ հասարակական գործիչ.“Ազատամիտ մարդ եմ. ապրում եմ այնպես, ինչպես ուզում եմ, անում եմ այն, ինչ ճիշտ եմ համարում: Ինձ մտահոգում յուրաքանչյուրիս պատասխանատվության պակասը մեր կյանքի, ինչպես նաեւ հասարակության նկատմամբ’’:
Նա ընտրված է` ցմահ գլխավորելու Բեռլինի պետական նվագախումբը.“Սա աշխարհի երկրորդ ամենահին նվագախումբն է: Մենք փորձում ենք պահպանել ավանդույթները` ներկայացնելով այն ժամանակակից աշխարհում: Փառք Աստծո, մեր հանդիսատեսը միշտ մեզ հետ է”:
Բեռլինի պետական նվագախմբի երեւանյան համերգին
Նշենք, որ համերգի ավարտին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը եւ փառատոնի հիմնադիր նախագահ, կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյանը Դանիել Բարենբոյմին հանձնեցին “Երեւանյան հեռանկարներ’’-ի 15-ամյա հոբելյանի առթիվ թողարկված ոսկե հուշամեդալ:
Տեքստը` Լենա Գեւորգյանի /Bravo.am/
Լուսանկարները` Մարիամ Լորեցյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: