×


Դավիթ Գրիգորյանը եւ Էսթեր Մեսրոպյանը

Դավիթ Գրիգորյանը եւ Էսթեր Մեսրոպյանը՝ «Լուրեր»-ում եւ դրանից առաջ

Նոր եթերաշրջանում Առաջին ալիքի լրատվականը հանդես է գալիս «Լուրեր» անվանմամբ: Նորությունները Մամիկոն Սիմոնյանից եւ Մերի Ներսիսյանից բացի, ներկայացնում են Դավիթ Գրիգորյանն ու Էսթեր Մեսրոպյանը: Վերջիններիս հետ էլ BRAVO.am-ը զրուցել է առաջին եթերին ունեցած ապրումների մասին, եւ ոչ միայն:

Լրագրողական մասնագիտական ուղու մասին

Դավիթ. Մասնագիտական բուն ուղիս սկսել եմ դեռ 15 տարեկանում՝ «Մենք ենք» պատանեկան տարածաշրջանային հաղորդումից, ապա ՊՆ լրատվության վարչությունում ծառայության եմ անցել որպես զինվորական լրագրող, Ոստիկանության լրատվության վարչությունում աշխատել եմ որպես լրագրող ու պատասխանատու խմբագիր` զուգահեռաբար ներգրավված լինելով մի շարք ալիքների լրատվական ու վերլուծական հաղորդումներում: «Մաքսիմում», «Իրացման գոտի», «Վթարի գոտի»՝ սա հաղորդումների ոչ ամբողջական ցանկն է, որոնցում ներկայացել եմ որպես մեկնաբան ու հեղինակ:

Դավիթ Գրիգորյանը


Էսթեր. Չորս տարի առաջ ավարտեցի ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Կարճ ժամանակ անց՝ մի քանի կայքում պրակտիկա անցնելուց հետո, աշխատանք գտա «Արմնյուզ»-ում: Այնտեղ լրատվական բաժնի լրագրող էի: Մեկ տարի անց ինձ վստահվեց ուղիղ եթերում ներկայացնել լուրերի մշակութային բաժինը: Նաեւ զուգահեռ զբաղվում էի Սփյուռքի նախարարության հետ համատեղ նախագծով՝ լրագրող եւ մեկնաբան էի: Ապա առաջարկ ստացա նույն հեռուստաընկերությունում «Մաքսիմում» սոցիալական հաղորդման լրագրող աշխատել: Համաձայնեցի: Հետո «Արմենիա» հեռուստաընկերության «Համի ուժը» հաղորդման խմբագիր էի: Եվ այդպես գրեթե չորս տարի աշխատեցի ՊԱՄԳ-ում: Հետո հասկացա, որ ստաբիլությունը լավ բան է, բայց կաղապարում է:

«Լուրեր»-ի մեկնաբանի համար հայտարարված քասթինգի մասին

Դավիթ. Տեղեկացա համացանցից: «Ֆեյսբուքամենազորը» հարթակ է, որտեղ տեղեկատվությունը հեշտ է տարածվում: Հոլովակն ու ուղերձը տեսել եմ հենց Առաջին ալիքի էջում: Միանգամից, առանց երկմտելու որոշեցի դիմել: Երեւի այլ մասնագիտական պրակտիկայից հետո լրատվությունը խոսեց ներսումս:

Էսթեր Մեսրոպյանը


Էսթեր. Մեկ ամիս անգործ մնալով՝ փորձում էի հանգստանալ, նաեւ մտածում՝ ինչպես եւ որտեղից սկսել: Հենց այդ ժամանակ էլ սոցիալական կայքերում հայտնվեց Առաջին ալիքի լրատվական մեկնաբանի մրցույթի հայտարարությունը: Եթե անկեղծ, չէի հավատում, որ հնարավոր կլիներ դրական արդյունքի հասնել, սակայն մտերիմներս վստահ էին, որ կստացվի: Եվ այդ վստահությամբ էլ ինձ վարակեցին: Մտածեցի՝ դիմեմ: Որը բարին է՝ դա էլ կլինի: Եվ այդպես ուղարկեցի պահանջվող նյութերը:

Երբ արդյունքը դրական է

Դավիթ. Հեռախոսազանգով տեղեկացրին, որ հաղթահարել եմ առաջին փուլը: Չեմ թաքցնի՝ ուրախ էի, որովհետեւ հնարավորություն ունեի վերադառնալ սիրածս մասնագիտությանը, այն էլ՝ Առաջինի եթերում: Սակայն հնարավորությունը դարձավ փաստ միայն այն ժամանակ, երբ հաղթահարեցի եւս մի քանի փուլ: Բարձր որակավորման մասնագետներ էին: Իրապես պիտի ապացուցեի, որ կարող եմ ու պատրաստ եմ համալրել իրենց թիմը: Ես ինձ հեռու չեմ տեսել եթերից, բայց նման մակարդակում, իմ խոր համոզմամբ, միշտ կարծել եմ, որ արժանի չեմ հայտնվել: Գուցե ինքնաքննադատական վերաբերմունքն էր, որ անհավատալի էր դարձնում Առաջինի մեկնաբան դառնալու հավանականությունը:

Դավիթ Գրիգորյանը եւ Էսթեր Մեսրոպյանը


Էսթեր. Չեմ կարող նկարագրել: Մի պահ անգամ չէի գիտակցում, թե ինչ է կատարվում: Այն, ինչ նախկինում արել եւ սովորել էի, ուղղակի մոռացա: Միանգամից մի քանի գունավոր եւ ոչ այդքան գունեղ մտքեր էին պտտվում գլխումս: Հաճելի էր. վաղուց նման զգացողություն չէի ունեցել: Նման կարեւոր եւ պատասխանատու աշխատանքի մասին մտովի գուցե, այո, մտածել եմ, բայց չեմ պատկերացրել, որ այդ փուլը կյանքիս այս շրջանում կլինի, այն էլ՝ Առաջին ալիքով:

Բացի պատասխանատու եւ լուրջ լինելուց, այս աշխատանքը նաեւ…

Դավիթ. Ֆանտաստիկ է: Մանկական խինդ եմ ապրում, երբ հայտնվում եմ տաղավարում՝ լույսերի ու տեսախցիկների «ուշադիր հայացքի» տակ: Տաղավարում ես ես եմ:

Էսթեր. Ռիթմ է եւ սեր:

Առաջին եթերի մասին

Դավիթ. Հուզմունք, գուցե, մի քիչ կար, որովհետեւ Հանրայինի լուրերին հետեւում են տասնյակ հազարավոր մարդիկ, ու երբ ժամացույցի մեծ սլաքը անշտապ մոտենում է 12-ին, ամեն թխկոցի հետ սիրտդ մի քիչ արագանում է: Այդ պահին խոսքիս հետեւելու են հայրենակիցներս, ու իմ գերակա խնդիրն է լինելու օբյեկտիվ տեղեկատվություն հասցնել նրանց:

Էսթեր. Ամեն ինչ լավ էր մինչեւ այն պահը, երբ ինձ հարցնում էին՝ հուզվում եմ: Դրանից հետո սկսվում էր հուզմունքը: Գիտեի, որ եթերում սովորածս տեղում մոռանալու եմ: Դրական էմոցիաներով եւ բարձր տրամադրությամբ նախ ինքս ինձ էի ուզում ապացուցել, որ Առաջին ալիքի թիմը ճիշտ ընտրություն է կատարել՝ ինձ ընտրելով:

Էսթեր Մեսրոպյանը


Աշխատանքային եռուզեռի մասին

Դավիթ. Հուսամ, որ կկարողանամ արդարացնել հեռուստադիտողի սպասումներն այնքանով, որ նրանք խոսքիս հավաստիության ու տրամադրած տեղեկատվության ճշմարտացիության շնորհիվ կդադարեն ընկալել ինձ որպես դերասան ու կընդունեն որպես լրագրող: Ի վերջո, ես լրագրող եմ:

Էսթեր. Լուրերի բաժինն առանձնահատուկ մեխանիզմով է աշխատում: Միայն տեղեկացված լինելը բավարար չէ: Ժամացույցի պես է ամեն ինչ: Մեկ վայրկյան հետ մնալով` կորցնում ես ռիթմի զգացողությունը: Մեր`արդեն փորձառու հաղորդավարների հետ նյութեր ենք գրում, երբեմն նաեւ որպես լրագրող մասնակցում եմ նկարահանումների: Խոսքի վարպետության դասերից հետո մնացած ժամանակս տրամադրում եմ տաղավարային աշխատանքներին: Ադապտացիոն փուլը, կարծում եմ, անցել եմ: Մեկ ամսվա ընթացքում ես ինձ տանն եմ զգում:

Տեքստը`Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները`Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport