×


Դինա Ավետիսյանն` իր ամուսնության, երեխայի եւ ամերիկյան ապրելակերպի մասին

Հայկական հեռուստաեթերում “Թեժ անկյուն” թոք-շոուն երկար տարիներ վարելուց հետո Դինա Ավետիսյանն այժմ բացակայում է եթերից ու Հայաստանից: Հաղորդավարուհին ամուսնացել եւ իր նորաստեղծ ընտանիքի հետ բնակվում է Լոս Անջելեսում: 29-ամյա Դինան վերջերս ամուսնու եւ երեխայի հետ երկու ամսով վերադարձել էր Երեւան` իր մայրիկին ու հարազատներին տեսնելու ու կարոտն առնելու համար: BRAVO.am-ի հետ զրույցում հոգեբան-հաղորդավարուհին պատմել է  ամուսնության, մայրանալու ու ամերիկյան ապրելակերպի մասին:

Դինա Ավետիսյանը դստեր` Մարտայի հետ


Ամուսնացել եմ Միացյալ Նահանգներում: Մինչ այդ ես ու ընտրյալս մոտ 5 տարի հանդիպել ենք: Քանի որ նա էլ, մայրս էլ նկարիչ են, ընդհանուր ընկերներից մեկի արվեստանոցում ենք ծանոթացել, բայց մայրս իմ միջոցով է նրան ճանաչել. մինչ այդ ծանոթ չեն եղել:

Մեր առաջին հանդիպումից էլ հասկացա, որ սկզբունքորեն շատ է տարբերվում այլ տղամարդկանցից. իր որոշումների, ուժերի վրա վստահ է եւ գիտի կնոջը գնահատելու ու սիրելու բոլոր գաղտնիքները, ինչով էլ ինձ գերեց:):

Ամուսնուս անունը Մարտիրոս է, կարճ տարբերակով Մարտին ենք ասում, մեր աղջկան էլ իր պատվին անվանակոչել ենք Մարտա: Ասում են` ավելի շատ իր հայրիկին է նման, ես էլ վստահորեն կարող եմ ավելացնել, որ բնավորությամբ էլ նրան է նման` հատկապես ակտիվությամբ, աշխուժությամբ ու բծախնդրությամբ:

Դինա Ավետիսյանի դուստրը` Մարտան


Աղջիկս ծնվել է 2012-ի հուլիսի 12-ին: Քանի որ ինքնուրույն պետք է խնամեի, չկարողանալու մտավախություն ունեի, բայց մայրական բնազդով ամեն ինչ սկսում ես ճիշտ ընկալել, ճիշտ կերակրել ու խնամել: Մինչեւ ծննդաբերությունս զբաղվում էի նրա սենյակի ձեւավորմամբ, մի քիչ բծախնդրությամբ էի ընտրում իրերը եւ չգտնելուց հետո իմ ձեռքերով պատրաստեցի մարգարիտներով զամբյուղ, որի մեջ երեխան մինչեւ 4 ամսական քնել է:

Որոշել ենք Մարտային անպայման մկրտել Հայաստանում, բայց դեռ փոքրիկ է, ուզում  եմ` գիտակցի ու հիշի իր կնունքի օրն ու խորհուրդը:

Բեմի, հեռուստատեսության մարդը միշտ էլ կարոտում է իր աշխատանքը, բայց բազմազբաղ առօրյաս թույլ չի տալիս, որ շատ կարոտեմ. կյանքիս այս փուլում ընտանիքս ավելի դոմինանտ է:

Դինա Ավետիսյանի դուստրը` Մարտան


Այստեղ` Միացյալ Նահանգներում, չեմ աշխատում, ամբողջությամբ զբաղված եմ փոքրիկիս խնամքով.  նրա հետ ամեն օրս վայելում եմ: Դեռ չեմ մտածում տեղի հայկական հեռուստատեսությունում աշխատելու մասին, գուցե հետագայում հետաքրքիր նախագծերի մասնակցեմ, բայց ոչ հիմա: Տեղում դոփել չեմ սիրում ու չեմ ուզում նախկինում արածս աշխատանքը կրկնել կամ անել մի բան, որը ոչնչով չի տարբերվելու մյուս ծրագրերից: Ուղղակի եթեր վերադառնալու ծարավ չունեմ:

Ամերիկայում հայաստանյան անցուդարձից ավելի լավ եմ տեղեկացված. այստեղ լրատվական դաշտը շատ ակտիվ է աշխատում` ի տարբերություն ժամանցային հաղորդումների, որոնք ցածր մակարդակի վրա են:

Դինա Ավետիսյանը դստեր` Մարտայի հետ


Ամերիկահայ երգիչների, հայտնիների հետ շփում չունեմ: Անգամ Երեւանում բացի հաղորդավարուհի Գոհար Գասպարյանից ու պարուհի Վարդուհի Ալեքսանյանից, մտերիմ ընկերներ չեմ ունեցել:

Հիմա իմ ամենակարեւոր հետաքրքրությունը նորաստեղծ ընտանիքս է: Կյանքում ամեն ինչ իր ժամանակն ունի. եթե ես ամուսնանայի տասնութ տարեկանում, երեւի շատ դժվար կլիներ ընտանիքս թողնել ու միայնակ մեկնել, բայց այս տարիքում ավելի պատրաստ էի ամուսնության ու մայրության, մանավանդ, որ սիրելի մարդու հետ պատրաստ էի համատեղ ապրել ցանկացած վայրում:

Դինա Ավետիսյանը դստեր` Մարտայի հետ


Ամուսինս չի սիրում, որ իր մասին պատմում եմ, այդ պատճառով նրա լուսանկարները չեմ հրապարակի: Նա Միացյալ Նահանգների քաղաքացի է, բայց առանց ընտանիքի է ապրում: Բնակվում ենք Գլենդեյլում, որտեղ դպրոցական եւ ուսանողական ընկերուհիներ ունեմ: Իմ բախտը շատ է բերել, որովհետեւ լավագույն ընկերուհիներիս հետ հաճախ հանդիպելու առիթներ ունեմ:

Դինա Ավետիսյանը


Միակ դժվարությունը մայրիկիս հանդեպ կարոտն է, բայց ժամանակավոր է. ուզում ենք այս հարցը լուծել, քանի որ չեմ կարողանում ծնողից երկար ժամանակով հեռու ապրել: Ժամանակը ցույց կտա` մենք կվերադառնանք, թե մայրս մեզ կմիանա:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Վիգեն Մնոյանի,  Dvartstudio.com-ի եւ Դինայի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW