×


Սիմոն Աբգարյան. «Եթե վշտիս աղբյուրը մոռանամ, ո՞նց բուժվեմ»

«Էլեկտրան թշվառների աշխարհից» ներկայացման համար Ֆրանսիայի բարձրագույն թատերական մրցանակի՝ 3 «Մոլիեր»-ի արժանացած Սիմոն Աբգարյանն առաջին անգամ ներկայացում է բեմադրել Հայաստանում:

«Պենելոպե, օ՜, Պենելոպե»-ի պրեմիերան տեղի է ունեցել նախորդ տարի՝ Մոսկվայի Չեխովյան փառատոնի շրջանակում, սակայն Հայաստանում ցուցադրությունը հետաձգվեց մինչեւ իր դռները կբացեր Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի նոր շենքը:

Սիմոն Աբգարյանի պիեսը յուրահատուկ կերպով է ներկայացնում Իթաքեի արքա Ոդիսեւսի կնոջ՝ Պենելոպեի պատմությունը, որն ամուսնուն նախ սպասել է Տրոյայի պաշարման 10, ապա դրան հաջորդած եւս 10 տարվա դեգերումների ընթացքում:

Սիմոն Աբգարյանը


BRAVO.am-ի հետ զրույցում ֆրանսահայ բեմադրիչը նշել է, որ տարիներ առաջ ծանոթացել են Նարինե Գրիգորյանի հետ ու խոստացել համագործակցել:

«Նարինեն Դինահի կերպարում ավելին է փոխանցում, քան գրված է պիեսում։ Նա տանջված ու կյանք ապրած կին է։ Վերապրել է ազգի ցավն, ու նրան շատ բան բացատրելու կարիք էլ չկար: Մյուս դերասանները եւս հիանալի են հասկանում, թե ինչ է տեղի ունենում այս պատմության մեջ»,- նշել է Աբգարյանը:

Նարինե Գրիգորյանը եւ Վարշամ Գեւորգյանը՝ «Պենելոպե, օ՜, Պենելոպե» ներկայացման երեւանյան պրեմիերային


Նրա համար իր գործի ու հանդիսատեսի հանդիպումը կարեւոր պահ էր:

Սիմոն Աբգարյանից փորձեցի իմանալ, թե Ոդիսեւսն ու վերադարձի թեման ինչ նշանակություն ունեն նրա կյանքում եւ ինքնության մեջ: «Հուսամ՝ մի օր մեր տեղերից էլ չենք շարժվելու ու մնալու ենք մեր երկրում: Փարիզներ ու Ամերիկա չենք հեռանալու: Բայց որ գնացել ես օտար երկիր, ո՞նց ես մարդ ու հայ մնալու, ո՞նց ես փորձելու չդավաճանել այն մարդկանց, ովքեր զոհվել են քեզ համար: Դա է խնդիրը, ինչը շատ հոգնեցուցիչ է»,- նշել է նա:

«Պենելոպե, օ՜, Պենելոպե»-ի հիմքում նաեւ սեփական ընտանիքի պատմությունն է: Աբգարյանի Դինահ-Պենելոպեի պես ոչ 20 տարի, բայց 8 տարի մայրը պատերազմից սպասել է ամուսնուն՝ դերասան-բեմադրիչի հորը: Թեեւ դրա մասին Աբգարյանը շատ չի մանրամասնում, բայց նշում է, որ իր ընտանիքի ցավը բնավ չի գերազանցում շատ հայերի տառապանքը:

Սիմոն Աբգարյանը


«Ստեղծագործող մարդ եմ, իմ կյանքի նյութը վերցրել եմ ու վերածել թատրոնի։ Գործի հիմքում իմ ընտանիքի պատմությունն է, բայց այն ավելի առանձնահատուկ չէ մյուս հայ ընտանիքների տանջանքից: Նրանք ավելի սաստիկ ու անգութ ձեւով են տանջվել: Ինձ համար էլ գաղտնի մի բան կա, որը չեմ կարող բացատրել ու ասել, թե ինչու եմ որոշել գրել այս պատմությունը: Ընդ որում՝ նրա հետ հաշիվներս դեռ չեմ ավարտել. պիտի շարունակեմ։ Եթե իմ տանջանքը չիմանամ, վշտիս աղբյուրը մոռանամ ու դրա մասին չմտածեմ, ո՞նց բուժվեմ: Դա անելու եմ այն ասպարեզում, որին ծանոթ եմ՝ առնվազն 40 տարվա փորձառություն ու 3000 տարվա պատմություն ունեմ»,- անկեղծացել է նա:

Աբգարյանը խոսել է նաեւ Սոս Սարգսյանի մասին: Նրան մեծ դերասան ու մարդ է համարում, որը հաջորդ սերունդներին կարեւոր ավանդ է թողել. «Նա, Խորեն Աբրահամյանն ու մյուս մեծերը ակոս են բացել, ու մենք պետք է շարունակենք մշակել եւ աճեցնել մեր ապագայի ծառերը: Տեղի ունեցած դեպքերից ու պատերազմից հետո պետք է շարունակենք ապրել ու մեր արվեստով զբաղվել»:

Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը
Լուսանկարները՝ Դավիթ Ղահրամանյանի
BRAVO.am

Կարդալ ավելին

Quality Sign BW