×


Երեւանը՝ արվեստի միջազգային կենտրոն. մեկնարկում է «Armenia Art Fair 2019»-ը

Երեւանն առաջիկա մի քանի օրերի ընթացքում կվերածվի արվեստի միջազգային կենտրոնի՝ շնորհիվ «Armenia Art Fair 2019»-ի եւ դրա շրջանակում անցկացվող «Art Week» մշակութային ծրագրի: «Արմենիա Արթ Ֆեյրն» առաջին անգամ կազմակերպվել է 2018 թվականին: Նախաձեռնության համահիմնադիրներն են Նինա Ֆըսթըգճեանը եւ Զառա Ուզունյան-Հելպինը: Արդեն երկրորդ տարին կազմակերպվող միջոցառումն այս անգամ ներկայացնելու է 8 երկրի ավելի քան 35 մասնակից ցուցասրահներ ու արվեստի համադրողների` Կովկասից, Եվրոպայից, Մերձավոր Արեւելքից ու ԱՄՆ-ից: BRAVO.am-ը փորձել է պարզել, թե հետաքրքիր ինչ միջոցառումներ են անցկացվելու «Armenia Art Fair»-ի շրջանակում, որը մեկնարկելու է այսօր եւ բաց է լինելու մինչեւ հունիսի 3-ը: Մայիսի 25-ից մինչեւ հունիսի 2-ն ընթացքի մեջ կլինի նաեւ «Արվեստի շաբաթ» մշակութային ծրագիրը, որն այս տարի առաջին անգամ է անցկացվում եւ կրելու է ամենամյա բնույթ:

Ինչ է «Armenia Art Fair»-ը եւ ինչու այցելել

«Armenia Art Fair»-ը արվեստի տոնավաճառ է, որին մասնակցում են Հայաստանի ու աշխարհի տարբեր երկրների ցուցասրահներ, թանգարաններ, պատկերասրահներ, ակադեմիաներ, արվեստի անկախ համադրողներ, ինչպես նաեւ գնորդներ ու պարզապես հետաքրքրված մարդիկ: Միջոցառումը նպատակ ունի աջակցել երիտասարդ արվեստագետներին, կառուցել արվեստի շուկա եւ Հայաստանում զարգացնել արվեստի կրթությունը: «Armenia Art Fair»-ի հիմնական նպատակներից է նաեւ բարձրացնել արվեստի մասին իրազեկությունը եւ խրախուսել արվեստի ներդրումները Հայաստանում ու տարածաշրջանում, կիսել արվեստի ոլորտում լավագույն փորձը, ինչպես նաեւ նպաստել Հայաստանում մշակութային տուրիզմի զարգացմանը:

«Այրված արխիվներ» ցուցահանդես, Ասիմետրիա ցուցասրահ


«Armenia Art Fair 2019»-ը կանցկացվի Երեւան էքսպո կենտրոնում, որտեղ ներկայացված կլինեն բոլոր մասնակիցների առանձին տաղավարները: Երեւանյան տարբեր մշակութային հաստատություններում կանցկացվեն տարատեսակ միջոցառումներ, ձայնային ներկայացումներ, վորքշոփեր եւ այլն: «Արթ Ֆեյր»-ի շրջանակում կկազմակերպվի նաեւ «Night Owl» (Գիշերային բու) արվեստի զրույցների շարքը, որը կներառի նոր արվեստի եւ նոր շուկաների մասին դասախոսություն՝ Լոնդոնի «Sotheby» արվեստի համալսարանի Արվեստի բիզնես ուսումնասիրությունների տնօրեն Յան Ռոբերտսոնի կողմից: Գերմանացի կոնցեպտուալ արվեստագետ Օլաֆ Նիկոլայն էլ «Գյոթե» կենտրոնի հետ համագործակցությամբ կներկայացնի «Անտառում թռչուն կա» ձայնային պերֆորմանսը:

Միջոցառման հիմնադիրներ Նինա Ֆըսթըգճեանը եւ Զառա Ուզունյան-Հելպինն իրենց խոսքի մեջ նկատում են, որ արվեստի տոնավաճառները մոդեռն երեւույթ են որպես այդպիսին: Դրանք սովորաբար ալտերնատիվ ցուցադրության տարածք են առաջարկում արվեստի ներկայացման ավանդական վայրերին: Art fair-ներ տեղի են ունենում աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում՝ Լոնդոնում, Բեյրութում, Նյու Յորքում, Քյոլնում եւ այլուր. «Վերջին տարիներին ժամանակակից արվեստի տոնավաճառների հսկայական հաջողության շնորհիվ որոշ պատկերասրահներ իրենց բիզնես մոդելը կառուցում են ամբողջովին արվեստի տոնավաճառների հիման վրա, քանի որ մեկ տոնովաճառի ընթացքում նրանք կարող են ավելի մեծ եկամուտ ունենալ, քան ամբողջ տարվա ընթացքում պատկերասրահի ավանդական շարժից»,- ասում է Զառան:

Հետաքրքիր ինչ միջոցառումներ են նախատեսված «Art Week» ծրագրով

Ի տարբերություն նախորդ տարվա, այս տարի «Armenia Art Fair»-ը կառանձնանա նաեւ «Արվեստի շաբաթ» մշակութային ծրագրով, որի շրջանակում տեղի կունենան արվեստին առնչվող մի շարք հետաքրքիր միջոցառումներ: Բացումը նշանավորվեց Լեհաստանի Ասիմետրիա ցուցասրահի «Այրված արխիվներ» ցուցահանդեսով, որը Սերգեյ Փարաջանովի 95-ամյակի առթիվ ներկայացնում է մեծանուն հայ ռեժիսորի լուսանկարները:  

«Այրված արխիվներ» ցուցահանդես, Ասիմետրիա ցուցասրահ


Ինչպես նշեցինք, թե՛ «Armenia Art Fair»-ի, եւ թե՛ «Art Week»-ի օրերին մասնակից արվեստագետներ ու ցուցասրահներ կլինեն նաեւ Հայաստանից: Օրինակ` «Արամե» պատկերասրահը, որ հիմնադրման օրվանից հասցրել է մասնակցել արվեստի միջազգային մի շարք տոնավաճառների, իր առանձին անկյունը կունենա բազմաթիվ պատկերասրահների տաղավարների կողքին: «Art Week»-ի շրջանակում էլ մրցանակակիր ստեղծարար ռեժիսոր եւ վիզուալ արվեստագետ Ռուբեն Մալայանը սեմինար կանցկացնի հայկական գեղագրության վերաբերյալ: Արվեստի շաբաթվա միջոցառումների ծրագրով նախատեսված է նաեւ ակումբային երեկո հյուրերի եւ այցելուների համար: Այդ օրը` հունիսի 1-ին, Աբովյան 3/1 հասցեում գտնվող «II հարկ»-ում ելույթ կունենա Լուսկան` Հայաստանի առաջին կին ռեփերը:

Որպես արվեստի արտադրության նորարարության խթանման մաս՝ Արվեստի շաբաթվա ընթացքում կներկայացվի «Արվեստ եւ տեխնոլոգիա» ծրագիրը, որը կկենտրոնանա արվեստի եւ մշակույթի ոլորտներում նոր տեխնոլոգիաների ազդեցության վրա: Այս ծրագիրը ներառում է «Domestic Data Streamers» ստուդիայի համահիմնադիր Պո Գարսիայի (Իսպանիա) զրույցը, որի ընթացքում նա հունիսի 2-ին կխոսի քաղաքականության եւ պատմության մեջ տվյալների ընկալման մասին: Ճարտարագիտական, արվեստի եւ գիտության խաչմերուկում գործող լեհ վիզուալ արվեստագետ Պրժեմիսլավ Յասելսկին էլ վորքշոփ կվարի, որին կմասնակցեն Թումոյի սաներն ու երիտասարդ այլ արվեստագետներ:

Եթե չլիներ նրանց աջակցությունը

Միջոցառման հիմնադիրներն ընդգծում են, որ Հայաստանում նման ձեւաչափի եւ նման մասշտաբի միջոցառումներ անցկացնելը բավական բարդ ու ռիսկային է, քանի որ շատ քիչ կազմակերպություններ ու անհատներ են պատրաստակամություն հայտնում աջակցել մշակութային ծրագրերին:
Այս նախագծի իրականացումն անհնարին կլիներ առանց հովանավորների եւ գործընկերների աջակցության: Նշենք, որ  «Արմենիա Արթ Ֆեյր»-ի եւ «Արվեստի շաբաթ» մշակութային ծրագրի Գլխավոր հովանավորն է «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն: Հիմնական աջակիցների շարքում են  «Ռոստելեկոմը», ՀՀ Մշակույթի նախարարությունը եւ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը: Գործընկերներն են «Երեւանում Գյոթե կենտրոնը», «Արթպրայսը», «Արթթերիթորին»,Armenia Tree Project-ը, Մայրիգ ռեստորանը, Keush Wines-ը  եւ այլք: Նշենք նաեւ, որ «Արվեստ եւ տեխնոլոգիա» ծրագրի գլխավոր հովանավորն է «Ռոստելեկոմը»:

«Երկաթագիր այբուբեն», Ռուբեն Մալայան


«Armenia Art Fair»-ի եւ «Art Week» մշակութային ծրագրի մյուս մանրամասներին կարող եք ծանոթանալ միջոցառման ֆեյսբուքյան էջում կամ պաշտոնական կայքում:

«Արմենիա Արթ Ֆեյր»-ի պաշտոնական կայք՝ armeniaartfair.com

«Արմենիա Արթ Ֆեյր»-ի ֆեյսբուքյան պաշտոնական էջ՝ 
https://www.facebook.com/armeniaartfair/

«Արմենիա Արթ Ֆեյր»-ի միջոցառում՝
https://www.facebook.com/events/843238002718155/

«Արմենիա Արթ Ֆեյր»-ի «Արվեստի շաբաթ» մշակութային ծրագրի միջոցառում՝  https://www.facebook.com/events/405729960249019/

Տեքստը` Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել են «Armenia Art Fair»-ի հեղինակները
Թոփ լուսանկարը՝ Liquid Votes (Domestic Data Streamers)

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport