×


Երեւանյան դաշնամուրների երկրորդ կյանքը մարզերի դպրոցներում

Մեր ընկերներից, բարեկամներից հաճախ կարող ենք լսել, որ տանը դաշնամուր ունեն, սակայն վաղուց չեն նվագում եւ սիրով կնվիրեին որեւէ մեկին: Հաճախ նման բովանդակությամբ գրառումներ էլ կարող ենք տեսնել սոցիալական ցանցերում, սակայն ոչ բոլորիս մտքով կարող էր անցնել հավաքել բոլոր այդ դաշնամուրները եւ նվիրել մարզերի երաժշտական դպրոցներին, որտեղ դրանց կարիքը շատ է զգացվում: Կարեն Խաչատրյանը, սակայն, հենց այդպես էլ մտածել է, գտել համախոհների, եւ արդեն մեկ ամիս է` իրենց ջանքերով դաշնամուրներ են տեղափոխում մարզեր: BRAVO.am-ը նրա հետ զրուցել է «Դաշնամուր մարզերին» նախաձեռնության մասին եւ հետաքրքրվել, թե քանի նվիրատու է պատրաստակամություն հայտնել միանալ ծրագրին եւ ինչ միջոցներով են տեղափոխում երաժշտական գործիքները:

Կարեն Խաչատրյանն ասաց՝ իրենք դաշնամուրներ են տալիս բացառապես երաժշտական դպրոցներին, այլ ոչ թե անհատներին: Նրա խոսքով՝ կրթօջախներ կան, որտեղ բացման օրվանից չեն փոխվել երաժշտական գործիքները, եւ արդեն 40 տարի է՝ աշխատում են նույն դաշնամուրներով.«Սկզբում հարցումներ ուղարկեցինք մարզպետարաններ, որպեսզի հասկանանք՝ քանի այդպիսի դպրոց ունեն, որտեղ նոր դաշնամուրների կարիք կա: Առաջին արձագանքը եղավ Շիրակի մարզից: Պարզվեց՝ Պեմզաշեն համայնքի երաժշտական դպրոցին նոր, վերանորոգված շենք են հատկացրել, բայց չէին կարողանում տեղափոխվել, քանի որ գործիքները հին էին, կարող էին վնասվել: Դեկտեմբերի 29-ին միանգամից վեց դաշնամուր տարանք այնտեղ՝ հաշվի չառնելով նախատոնական իրավիճակը: Շատ ուրախ ենք, որ նոր կիսամյակը կսկսեն նոր դաշնամուրներով»:

«Դաշնամուր մարզերին» նախաձեռնության հեղինակ Կարեն Խաչատրյանը


Մեր զրուցակիցը նշեց, որ հաջորդ չորս դաշնամուրն էլ Աշոցք են տարել, որտեղ երեխաները նվագում են դեռ 1965 թվականին ձեռք բերված գործիքներով: Նրա խոսքով՝ այժմ արդեն 50 նվիրատու կա, որ պատրաստ է իր դաշնամուրը հատկացնել արվեստի դպրոցներին: Նրանցից տասին արդեն այցելել են, մյուսների դաշնամուրներն էլ շուտով երկրորդ կյանք կստանան.«Շատ հաճելի է, որ բոլորն էլ սրտանց նվիրում են, թեեւ, իհարկե, դժվարությամբ են բաժանվում իրենց դաշնամուրներից: Բայց մարդիկ գիտակցում են իրենց արած գործի կարեւորությունը: Մենք էլ տեղափոխման ծախսերն ենք վերցնում մեզ վրա՝ տրանսպորտ, բանվորներ եւ այլն: Բայց հույս ունենք՝ կգտնվեն նաեւ մարդիկ, ովքեր մեզ այդ հարցում նույնպես կօգնեն՝ թեկուզ տրանսպորտ հատկացնելով»,- նշեց Կարենը:

Նրա հաշվարկներով՝ ընդհանուր առմամբ մոտ 400 դաշնամուրի տեղափոխում է լինելու, որը նախատեսում են ավարտել մեկ տարվա ընթացքում: Ասաց՝ իրենց հաճախ դիմում են նաեւ երաժշտական այլ գործիքների համար, բայց իրենք չեն ցանկանում մասնագիտանալ այդ գործում: Պարզապես բարեգործական նախաձեռնություն է, որն ուզում են արագ ավարտին հասցնել, որպեսզի մարզերում ապրող երեխաները կարողանան նոր գործիքներով աշխատել:


Կարեն Խաչատրյանը խոստովանեց, որ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի՝ մեծ ուշադրություն է դարձնում հատկապես մշակույթի ոլորտին ու անհանգստանում է յուրաքանչյուր խնդրով.«Մանավանդ երբ Մշակույթի նախարարությունն էլ որոշեցին լուծարել ու միացնել այլ նախարարության, ավելի մեծ եղավ ցանկությունը մշակույթի զարգացման ուղղությամբ որեւէ լավ գործ անել: Յուրաքանչյուրս էլ մեր հնարավորության չափով պիտի աջակցենք պետությանը, չպիտի անտարբեր մնանք կամ միայն ղեկավարությունից պահանջենք: Լավ կլինի՝ շատերը զգան այն հոգեկան բավարարվածությունը, որ մենք ենք զգում մեր արած գործից»,- անկեղծացավ նա:

Այնպես որ, եթե դուք նույնպես ունեք դաշնամուր, որը կարող եք նվիրել մարզերի դպրոցներին կամ եթե ցանկանում եք այլ կերպ աջակցել այս բարի նախաձեռնությանը, ապա կարող եք գրել «Դաշնամուր մարզերին» ֆեյսբուքյան էջին կամ զանգահարել 093 17 50 06 հեռախոսահամարով: Այդպիսով դուք նույնպես ձեր ներդրումը կունենաք այն հանրային աշխատանքում, որն օգնում է երեխաների կրթությանը Հայաստանի ողջ տարածքում:

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Կարեն Խաչատրյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW