×


Վարշամ Գեւորգյան. «Սիմոն Աբգարյանի հետ հանդիպումը լավագույն բանն է, որ կարող էր ինձ հետ պատահել»

Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի դերասան Վարշամ Գեւորգյանի համար այս տարին հագեցած է: Նա արդեն հասցրել է «Արտավազդ»-ի արժանանալ ու Մոսկվայի Չեխովյան փառատոնում՝ «Պենելոպե, օ՜, Պենելոպե» ներկայացման պրեմիերային, գլխավոր դերով ներկայանալ: BRAVO.am-ի հետ զրույցում դերասանը պատմել է, թե որքան հաճելի է Սիմոն Աբգարյանի հետ աշխատել, ինչպիսին էր Սոս Սարգսյանն իրական կյանքում, ինչու է քիչ նկարահանվում ֆիլմերում, եւ թե ինչն է ընտանեկան երջանկության հիմքում:

- Վարշամ, Ձեր արտաքինը նկատելիորեն փոխվել է, ինչը պայմանավորված է Սիմոն Աբգարյանի «Պենելոպե» ներկայացմամբ, որում մարմնավորում եք Էլիասին։ Իսկ ներքուստ ի՞նչ փոփոխություններ եք ապրել։

- Էլիասն ինձ շատ նման է ու նույն մտահոգություններն ունի: Նույնատեսակ դրվագներով ենք անցել, այդ պատճառով էլ ի սկզբանե դերը հարազատ թվաց: Այն ստանալու համար ֆիզիկապես ու մտավոր առումով ջանք ու եռանդ չխնայեցի։ Արտաքին փոփոխությունը ոչ միայն մորուքով է պայմանավորված, այլ նաեւ քաշ գցելու ու ֆիզիկապես ուժեղանալու: Սկսեցի մարզվել, որպեսզի համապատասխանեմ կերպարիս. ավելի նիհար լինեմ ու մկանային զանգված ձեռք բերեմ:

- Մեր զրույցներից մեկի ժամանակ Նարինե Գրիգորյանն ասել է՝ այն դերասաններից եք, որոնք անհրաժեշտության դեպքում դերի համար մեկ օրում էլ կարող են նիհարել։

- Այս դեպքում պարզապես նիհարելը քիչ էր, որովհետեւ Էլիասը հերոս է, ով պատերազմից է վերադարձել: 20 տարի դեգերել է ու պետք է համապատասխանի կերպարներից մեկի տված բնութագրին՝ «անկյանք կմախք»։ Բայց որքան էլ կմախքի նման լիներ, պետք է մկանային զանգվածն ավելանար, որպեսզի շեշտվի թեկուզ երբեմնի, բայց իսկական հերոսի ուժը:


- Ի՞նչն է Ձեր կերպարի որոնումների պատճառը ու ինչո՞ւմ է Ձեր նշած ընդհանրությունը նրա հետ։

- Քանի որ ներկայացման պրեմիերան Հայաստանում դեռ չի եղել, չեմ ուզում ողջ ասելիքը բացահայտել: Բայց նրա արարքների հիմքում պատերազմից հետո ունեցած փնտրտուքներն են ու մեղքի զգացումը: Ո՞րն է ճշմարտությունը, պայքարե՞լ, թե՞ չպայքարել. նրա մտորումներն ու անհանգստությունները բազմագույն են: Հիանալի է նաեւ սիրո պատմությունը: Ներկայացումը բազմաժանր ու բազմաբովանդակ է: Հետաքրքիր աշխատանք է, ու մեր հանդիսատեսին բավական տարբեր հույզեր են սպասվում:

- Ինչպիսի՞ն էր Ձեր աշխատանքը Սիմոն Աբգարյանի հետ: Լինելով ֆրանսահայ՝ ի՞նչ ազդեցություններ է նա բերել այնտեղի թատրոնից:

- Ռեժիսոր Սիմոն Աբգարյանի հետ հանդիպումը լավագույն բանն է, որ կարող էր դերասան Վարշամի հետ պատահել: Դժվարանում եմ ասել, թե նա ավելի շատ հայաստանցի հայ է, ֆրանսահայ, թե լիբանանահայ: Մինչ օրս հավատարիմ է մնացել իր բոլոր տեսակներին՝ լինելով ամենաբարձրաշխարհիկ միջավայրում ամենակիրթ ու ամենատեղեկացված մարդը, միեւնույն ժամանակ՝ ամենապարզ ու հողին կպած, հասարակ, բարի անձնավորություն ընկերական միջավայրում: Նա իր կյանքի ապրած որեւէ դրվագ կամ ժամանակաշրջան չի մոռացել ու բոլորն էլ կրում է իր մեջ: Սիմոնի հետ ամենօրյա շփումների ընթացում հասկացա, որ այդ ամենն արտացոլվում է իր արվեստում: Չնայած պահանջկոտությանը, նաեւ շատ հասկացող է։ Ընդունում էր, որ դերասաններն ուրիշ զբաղվածություն էլ կարող են ունենալ, չնայած ինքն իր բոլոր գործերը թողել ու ներկայացման համար Ֆրանսիայից եկել է Հայաստան:

- Իսկ որո՞նք էին Աբգարյանի պահանջները, եւ արդյոք աշխատելաոճի առումով կա՞ տարբերություն իր ու տեղացի ռեժիսորների միջեւ։

- Այնքանով, որ յուրաքանչյուր ռեժիսոր տարբեր է։ Ռեժիսորի գործիքն իր գիտելիքներն են, բայց մարդկային որակներն էլ շատ կարեւոր են։ Սիմոն Աբգարյանի պահանջները շատ պրոֆեսիոնալ էին, խելքից դուրս որեւէ քմահաճույք չի ունեցել։ Տեքստերը երկար են ու դերասանի համար դժվար, հաճախ խոսում ենք շեքսպիրյան լեզվաոճով: Փորձերի ժամանակ պահ եղավ, որ լարվեցի եւ մոռացա ասելիքս: Անմիջապես մոտեցավ ինձ ու ականջիս ասաց. «Կարեւոր չէ, մի բան ասա, անցի առաջ»: Վստահ եմ՝ իմ նեղվելու պատճառով այդպես վարվեց: Իր մարդկային տեսակով չուզեց, որ մի վայրկյան անգամ ինձ վատ զգամ: Շատ-շատ հետաքրքիր ու լավ ռեժիսոր է, բայց հաճախ հենց հրաշալի մարդ տեսակն եմ շեշտում։ Պատճառն այն է, որ աշխատանքից ու պրոֆեսիոնալիզմից առավել հենց մարդկային որակներն են ինձ ցնցել ու զարմացրել:

- Վարշամ, ընդհանուր առմամբ նախորդ ու այս տարին Ձեզ համար մասնագիտական առումով շատ բեղմնավոր են: Խաղացիք « ... Իսկ դրսում ձյուն է գալիս» ներկայացման մեջ ու «Արտավազդ»-ի արժանացաք: Ձեզ համար կարեւո՞ր է մրցանակը:

- Կարեւոր է: Լավ է, երբ ստացողն այն կարեւորում է: Մինչեւ քարին չես հավատում, այն խաչքար չի դառնում: Ինքս մրցանակները կարեւորում եմ, սակայն երբեք նպատակ եւ գերխնդիր չեն եղել: Արդեն 20 տարի է՝ խաղում եմ իմ հարազատ Համազգային թատրոնում, երբեք դերերի պակաս չեմ ունեցել ու մարմնավորել եմ նաեւ գլխավոր հերոսների։ Գուցե մրցանակը հանդիսատեսին իմ աշխատանքն ավելի նկատելի դարձրեց։ Կարեւորելով հանդիսատեսին՝ գնահատում եմ նաեւ պրոֆեսիոնալների կարծիքը, ովքեր ինձ են արժանի համարել ստանալ այդ մրցանակը, ինչի համար շնորհակալ եմ: Դա էլ հաջողություն է:


- Իսկ Չիկոյի կերպարն էլ ինչո՞վ առանձնացավ Ձեզ համար։

- Նորից նվիրված աշխատանք եմ կատարել, շատ չարչարվել ֆիզիկապես եւ հոգեպես, մեծ ջանքեր եմ ներդրել, նույնիսկ՝ պահանջվածից ավելին։ Մտածել եմ բոլոր կերպարների մասին ու ներկայացման վերաբերյալ առաջարկներ արել ռեժիսոր Դավիթ Հակոբյանին։ Այս կերպարը դերասանին դրսեւորվելու ու իր մեջ եղածը բացահայտելու շատ մեծ հնարավորություն է տալիս։

- Առանձնացող դերեր էլի՞ եք ունեցել:

- Սիրում եմ «44 աստիճանի վրա» ներկայացման մեջ Մգրոյի դերը, որի դեպքում էլ զուգահեռներ եմ անցկացնում իմ ասելիքի հետ: «Գենեզիս»-ում հենց ինձ ու իմ մանկությունն եմ խաղում, եւ սիրելի է հենց դրանով։ Որպես արվեստագետ՝ ցանկանում եմ, որ բեմում հնչեցրած բառերը համապատասխանեն իմ մտքերին: Նման դեպքերում համահեղինակ, ստեղծագործող եմ դառնում, ու հենց դրանով էլ դերերը սիրելի են դառնում:

- Ձեր նշած երկու դերն էլ առնչվում են մեր ժողովրդի անցած ճանապարհին ու պատմությանը։ Ձեր կարծիքով՝ թատրոնը որքանո՞վ պետք է համընթաց քայլի իրականության հետ:

- Անմիջականորեն է առնչվում ու պետք է առնչվի։ Բան այն է, որ թատրոնում պատասխաններ չեն փնտրում. այստեղ միայն հարցեր են բարձրացվում: Կարծիք հայտնելիս շատ զգույշ եմ ու պատասխանատու եմ զգում, քանի որ կարող եմ եւ սխալվել։ Բայց այնպիսի մարդիկ կան, որ շատ հանգիստ՝ կոկորդները պատռելով, մի բան էին քարոզում ու ոգեւորում, հիմա էլ նույն ուժգնությամբ հակառակն են անում: Թատրոնը մարդկանց հուշում է՝ ինչպես կամ ինչի շուրջ մտածել։ Այդպես նոր մտքեր են ծնվում, որոնք ավելի գործուն եւ կարեւոր քայլերի կարող են բերել: 

- Երբեմն այնպիսի ներկայացումներ են լինում, որոնք ընդհանրապես կապ չունեն մեզ հետ: Հասկանում եմ, որ մարդկանց նաեւ զվարճացնել է պետք, բայց ո՞րն է սահմանը:

- Ինչ ասես կարելի է անել, բայց համերգը կամ շոու ծրագիրը պետք չէ ներկայացում անվանել: Յուրաքանչյուր բան էլ իրավունք ունի ապրելու, պարզապես այդ ամենը պետք է ճիշտ կոչել ու չխառնել իրական արվեստով զբաղվողների գործերի հետ:

- Կարեւոր հարցերի շուրջ մարդիկ ուզում են իմանալ արվեստագետների ու մտավորականների կարծիքը։ Հնչեղ պետք է լինի նրանց ձայնը, ինչպես ժամանակին Սոս Սարգսյանինն ու նրա սերնդակից շատ մտավորականներինն էր։

- Իհարկե, պետք է իրենց ձայնը բարձրացնեն, եթե վստահ են ճշմարտացիության վրա: Ինքս հաճախ եմ կասկածում իմ մտքերին, չնայած՝ ժամանակն ապացուցեց դրանց ճիշտ լինելը։ Բայց հաճախ չեմ խոսում, որովհետեւ երբ տարիներ առաջ կարծիքս ընկերներիս հայտնեցի, չհավատացին, աբսուրդ մտքեր համարեցին, եւ ես մտածեցի՝ եթե հարազատ ընկերներս չընդունեցին, ի՞նչ կլինի հասարակության դեպքում, իսկ այսօր արդեն ապրում ենք այս աբսուրդ իրականությունում: Ինձ հրապարակախոս չեմ համարում, որ ամեն ինչի մասին կարծիք հայտնեմ: Բացի այդ, ինձնից քաղաքական թեմաներով կարծիք չեն էլ հարցնում: Կյանքում էլ խոսում եմ միայն այն ժամանակ, երբ հարցնում են: Իսկ Սոս Սարգսյանը մեծ մտավորական էր, նա անկախության ձեռքբերման կիզակետում էր եւ իր մեծ ներդրումն է ունեցել։ Դրա համար էլ մինչեւ օրս մեր թատրոնը թիրախավորվում է, չնայած՝ դրա դեմ շատ պայքարեցինք, եւ գուցե հասկանալի դարձավ, որ թատրոնն էլ Սոս Սարգսյանի պես ուժեղ է ու պինդ կանգնած։ Հետաքրքիրն այն է, որ եթե պայքարում ես ու կարողանում տեր կանգնել քո արած գործին, հարձակվողները նահանջում են:

- Սոս Սարգսյանին համարում եք բոլոր ժամանակների ամենալավ դերասանը, ինչո՞ւմ է Ձեզ համար նրա մեծությունը:

- Իր հրապարակախոսություններում։ Դե, որպես դերասան նրան բոլորը գիտեն, որպես ռեժիսոր՝ քչերը, ես էլ նրանցից մեկն եմ։ Աշխատել եմ իր երկու ներկայացումներում՝ «Ծննդյան տոները սենյոր Կուպելլոյի տանը» եւ «Խեղճ Պետրոսը»: Նրան մտահոգողն էլի հայն էր ու հայի տեսակները։ Չնայած՝ իտալական պիես է, ձեւափոխել էր հայկական իրականությանը համապատասխան: Թեեւ իր ուսանողը չեմ, բայց այդ տարիներին նա էր ռեկտորը, Համազգայինում էլ ուսանող տարիքից Սարգսյանի ցանկությամբ եմ հայտնվել։ Ընդունելության քննության ժամանակ՝ հենց մեր առաջին հանդիպումից, իր վերաբերմունքն իմ հանդեպ չթաքցրեց, իմ մեջ ինչ-որ բան նկատեց։ Լուրերի թողարկման համար ռեպորտաժ էին պատրաստել, որում եւս նշել էր, որ մի շատ լավ տղա կա։ Շատ երջանիկ եմ, որ հանդիպել եմ նրան։ Սարգսյանի հետ աշխատելու շնորհիվ նրանից որպես մարդ, քաղաքացի ու ռեժիսոր շատ բան սովորեցի:


- Ֆիլմերի շնորհիվ Սարգսյանի տաղանդով հիանալու հնարավորություն ունենք, իսկ ինչպիսի՞ն էր նա իրական կյանքում։

- Շատ ավելի լավն էր եւ նորովի բացահայտվեց ինձ համար։ Ամեն դեպքում թատրոնն ու կինոն պատրանք են եւ կարող են չհամապատասխանել իրականությանը, բայց կյանքում Սոս Սարգսյանը Ձորի Միրոյից ավելի հայրենասեր մարդ էր։ Հատկապես անմոռանալի էին նրա հետ հյուրախաղերը Լոռիում: Նրան ճանաչեցինք որպես ճանապարհի ընկեր, տեսանք շփումները գյուղացիների ու անցորդների հետ, զգացինք իր վերաբերմունքը մեր ու իր հայրենի Լոռվա հանդեպ։ Չնայած միասին երկար տարիներ աշխատել էինք, բայց այդ հյուրախաղերի ժամանակ նորովի բացահայտվեց մեզ համար։

- Համազգայինի բոլոր դերասաններից հարցնում եմ, Դուք էլ բացառություն չեք լինի, թե ինչո՞ւմ է ձեր թատրոնի հաջողության գրավականը։

- Առաջին հերթին հենց Սարգսյանով է պայմանավորված, իր տված խորհուրդներով ու դասերով եւ իրեն մեր նվիրումով։ Մեզ պատգամ տվողը հենց նա էր, դրա համար էլ թատրոնի հանդեպ հավատն ու մեր գործի նկատմամբ նվիրվածությունը շատ մեծ են։ Համազգայինն այդ ամենը մեզ վերադարձնում է։

- Իսկ ի՞նչից է սկսվել Ձեր սերը թատրոնի հանդեպ ու ո՞նց եք հայտնվել այս ասպարեզում։

- Իմ ներքին որոնումների շնորհիվ: Մասնագիտություն ընտրելիս ինձ հարցնում էի, թե ինչ եմ սիրում եւ ինչն ավելի լավ կանեմ, եւ ինքս ինձ հետ ազնիվ եղա։ Մի պահ որոշել էի տնտեսագիտությունն ընտրել, որովհետեւ ավելի շահավետ մասնագիտություն է։ Բայց պատկերացրի, որ բանկում աշխատելու դեպքում էլ բեմի հետ առնչություն չեմ ունենա, ու ամեն ինչ կվերջանա։ Դրա համար ուզում էի՝ այնպիսի աշխատանք լինի, որ դպրոցական բոլոր հաճույքները նորից վերադառնան իմ կյանք։ Այն տարիներին թատերական խմբակ ու պարի եմ հաճախել, ՈՒՀԱ-ի խաղերին մասնակցել: Միշտ բեմի հետ կապ եմ ունեցել ու ակտիվ մասնակցել դպրոցական միջոցառումներին, վերջին զանգերի սցենարները գրել։ Հասկացա, որ թատրոն կա, որտեղ կարող եմ զբաղվել իմ սիրելի աշխատանքով։

- Չե՞ք ափսոսում, որ կինոյում խաղալու հնարավորություն շատ չեք ունեցել:

- Ափսոսում եմ, որ շատ կինո չկա, դրա համար էլ քիչ եմ խաղացել։ Բայց անգամ քիչ կինոյի դեպքում համարում եմ, որ պետք է ընտրես՝ որտեղ խաղալ: Թատրոնի պես, կինոյում էլ պետք է աշխատանքդ սիրով անես. եթե վստահ չես, որ լավ գործ է ու արվեստի հետ կապ ունի, նախընտրելի է տարիներով չանել, քան անել ու տարիներով փոշմանել, քանի որ կինոն մնայուն արվեստ է:

- Դուք տարիներ առաջ նկարահանեցիք «Երկրորդ կյանք» սերիալը, որքանո՞վ է բարդ նման նախագծերը կյանքի կոչել ու դա որակով անել։

- Արեցի այն պատճառով, որ չէր գոհացնում եղած աշխատանքների որակը։ Երբ հրավիրեցին խաղալ սերիալում, առաջարկեցի ինքս նկարահանել, եւ հուրախություն ինձ՝ «Արմենիա» հեռուստաընկերությունն ընդառաջեց: Հասկանում էի, որ բյուջեից շատ բան է կախված, բայց փորձեցի որակը փոխել, ինչը գումարի հետ կապ չուներ: Ընտրեցի անփորձ, բայց լավ սցենարիստ, լավ դերասաններին ոգեւորեցի ու խնդրեցի մասնակցել, նկարահանման ճիշտ ու էսթետիկ վայրեր ընտրեցի, եւ գերնպատակը ճաշակն ու բովանդակությունը դարձավ: Դրա համար էլ նույնիսկ փոքր բյուջեով որակյալ սերիալ ստացվեց: Ուրախ եմ, որ մի խումբ լավ արվեստագետների ջանքերի շնորհիվ կարողացանք լավ սերիալ ունենալ:

- Ձեր համագործակցությունը Արեւիկ Գեւորգյանի հետ շատ գեղեցիկ է ստացվում: Նախ սերիալում նկարահանվեցիք, ապա նրա պոետիկ շարքում:

- Շատ հաճելի է միասին աշխատել։ Արեւիկը յուրօրինակ ու հետաքրքիր արվեստագետ է, շատ խստապահանջ է իր գործի նկատմամբ։ Չեմ սխալվի, եթե ասեմ՝ ամենաէսթետիկ, ամենագեղեցիկ ու ճաշակով ինստագրամյան էջն ունի: Նման տիրույթում, որտեղ փայլը, գույնն ու լոլոզ բաներն են առաջնային, նա կարողանում է հաջողություն ունենալ իր մեղմ գույներով ու ճաշակով։ Արեւիկի արվեստային գործունեությունը, ճաշակն ու մտածելակերպը բարձր եմ գնահատում:


- Ինչո՞ւ են պոեզիան, թատրոնն ու արվեստը պետք մարդուն, ի՞նչ են տալիս ու ինչպիսի՞ բացեր լրացնում։

- Վերջերս Սիմոնի հետ էինք այդ մասին խոսում, որ արվեստագետի համար դա իր հոգեւոր կենտրոնն է։ Ամեն մեկն իր հոգեւոր բուժումը որեւէ տեղ է գտնում՝ եկեղեցում, հոգեբանի մոտ կամ յոգայում, չնսեմացնելով դրանից որեւէ մեկը՝ ինձ համար կարեւորը թատրոնն է: Այստեղ մարդը հոգեւոր հավասարակշռություն է գտնում, կարողանում իր փոսերը լցնել կամ դրանք փորել եւ հավասարեցնել։ Սոս Սարգսյանը հաճախ էր ասում. «Երբ մարդն ուզեց ճանաչել ինքն իրեն, ստեղծեց թատրոնը»։ Թատրոնում մարդը ճանաչում է իր հոգեւոր ներաշխարհը, դահլիճում մթությունը նրա համար է, որ մարդն ինքն իրեն ու կողքինին չնկատի, մենակ մնա ու լուսավորված բեմում տեսնի ինքն իրեն։ Թատրոնը բուժում է դրսից ու ներսից, այսինքն՝ թե՛ դերասանին, թե՛ հանդիսատեսին:

- Մյուս տարի կլրանա Ձեր եւ Շաղիկի ամուսնության 20 տարին: Ձեր կինն Իրանից է: Ինչպե՞ս եք ծանոթացել ու երկու մշակույթների միավորումն ինչպե՞ս է արտահայտվում ձեր ընտանիքում։

- Հանդիպել ենք թատերականի շենքում, որտեղ վարձակալությամբ այլ ինստիտուտ էլ էր գործում, իսկ Շաղիկն այնտեղ իտալերեն էր սովորում։ Նա փաստորեն հայերենից ու պարսկերենից բացի, իտալերեն, անգլերեն ու արդեն նաեւ ռուսերեն գիտի։ Մշակութային տարբերությունները միայն դրական են ազդել, քանի որ ազգային պատկանելության խնդիր չունենք, երկուսս էլ հայ ենք, իսկ հայի տարբեր տեսակներն իրար միայն հարստացնում են։ Ես մասնագիտության բերումով հայի շատ տեսակների եմ ծանոթ, իսկ իրանահայերն իսկապես լավն են։ Շաղիկը միայն հարստացրել է իմ կյանքը եւ երեխաներիս տեսակը։ Ընտանիքի ճիշտ մոդելի ստեղծման հարցում նա մեծ դեր ունի իր կազմակերպվածությամբ ու նախաձեռնողականությամբ։ Իսկապես շատ եմ սիրում իմ ընտանիքը:

- Ի՞նչ հետաքրքրություններ ունեն Ձեր երեխաները։ Մարիամն արդեն հասցրել է նույնիսկ Ձեզ հետ խաղալ «Խատուտիկի գինի» եւ «Քո կյանքի ժամերը» ներկայացումներում։

- Հետաքրքիր երեխաներ են։ Աղջիկս դեռ պնդում է, որ դերասանուհի է դառնալու, չնայած սովորում է երաժշտական դպրոցում։ Մի քանի տարի ջութակ սովորեց, ապա փոխեց կիթառի, իսկ հիմնական գործիքը դաշնամուրն է, նաեւ վոկալ է սիրում։ Շատ տիպիկ դեռահաս է՝ իր տարիքի աղջկական հետաքրքրություններով։ Ուրախալի է, որ արվեստ ամեն դեպքում սիրում է, եթե նույնիսկ դերասանուհի էլ չդառնա, լավ հանդիսատես կլինի։ Իսկ տղաս՝ Նարեկը, կարծես մասնագիտությունն արդեն ընտրել է. ուզում է միջազգային հարաբերություններ սովորել, իսկ հոբբին արշավներն ու ճամփորդություններն են։


- Միանո՞ւմ եք նրան արշավների ընթացքում:

- Հաճախ եմ գնում, քանի որ անվտանգության առումով անհանգիստ եմ լինում։ Արդեն հասցրել ենք միասին քարանձավի մեջ գիշերել, բարձր սարեր հաղթահարել: Ես էլ եմ նման հանգստի սիրահար. դպրոցական տարիքում ճամբարներում շատ եմ եղել, ու արշավներն ինձ խորթ չեն։

- Ընտանիքով ի՞նչ սովորություններ եւ հանգստի նախընտրելի տարբերակներ ունեք։

- Մեր ամառային հանգիստները կինս է պարտադիր կազմակերպում ու հաճախ է դժգոհում, որ ես ճամփորդությունների սիրահար չեմ։ Կարծում եմ՝ մեկ անգամը բավական է, թեեւ Շաղիկն ավելի շատ կուզեր: Նա ու երեխաները նոր երկիր այցելել, զբոսնել ու նոր հույզեր ստանալ սիրում են։ Աշխատանքի բերումով չեմ կարողանում նախապես պլանավորել կամ հետո որեւէ բանով պայմանավորված ստիպված եմ լինում ճամփորդությունը զիջել, դրա համար խնդրել եմ տարվա մեջ միայն օգոստոսին կազմակերպել, որ թատրոնում հաստատ արձակուրդ լինի:

- Ի՞նչն է ընտանեկան երջանկության հիմքում։

- Տարիների ընթացքում առաջնահերթությունները փոխվում են, բայց բաներ կան, որ պիտի փոխադարձ լինեն՝ սերը, հարգանքը, վստահությունը, ինչից էլ բխում է ազատության հնարավորություն տալը, ինչպես նաեւ հարաբերությունները ծնողների ու երեխաների հետ։ Հիմնականում այս տեսակ շատ պարզ բաների մեջ է երջանկությունը։

- Ո՞ւմ հետ կուզեիք ճանապարհ գնալ:

- Ընկերներիցս մեկի հետ։

- Իսկ խմելու։

- Ում հետ ուզում եմ, գնում եմ։

- Ո՞ւմ գաղտնիքներ կվստահեիք:

- Հիմնականում գաղտնիքներ չունեմ, բայց եթե գաղտնիք է, ոչ մեկին էլ չեմ վստահի։

- Ո՞ւմ հետ կուզեիք ներկայացում խաղալ:

- Սիմոնի, քանի որ նոր մարդ է իմ ստեղծագործական կյանքում։

- Ո՞ւմ պես կուզեիք ապրել։

- Ինձ պես։

- Ո՞ւմ պես մեծանալ:

- Իմ պապի։

- Ի՞նչ կասեիք Ձեզ 80 տարեկանում:

- Բրավո, որ մինչեւ այս տարիքն ապրել ես։

- Իսկ 20-ո՞ւմ։

- Ոչինչ էլ չէի ասի, որովհետեւ միեւնույն է՝ չէի լսի։

Զրույցը՝ Հասմիկ Բաբայանի
Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW