28-ամյա Հայկ Հոբոսյանը խենթանում է պարի համար, պարն իր կյանքի ամենակարեւոր մասն է, իր նպատակասլացության արդյունքում դարձել է “Պարիր, թե կարող ես” նախագծի առաջին եթերաշրջանի հաղթողը: Իսկ 17-ամյա Գոհար Առաքելյանը շատ է սիրում նկարչությունը, իր ընտանիքն ու իր աշխարհը:
“Երկու ճանապարհ” ֆիլմի հերոսներ Հայկն ու Գոհարը
Այս երկու երիտասարդը “Երկու ճանապարհ” վավերագրական ֆիլմի հերոսներն են. նրանց ընդհանրությունը՝ լսողական խնդիրներ ունենալն ու ժեստերի լեզվով հաղորդակցվելն է, ինչը դարձել է ֆիլմի առանցքային թեման:
“Մոսկվա” կինոթատրոնում օրերս տեղի ունեցած միջոցառումը նվիրված էր հաշմանդամություն ունեցող մարդկանց, որի ընթացքում ցուցադրվել է “Երկու ճանապարհ” ֆիլմը: Ֆիլմի դիտումից առաջ ելույթ է ունեցել “Փարոս” կամերային երգչախումբը, որի ղեկավարն ու խմբավարը Րաֆֆի Միքայելյանն է:
25 րոպե տեւողությամբ ֆիլմի ընթացքում Հայկի ու Գոհարի պատմությունը ներկայացվում է զուգահեռ, որի ընթացքում խոսում են նրանց մայրերը, ընկերները, նաեւ մասնագետները:
Հատված “Երկու ճանապարհ” ֆիլմից
Հայկը ֆիլմում խոստովանել է՝ փոքր տարիքում մայրն իրեն ստիպել է բառեր արտաբերել. “Ես չէի զգում, որ խուլ եմ: 11-12 տարեկանում հասկացա, որ չեմ լսում: Երբ ինտերնետով խոսում եմ արտասահմանցի խուլերի հետ, նրանք զարմանում են, որ այստեղ խուլերի համար նախատեսված ոչինչ չկա”:
Գոհարիկն էլ պատմել է, որ փողոցում հաճախ նրան ծաղրել են, երբեմն էլ նմանակել.
“Կարծում եմ՝ հետամնաց են, դրա համար էլ ծաղրում են: Եթե հանկարծ մեկ օր ինձ նման բարեկամ, հարազատ ունենան, կհասկանան ու կամաչեն: Ժեստն իմն է, եթե ժեստը չլիներ, ես էլ կխոսեի. մայրիկս կստիպեր խոսել:)”:
Վահե Յանի խոսքերով՝ ֆիլմը նկարելուց հետո հասկացել է, որ երեք բան սխալ է ընկալել. “Կարծում էի՝ հաշմանդամների մասին եմ նկարելու, բայց նրանք հաշմանդամ չեն. ավելի առողջ են իրենց հոգեկան ներաշխարհով ու արժանիքներով: Երկրորդ սխալս այն էր, որ ֆիլմը ոչ թե իրենց, այլ մեր մասին է, որովհետեւ խնդիրը մեր մեջ է. լսող մարդիկ ավելի փակ ու կոմպլեքսավորված են: Երրորդ սխալս էլ այն էր, որ մտածում էի՝ նկարահանումները բարդ կլինեն, բայց նորմալ շփվել եմ, նույնիսկ վատ զգացել, որ չեմ տիրապետում ժեստերի լեզվին”, - պատմել է ռեժիսորն ու ավելացրել, որ նկարահանման ընթացքում սովորել է որոշ ժեստեր:
Դերասան Աշոտ Ադամյանը
Վահեն նշել է՝ նպատակ ունի ֆիլմը ներկայացնելու միջազգային կինոփառատոնների. “Ֆիլմը պետք է ցուցադրել արտերկրում, քանի որ խուլերի խնդիրը միայն Հայաստանում չէ: Հաճախ սխալ ենք թույլ տալիս՝ ասելով խուլ ու համր, բայց խուլը համր չէ, այլ ունի իր խոսակցական՝ ժեստերի լեզուն”:
“Երկու ճանապարհ” ֆիլմը ստեղծվել է Ֆրանս-հայկական զարգացման հիմնադրամի նախաձեռնությամբ: Դերասան Աշոտ Ադամյանը ցուցադրումից առաջ ներկայացրել է հիմնադրամի ստեղծման պատմությունն ու գործունեությունը: Սցենարի հեղինակ Կարինե Հարությունյանի, ժեստերի թարգմանիչ Աննա Բերբերյանի, ռեժիսոր Վահե Յանի ու մյուս հեղինակների կարծիքով՝ այս ֆիլմը հաղորդագրություն է՝ ուղղված բոլորիս:
Ֆիլմի ավարտը խորհրդանշական է. բացի երկու հերոսներից, այլ մարդիկ եւս ժեստերի լեզվով ասում են՝ “Ես ձեզ սիրում եմ”:
Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: