×


Երվանդ Երզնկյանի գլխարկների հավաքածուն եւ իմիջը՝ համեմված երաժշտությամբ

Հայկական երաժշտարվեստի խորհրդանշական դեմքերից մեկն, անշուշտ, կոմպոզիտոր, դիրիժոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Երզնկյանն է, իսկ նրան գրեթե ամենուր գլխարկով ենք հանդիպում: Որոշեցինք մաեստրոյի հետ խոսել կեպիներից, իսկ խոսակցությունը ձգվեց դեպի երաժշտություն։ Նա BRAVO.am-ին ընդունեց Հանրային ռադիոյի իր աշխատասենյակում, իսկ կեպիներով լուսանկարվեց նվագախմբի փորձասենյակում։

Հանրային ռադիոյի էստրադային սիմֆոնիկ նվագախմբի ղեկավարը չի հիշում, թե երբվանից են գլխարկներն իր կերպարի մի մասնիկը դարձել, բայց հիշում է, որ ինչ-որ մեկին կեպիով տեսել եւ հավանել է այդ գլխարկը, իսկ երբ նման գլխարկ է նվեր ստացել՝ «ընկերացել» է կեպիների հետ:

Երվանդ Երզնկյանի գլխարկները


«Երբ մարդիկ տեսան, որ միշտ գլխարկով եմ, սկսեցին տարբեր երկրներից բերել ու նվիրել: Հիմա արդեն մեծ հավաքածու ունեմ, բայց, իհարկե, մի քանիսն իմ ամենասիրելին են, որոնք էլ հիմնականում դնում եմ:

Գլխարկն ամբողջացնում է իմ իմիջը, եւ դա ինձ դուր է գալիս: Ունեմ տարբեր սեզոնների եւ գույների կեպիներ, որոնք հարմարեցնում եմ հագուստիս։ Նույնիսկ համերգներին գլխարկով եմ լինում: Գլխարկով մի քիչ ավելի երիտասարդ ես երեւում։ Էստրադան եւ փոփ երաժշտությունը երիտասարդների են սիրում, եւ բեմի մարդը պետք է փորձի մի քիչ ավելի երիտասարդ երեւալ, երեւի դա է պատճառը, որ ես գլխարկով ինձ ավելի լավ եմ զգում»,-ժպիտով ասաց մաեստրոն:

Գլխարկները շատ են, բայց չի հաշվել, հատուկ տեղում է պահում՝ սնդուկի պես մի արկղում։ Այլ իրերի հավաքածու չունի, սա էլ հավաքածու չի համարում՝ պարզապես հավաքվել եւ դարձել է այդպիսին։

Երվանդ Երզնկյանի կեպիների հավաքածուն


Արվեստագետը չի դադարում աշխատել, գուցե հենց այս հանգամանքն էլ նրան երիտասարդ է պահում։ Ասում է՝ բնավորությունը շատ մեծ նշանակություն ունի, ինչպես նաեւ մարդու աշխատանքը. զբաղվում է իր սիրելի գործով, հաճույքով է աշխատում եւ այդ աշխատանքի մեջ իր կյանքն է.
«Երբ մարդ առավոտյան արթնանում է եւ ասում՝ «Վա՜յ, էլի պիտի գնամ գործի, ինչքան չեմ ուզում գնալ, եւ աշխատում է այդ կերպ, իհարկե, նա շուտ է ծերանում։ Իսկ ես հաճույքով ամեն օր գնում եմ աշխատանքի, եւ մեկ տեղ չէ, որ աշխատում եմ, 2-3 տեղ եմ աշխատում. Կոնսերվատորիայից գնում եմ Ռադիո, այնտեղից Մանկավարժական, բայց դրանով իմ աշխատանքը չի վերջանում, տանը երաժշտություն եմ գրում, գործիքավորում: Փորձում եմ ճաշից հետո մեկ ժամ գտնել եւ քնել, որովհետեւ աշխատում եմ նաեւ երեկոյան»,-պատմեց նա:

Երվանդ Երզնկյանը նաեւ հոգնածությունը ցրելու եւ առողջ ապրելակերպի միջոց ունի.«Գրեթե ամեն օր գնում եմ լողի: Սա ինձ համար շատ կարեւոր է։ Օրվա ամբողջ հոգնածությունը թոթափվում է լողալիս: Երեկոյան ուշ եմ գնում լողավազան եւ այնտեղ միանգամից «ռելաքս» եմ լինում, հանգստացած գալիս եմ տուն, մի քիչ էլ եմ աշխատում` նոր քնում եմ»:

Սիրելի աշխատանքն, իհարկե, երիտասարդ մնալու գաղտնիքներից է, բայց արտիստը նշում է, որ կա եւս մեկ գաղտնիք՝ սթրեսային իրավիճակներից խուսափելը.«Փորձում եմ իմ կյանքն այնպես դասավորել, որ կանխատեսեմ եւ կանխարգելեմ սթրեսային վիճակները։ Երբեք չեմ հասցնի նրան, որ թույլ տամ ինչ-որ մեկն ինձ նկատողություն անի։ Իդեալական լինելու հարց չէ, այդ ամենն ինտուիցիա է, ենթագիտակցություն։ Գուցե իմ դաստիարակությունից է, որ ամեն հարցում փորձում եմ մի երկու-երեք քայլ առաջ նայել։ Ավտոմեքենան էլ եմ այդպես վարում։ Իմ օրվա մեծ մասն անցնում է ավտոմեքենայի մեջ. առանց դրա իմ կյանքը չեմ պատկերացնում։ Ավտոմեքենան այնքան ներդաշնակ է իմ կյանքին. ինչքան ասես կարող եմ վարել եւ չհոգնել։ Մեր երթեւեկությունը հեշտ չէ, բայց ես այդտեղ էլ ամեն ինչ անում եմ այնպես, որ վթարային վիճակներում չհայտնվեմ` կրկին ամեն ինչ ենթագիտակցորեն»:

Որպես սթրեսից խուսափելու միջոց՝ նա նշում է նաեւ շրջապատի ընտրությունը. «Շփվում եմ այն մարդկանց հետ, ում համակրում եմ: Նրանք շատ չեն. իմ նվագախումբն է, իմ գործընկերները, ուսանողներս»։

Եվ չնայած աշխատանքի բերումով ամեն դեպքում բազմաթիվ մարդկանց հետ է շփվում, երաժիշտը նշում է, որ կոնֆլիկտային մարդ չէ եւ շատ լավ հասկանում է՝ վիճել որեւէ մեկի հետ միտք չունի.«Սխալ բան է վիճելը: Եթե որեւէ բանի հետ համաձայն չես, ասում ես՝ այո, բայց դու քո արածը գիտես»:

Նա կարծում է՝ ամենակարեւորը համբերությունն է։ Մարդ պետք է համբերատար լինի, որովհետեւ դա բերում է նրան, որ դու միշտ հասնում ես քո ուզածին, գուցե ուշ, բայց հասնում ես։

Անվանի կոմպոզիտորը, սակայն, նույն տարբերակը չի առաջարկում ընտանիքի եւ անձնական հարաբերություններում, ասում է՝ եթե նորմալ ընտանիք ունես, անհնար է, որ չվիճես: Եթե չես վիճում, ու ամեն ինչ շատ լավ է, ուրեմն ընտանիքը նորմալ չէ. «Չես կարող քո կողակցի հետ ամեն ինչում համակարծիք լինել. ես ու կինս իրար շատ սիրում ենք, բայց շատ հարցերում լրիվ տարբեր տեսակետներ ունենք՝ սկսած հեռուստատեսային ծրագիր դիտելուց եւ նույնիսկ քաղաքական հարցերում։ Եթե ալիքներ կան հարաբերությունների մեջ, ուրեմն մի բան աշխատում է, դա անպայման պետք է։ Ֆիլմերում տեսնում եմ, որ իրար ասում են՝ սիրելիս եւ միշտ այդպես խաղաղ ապրում են, ուրեմն՝ չեն սիրում իրար, ամեն մեկն իր կյանքով է ապրում, իրար էլ շատ լավ են վերաբերվում, բայց չեմ համարում, որ դա նորմալ ընտանիք է, միգուցե ես սխալ եմ։ Բայց, իհարկե, պետք է առանցքային հարցերում համամիտ լինել։

Երվանդ Երզնկյանը


Մյուս տարի արդեն կլինի 50 տարի, որ կնոջս հետ ապրում ենք միասին, կարծում եմ՝ դա կյանքի բավական մեծ ժամանակաշրջան է, որը մենք արդեն ապրել ենք, եւ ես իրավունք ունեմ ինչ-որ բաների մասին խոսել որպես փորձառու մարդ»։

Հանրային ռադիոն՝ նոր «ռելսերի» վրա

Մաեստրոն մեզ պատմեց նաեւ Հանրային ռադիոյի եւ իր նվագախմբի նորությունների մասին, որոնք բավական շատ եւ դրական են.

«Մենք վերջապես ունենք շատ լավ ձայնագրման ստուդիա: Շուրջ 20 տարի Ռադիոյի էստրադային սիմֆոնիկ նվագախումբը զրկված է եղել ձայնագրություն անելուց, այսօր այդ ամենը վերականգնվել է: Արդեն իսկ արված ձայնագրություններից կարող եմ ասել, որ որակը շատ բարձր է, որովհետեւ այս ստուդիայի նմանը չկա տարածաշրջանում։ Մենք վերսկսել ենք մեր ձայնագրությունները տարբեր ուղղություններով. վերաձայնագրում ենք հայկական էստրադայի եւ ջազի լավագույն նմուշները մի քիչ այսօրվա ոգով, չնայած՝ կան գործեր, որոնց մեջ ոչինչ չենք փոխել։ Իսկ դասական գործերն այլ որակով կհնչեն այսօրվա ձայնագրման հնարավորությունների շնորհիվ»:

Մյուս ուղղությունն է՝ ձայնագրել նոր երգեր երիտասարդ երգիչների եւ երգչուհիների կատարմամբ, եւ առավել զարգացնել նվագախմբային երաժշտության մշակույթը: Նվագախմբի ղեկավարը կարծում է, որ խումբն ավելի շատ հեռուստաեթեր դուրս կգա, քանի որ նոր ստուդիայի պայմանները տալիս են այդ հնարավորությունը: Նրա խոսքով՝ ռադիոյի ղեկավարությունը փորձում է նոր «ռելսերի» վրա դնել ամեն ինչ, սկսվել է նաեւ ռադիոհաղորդումների վիզուալիզացիան։ Հենց ռադիոյից կարող են տեսահամերգներ, ելույթներ ունենալ, սակայն դեռ մեծ ծավալի աշխատանք կա, որ պետք է փորձեն անել։

Ջա՞զ, թե՞ ռաբիս

Ջազն առաջ չէր ընդունվում, հիմա սիրված է. մարդկանց ճաշա՞կն է փոխվել, թե՞ հասանելիության խնդիր է: Երզնկյանը կարծում է՝ մարդկանց ճաշակն այն ժամանակ էլ էր բարձր, եւ միգուցե ավելի բարձր, քան այսօր, բայց այն ժամանակ չկային նույն պայմանները եւ դպրոցը երաժիշտների համար՝ ինչպես այսօր.«Չմոռանանք, որ ունենք ջազի բաժին Կոնսերվատորիայում, ունենք ջազ քոլեջ, որոնցից պրոֆեսիոնալ երաժիշտներ եւ վոկալիստներ են դուրս գալիս։ Դա թույլ է տալիս համարել, որ այսօր ջազը շատ ավելի զարգացած է, քան 20-30 տարի առաջ, եւ երիտասարդները բարձր մակարդակով են նվագում: Այդ առումով ես կասեի, որ ջազում մեծ առաջընթաց կա այսօր։ Մենք, պահպանելով ավանդույթները, թույլ ենք տալիս երիտասարդներին շատ ավելի ակտիվ աշխատել, քան թե առաջ թույլ կտային»:

Ըստ նրա՝ հիմա չկա գրաքննություն, իսկ տեղեկատվության քանակությունը, որ այսօր կա, իհարկե, չկար տարիներ առաջ.«Բայց միեւնույն է՝ լավագույն երաժիշտներն իրենց տաղանդի շնորհիվ դառնում էին մեծ ջազմեններ, եւ դրա համար մենք այսօր ունենք ավանդույթներ, գիտենք՝ որտեղից է սկսվել այդ ամենը եւ ուր է գնում»,-վստահ է մաեստրոն, ով էլ հենց հայաստանյան ջազի ակունքներում է եղել:

Նա նշում է, որ իր երիտասարդության տարիներին ավելի դժվար էր, բայց այն ժամանակ կյանքն էր ավելի դյուրին.«Մենք այն ժամանակ այդքան չէինք մտածում՝ ինչպես հացի փող աշխատենք, իսկ այսօր մեր երիտասարդները մտածում են, որովհետեւ հիմա արժեքները փոխվել են, ամեն ինչ կոմերցիոն է: Այն ժամանակ մենք կարող էինք մեզ թույլ տալ ավելի շատ «արվեստային վիճակների մեջ» լինել: Մինչեւ ընտանիք կազմելն, իհարկե, հետո՝ ավելի դժվարացավ»:

«Կարծում եմ՝ երաժշտության մեջ ունենք բավական մեծ առաջընթաց, նկատի ունեմ նորմալ երաժշտություն, իսկ որը որ մի քիչ ավելի ցածրորակ է՝ էլի ունենք շատ մեծ առաջընթաց»,-ծիծաղում է մաեստրոն։ Խոսելով ցածրորակ երաժշտությունից՝ նա ասաց, որ սիրողները շատ են, բայց քանակով չէ, որ պետք է հաշվել, այլ՝ որակով.«Դա ժողովրդի ինչ-որ մի մասի համար է, նրանց պետք է կամաց-կամաց կրթել, որ իրենց մակարդակը բարձրանա, այդ երաժշտության մակարդակն էլ է տարիների ընթացքում բարձրանում, նույն ռաբիս երաժշտությունը հիմա շատ ավելի գեղեցիկ գործիքավորմամբ է մատուցվում: Թող ժողովուրդը որոշի, թե որն է իրեն ավելի մոտ»։

Երզնկյանը համամիտ է, որ եթերն է ճաշակ թելադրում, բայց քանի դեռ ռեյտինգային մթնոլորտ է, ամեն ալիք ցանկանում է, որ իր վարկանիշը բարձր լինի, իսկ դրա համար նրանք հեշտ ընկալվող, հեշտ լսվող երաժշտություն կամ սերիալներ են հեռարձակում:

«Մի քիչ փոխվում է ամեն ինչ, մարդկանց մտածելակերպն էլ է փոխվում, ափսոս, որ այդ ամենը կատարվում է դանդաղ։ Ինչպես մեր Սեւանը. ասում են՝ կեղտոտվել է եւ ինքնամաքրվում է, բայց այնքա՜ն դանդաղ... Հիմա նույնը մեր երաժշտական դաշտն է, որ ինքնամաքրվելու է, բայց շատ ուշ։ Պետք է այնպես անենք, որ արագացնենք այդ գործընթացը: Մեր ուղիղ եթերները կնպաստեն դրան, հուսով եմ։ Օրինակ, բոլորը նայում են «Երգ երգոցը», ինչքան այդ հաղորդաշարի մակարդակը բարձրացնես, այնքան ավելի շատ մարդու մակարդակ կբարձրանա»,-հավելեց արվեստագետը:

Զրուցեց Էլլադա Ղուկասյան-Բարսեղյանը/Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport