Էմիր Կուստուրիցան եւ «The No Smoking Orchesta»-ի երաժիշտները երեկ Մարզահամերգային համալիրում երկու ժամ շարունակ երգում էին, նվագում եւ անմիջականորեն շփվում ներկաների հետ։ Սերբ երաժիշտների յուրաքանչյուր ելույթն ուղեկցվում էր բեմադրությամբ։ Երեկոն ավելի քան անմիջական էր. հանդիսականները հայտնվեցին բեմում, երաժիշտներն էլ՝ դահլիճում։
Էմիր Կուստուրիցան
Երեւանյան երկրորդ համերգին Կուստուրիցան հանդիսատեսի հետ շփվում էր ռուսերենով ու անգլերենով, կատակում, առաջարկում պարել ու տաքանալ, զավեշտալի դեպքեր պատմում իր երաժիշտների մասին։ «F*ck You, MTV» երգի ժամանակ նա հանդիսականներին խնդրեց օգնել իրեն՝ կրկնելով երգի վերնագիրը, եւ բեմ հրավիրեց բոլոր ցանկացողներին։ Տասնյակ երիտասարդներ նրանց հետ բեմում պարում էին, երգում, լուսանկարվում ու զվարճանում։ Հաջորդ կատարման ժամանակ էլ խնդրեց բեմում մնալ միայն աղջիկներին, որոնց հետ պարում էր ու մարզվում:)։ «Ռոմեո եւ Ջուլիետ» երգը կատարելու համար նա բեմ հրավիրեց հայ «Ջուլիետային», որը համերգի կազմակերպիչներից Անետա Մարտիրոսյանն էր։
Սերբ անվանի ռեժիսոր, երաժիշտ, պրոդյուսեր, դերասան եւ գրող Էմիր Կուստուրիցան իր նվագախմբի բաս-կիթառահարն է, իսկ ամենաակտիվ ու խենթ անդամը խմբի ջութակահար Դեյան Սպարավալոն է, որը ջանք չէր խնայում իր էներգիան փոխանցել հանդիսատեսին։
Էմիր Կուստուրիցայի երեւանյան համերգին
61-ամյա ռեժիսորը hամերգից առաջ տեղի ունեցած ասուլիսի ժամանակ նշել է, թե հաճույքով է ժամանել Հայաստան, որի հետ իր ազգը շատ ընդհանրություններ ունի։ Հարցին, թե Ամանորին Ձմեռ պապից ինչ է ցանկանում, ռեժիսորը կատակելով պատասխանել է.«Հաստատ «Կոկա կոլա» չեմ ուզի, որովհետեւ «Կոլա»-ն վերջերս իրենով է անում Սանտային, բայց կխնդրեի մի գերբնական ուժ տար, որով հնարավոր լիներ աշխարհը հեռու պահել պատերազմից։ Ցանկանում եմ նաեւ, որ Մարադոնան էլ գործազուրկ չմնա»։
Կուստուրիցան Կաննի եւ Բեռլինյան կինոփառատոնների, «Սեզար»-ի դափնեկիր է։ Նրա համոզմամբ, արտաքին քաղաքական բոլոր մղձավանջներից հեռու մնալու լավագույն միջոցն արվեստն է. կինոն պատերազմը վերափոխելու եղանակ է, որտեղ ռեժիսորը գեներալ է.«Պետք է երազել ավելի լավ կյանքի մասին, ֆիլմեր նկարել ու երաժշտություն ստեղծել։ Ափսոսում եմ, որ ժամանակակից կյանքը մերժում է արվեստը, որի ազդեցությունը նսեմացել է: Օրինակ, 70-ականներին Բոբ Դիլանը շատ ավելի կարեւոր էր, քան ԱՄՆ նախագահը: Ցավոք, այսօր եթե աստղ ես, կարող ես ազդեցություն ունենալ, իսկ եթե արվեստի դեմք ես՝ ոչ»:
Էմիր Կուստուրիցայի երեւանյան համերգին
Արվեստի տարբեր ճյուղերում տաղանդ ունեցող Կուստուրիցան նշել է, որ ավելի շատ նախընտրում է գրող Կուստուրիցային։ Ասուլիցից հետո նա այցելել է Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու Մեծ եղեռնի զոհերի հիշատակին եւ եղել է Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում։
Երեւանյան համերգից հետո Կուստուրիցան եւ «Չծխող» նվագախմբի երաժիշտները «Մեցցո» ակումբում ներկա են եղել «Ռեինկարնացիա» խմբի համերգին, նաեւ բեմ են բարձրացել։ BRAVO.am-ը նրանց լուսանկարել է նաեւ այնտեղ։ Թեեւ Կուստուրիցան բավական հոգնած ու քաղցած էր, բայց չէր մերժում իր հետ նկարվել ցանկացողներին, երկրպագուների հետ սիրալիր շփվում էր ու ինքնագրեր բաժանում։
«The No Smoking Orchesta»-ի հետ համերգը կազմակերպել էին «Մեցցո Պրոդաքշն»-ը եւ «Ալմազյան Պրոդաքշն»-ը՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի աջակցությամբ։
Տեքստը` Լիանա Մեյթարջյանի/BRAVO.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/BRAVO.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: