×


Սաթենիկ Հախնազարյանը եւ Սուրեն Թադեւոսյանը

Ընկերների «բիոգրաֆիան» Սուրեն Թադեւոսյանի դիմանկարներում

Կինոօպերատոր եւ լուսանկարիչ Սուրեն Թադեւոսյանը փորձել է պատկերների վերածել իր հերոսների կենսագրությունները: Սեպտեմբերի 16-ին Աբովյան 12 հասցեում գտնվող «Dalan Art Gallery»-ում բացվեց նրա առաջին անհատական ֆոտոցուցահանդեսը՝ «biographia»-ն:

Ֆոտոշարքի հերոսները հեղինակի ընկերներն ու շրջապատող մարդիկ են: Նրանց թվում են դերասանուհի Նարինե Գրիգորյանը, երաժիշտներ Արտո Թունջբոյաջյանը, Սերժ Թանկյանը, ռեժիսոր, դերասան Սերժ Ավետիքյանը, ռեժիսորներ Հրանտ Մովսիսյանը, Միքայել Դովլաթյանը եւ այլք:

Սուրեն Թադեւոսյանի «biographia» խորագրով ցուցահանդեսին


«Ունեի դիմանկարների շարք անելու միտք այն մարդկանց մասնակցությամբ, որոնց հետ առօրյայում շփվում եմ: Նրանցից յուրաքանչյուրի կենսագրությանը որոշ չափով ծանոթ եմ, բոլորը վառ անհատականություններ են եւ որոշակիորեն ազդեցություն ունեն նաեւ իմ կենսագրության վրա: Ցանկացա այս երկուսն իրար կապել ու վիզուալացնել, եւ ծնվեց նաեւ լուսանկարի ձեւաչափը՝ նման քանդակի»,- պատմում է Սուրեն Թադեւոսյանը:
 
Լուսանկարիչը լույսի ու ստվերի խաղի եւ աշխատանքները վերալուսանկարելու միջոցով նորովի է մոտեցել դասական դիմանկարի ժանրին: Հեղինակը ցույց է տալիս  ժամանակի եւ ժամանակի ընթացքում ձեռք բերված փորձառության ազդեցությունն անհատի կենսագրության վրա, որն առարկայանում է լուսանկարներում:

Սուրեն Թադեւոսյանը եւ որդու դիմանկարը


Ֆոտոշարքը սկսվում է նկարիչ, անիմատոր Տիգրան Առաքելյանի դիմանկարով: Հերոսն իր նկարը բնորոշում է որպես խառը բնավորության արտացոլում:

«Սուրենն ինձ շատ լավ է ճանաչում, շատ ենք միասին աշխատել: Գիտի, որ միշտ փորձում եմ ամեն ինչ ու ամեն տեղ հասցնել, անդադար նոր ծրագրերով ու աշխատանքով եմ զբաղված: Այդպիսին էլ նկարն է ստացվել՝ խառը, ինչպես իմ բնավորությունն ու առօրյան»,-նշում է Տիգրան Առաքելյանը:

Տիգրան Առաքելյանը


Հեղինակի հերոսներից մեկը՝ լուսանկարիչ Արվին Քոչարյանը, ասում է, որ իր «Միստիկուս» եւ Սուրեն Թադեւոսյանի «biographia» նախագծերում համանման եւ համընկնող էմոցիաներ է տեսնում: Այս առումով էլ ֆոտոշարքն իրեն հոգեհարազատ է:

«Սուրենն իր տեսանկյունից է մարդուն բացահայտում՝ կիրառելով շատ հետաքրքիր տեխնիկա: Ստացել էինք երկու նկար, որոնք երկուսն էլ ինձ շատ դուր եկան: Առաջին տարբերակում կարծես ճեղք լիներ գլխի մեջտեղում, իսկ ցուցադրված նկարում տպավորություն է, թե գլուխը պետք է վզից պոկվի: Սուրենն ընտրեց այս տարբերակը, իսկ ես գնահատում եմ նրա ընտրությունը»,- նշում է Արվին Քոչարյանը:

Արվին Քոչարյանը


Դերասանուհի Սաթենիկ Հախնազարյանն իր նկարն առաջին անգամ է տեսնում պատրաստի վիճակում: Պատմում է, որ այն ստացել են գրեթե միանգամից:

«Յուրաքանչյուր մարդ տիեզերք է, որում կան տարբեր մոլորակներ, եւ մարդը հաճախ տարբեր իրավիճակներում տարբեր դրսեւորումներ է ունենում: Եթե նկարում ես եմ պատկերված, այդ պահին այսպիսին եմ եղել, ուրեմն՝ իմ մեջ կա նաեւ այս տեսակը, ինչը արվեստագետը գտել է եւ հարմար է համարել ցուցադրել»,- նշում է դերասանուհին:

Ռեժիսոր Հրանտ Մովսիսյանը


Ֆոտոշաքրի վրա հեղինակն աշխատել է շուրջ մեկ տարի: Ցուցադրությունը բաղկացած է 19 լուսանկարից, սակայն Սուրենը նշում է, որ շուտով կկրկնի ցուցահանդեսը՝ լրացնելով ցուցադրվող աշխատանքները:

«biographia» շարքն ավարտվում է հեղինակի որդու՝ 3 տարեկան Գոռի դիմանկարով, որտեղ երեւում է նրա ապրած ժամանակի եւ փորձառության քիչ ազդեցությունը լուսանկարի վրա:

Ցուցահանդեսը բաց կլինի մինչեւ սեպտեմբերի 19-ը:



Տեքստը եւ լուսանկարները՝ Գայանե Ենոքյանի

BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport