×


Ժակլին Սարխոշյանի “Երազ’’-ն ու երազանքները :)

Բալետի պարուհի Ժակլին Սարխոշյանը Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի թատրոնում հոկտեմբերի 6-ին նշել է ստեղծագործական գործունեության 20-ամյակը: Երեկոյի ընթացքում հանդիսատեսը նախ դիտել է “Երազ’’ բալետ-ֆանտազիան, հետո էլ վայելել դասական ստեղծագործությունների ներքո բեմադրված պարեր:

"Երազ" բալետ-ֆանտազիան


Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի մենապարուհին BRAVO.am-ին պատմել է անցած ուղու, հանդիպած դժվարությունների, ընտանիքի եւ երազանքների իրականացման մասին: Զրուցել ենք նաեւ “Երազ’’ բալետային ներկայացման երաժշտության հեղինակ, բժիշկ Էդուարդ Համբարձումյանի հետ:

“Ներկայացումից առաջ ու հետո միշտ պարում եմ, թռվռում ու վերլուծում… Բոլոր երազանքներս էլ իրականացել են. ունեմ 18-ամյա գեղեցիկ դուստր, սիրելի ամուսին, լավ աշակերտներ, մտերիմ ընկերներ: Հենց ընկերներիս շնորհիվ է “երազս” իրականություն դարձել: Երջանիկ մարդ եմ’’,-նշել է Ժակլին Սարխոշյանը:

Ժակլին Սարխոշյանը


Պարուհու եւ Էդուարդ Համբարձումյանի համագործակցությունը, պարզվում է, կանխամտածված չի եղել. Ժակլինը մասնակցել է բժշկի հեղինակած ձայնասկավառակի շնորհանդեսին, լսել է երաժշտությունն ու առաջարկել այն ներկայացնել բալետի միջոցով: 

“Երաժշտություն լսելիս անմիջապես չեմ որոշում, թե ինչպիսին կլինի դրա հիման վրա բեմադրության սյուժեն: Ինձ հետաքրքիր էր փորձել ուժերս բալետմայստերի դերում եւ տեսնել, թե ինչպես կընկալեն աշխատանքս քննադատներն ու հանդիսատեսը: Հուսով եմ` կարողացել եմ փոխանցել լիբրետոյի խորությունը’’,-ասել է Ժակլինը:

Վերարտադրողական բժշկության հայկական ասոցիացիայի ղեկավար Էդուարդ Համբարձումյանը եւ բալետի պարուհի Ժակլին Սարխոշյանը


Վերարտադրողական բժշկության հայկական ասոցիացիայի ղեկավար Էդուարդ Համբարձումյանը ստեղծագործում է յոթ տարեկանից: Տասը հատվածից բաղկացած “Երազ”-ում կիրառվել է հենց այդ տարիքում նրա հեղինակած երաժշտության մշակված տարբերակը: Գործիքավորումը կատարել է Վահան Նահապետյանը:

“Միշտ մտածում էի, որ այս երաժշտությունը պետք է ամփոփվի ֆիլմի կամ ներկայացման մեջ: Ժակլինն առաջարկեց այն բալետի տեսքով ներկայացնել… Լավ երեւույթները կյանքումս միշտ ինքնըստինքյան են ստացվում”,-նշել է բժիշկն ու հավելել, որ նպատակ ունի “Երազ”-ը ներկայացնել նաեւ Ճապոնիայում եւ Ֆրանսիայում:

Բալետ-ֆանտազիայի ընթացքում հանդիսատեսը վայելել է երաժշտական մի քանի ոճի միախառնում.“Ժակլինի առաջարկով ավելացրել եմ ռոք եւ ջազ հատվածներ: Իսկ սոպրանո Լուսինե Ազարյանի կատարած հատվածն իմ ամենասիրելին է’’,-ասել է Էդուարդ Համբարձումյանը:

Ժակլին Սարխոշյանը նշել է ստեղծագործական գործունեության 20-ամյակը


“Երազ”-ն ուղեկցվել է ավազի անիմացիայով, որը նկարում էր Մոսկվայից ժամանած Արտյոմ Ներսեսը.“Ժակլինն առաջարկեց լրացնել բեմադրությունը, մեծ սիրով համաձայնեցի: Հուսով եմ` ավելի հաճախ կլինեմ Երեւանում”:

Ամփոփելով երեկոն եւ պատասխանելով մեր հարցին, թե հնարավորության դեպքում արդյո՞ք նույն ուղին կընտրեր, Ժակլին Սարխոշյանը նշել է` հավանաբար, այո:).“Սովոր եմ ամեն ինչին դժվարության ու աշխատանքիս շնորհիվ հասնել: Նույնիսկ այսօրվա համերգը դրա արդյունքն է` ինքս եմ գրել լիբրետոն, ընտրել կոստյումները, պարապել աշակերտներիս հետ եւ զբաղվել կազմակերպչական հարցերով’’:

BRAVO.am-ը շնորհավորում է Ժակլին Սարխոշյանին ստեղծագործական գործունեության 20-ամյա հոբելյանի առիթով եւ նորանոր հաջողություններ մաղթում:

Տեքստը` Լենա Գեւորգյանի /Bravo.am/
Լուսանկարները` Մարիամ Լորեցյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW