×


Ի՞նչն է միավորել Գարիկին, Սոֆիին, Անդրեին, Արամ MP3-ին, Սուսաննային, Էմմիին եւ ուրիշների :)

Անդրեն, Արամ MP3-ն, Էմմին, Սոֆի Մխեյանը, Սոնա Ռուբենյանը, Դավիթ Ամալյանը, Լեյլա Սարիբեկյանը, Մրրոն, Մավր Մկրտչյանը, Սուսաննա Պետրոսյանը, Գոհար Հովհաննիսյանը, Սրբուհի Սարգսյանը, Սեւակ Ամրոյանը եւ Նիկ Էգիբյանն օրերս մասնակցել են համերգի` նվիրված հեղինակային իրավունքի պաշտպանությանը: “Ստեղծիր եւ պաշտպանիր” խորագրով բացօթյա միջոցառումը վարել է Գարիկը:

Սոնա Ռուբենյանը, Անդրեն, Էմմին, Սոֆի Մխեյանը եւ Գարիկը


Լեյլա Սարիբեկյանը BRAVO.am-ի հետ զրույցում տեղեկացրել է, որ շուտով լույս կտեսնի իր հեղինակային 3-րդ ձայնասկավառակը.“Ցավում եմ, որ երգերը գողանում են: Դրանք շատ դժվար են ստեղծվում, տարիների աշխատանքի արդյունք են: Հեղինակները միշտ անտեսվում են, ուզում եմ, որ փոխվի իրավիճակը: Մարդիկ պետք է հասկանան` եթե արվեստագետը եկամուտ չունի, չի կարող զարգացնել իր արվեստը, էլ չեմ խոսում պարզապես ապրելու մասին: Շատ եմ ուզում, որ միջազգային ասպարեզում էլ հեղինակություն ունենանք եւ մարդիկ մեզ լուրջ ընդունեն”: 

Էմմիին եւս մտահոգում է կրկնօրինակման եւ հեղինակային իրավունքի այլ խախտումների առկայությունը. “Ճիշտ է` գրանցում ենք մեր երգերը, որոնց վրա ջանք ենք ներդրել եւ բավական մեծ գումար ծախսել, բայց, հավատացեք, ոչ ոք չի կարող կանգնեցնել բոլոր այն մարդկանց, ովքեր համացանցից անօրինական ճանապարհով ներբեռնում են դրանք”:

Արամ MP3-ն


Հեղինակ-կատարող Նիկ Էգիբյանը ուրախությամբ նշել է, որ մինչ օրս իր ստեղծագործությունների գողության դեպք չի գրանցել.“Համաձայնում եմ, երբ այլազգի կատարողները ցանկություն են հայտնում ներկայացնել երգերս` նպաստելով դրանց տարածմանն ամբողջ աշխարհում: Իրականում բոլոր երգիչ-երգչուհիները պետք է իմանան իրենց իրավունքները, որպեսզի կարողանան պաշտպանել դրանք, եւ այս համերգի նպատակն էլ հենց դա է”:

Երիտասարդ երգիչ Մավր Մկրտչյանը հնարավոր է շուտով հանդես գա նաեւ որպես հեղինակ-կատարող եւ, ինչպես նշել է մեզ հետ զրույցում, ուրախ է, որ այսօր խնդիրը բարձրաձայնելու հնարավորություն է ստեղվծվել.“Խախտումների դեմ անհրաժեշտ է պայքարել միահամուռ ուժերով”:

Սոֆի Մխեյանը


Սոֆի Մխեյանը եւ Սոնա Ռուբենյանը տիրապետում են հեղինակային իրավունքի մասին օրենքին եւ պատրաստ են պայքարել խախտումների դեպքում: Երգչուհիների ելույթները հանդիսատեսը մեծ ոգեւորությամբ է ընդունել, իսկ համերգը եզրափակել է Արամ MP3-ն.“Մեր բոլոր երգերը մենք անպայման գրանցում ենք “Հայհեղինակ”-ում: Անհրաժեշտ է պայքարել խախտված իրավունքները վերականգնելու համար, այս համերգի նպատակն էլ դա բարձրաձայնելն էր”:

Նշենք, որ համերգը կազմակերպել էր “Հայհեղինակ” հեղինակների իրավունքների պաշտպանության հասարակական կազմակերպությունը` Հայաստանում ԱՄՆ դեսպանատան, Մշակույթի նախարարության եւ այլ ընկերությունների աջակցությամբ:

Տեքստը` Սիրանուշ Գրիգորյանի/ Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/ Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW