×


Ինչո՞ւ է զոհվում “Ինչո՞ւ ենք հնարել ՍԵՐ բառը” ներկայացման հերոսը

“Ինչո՞ւ ենք հնարել ՍԵՐ բառը”. այսպես է կոչվում 20-րդ եւ արդեն իսկ 21-րդ դարի չարիք համարվող մարդկային անտարբերության եւ միայնության խնդիրները շոշափող ներկայացումը, որն այսօր կարող եք դիտել “Էդգար Էլբակյան” թատրոնում:

“Ինչո՞ւ ենք հնարել ՍԵՐ բառը” ներկայացման պրեմիերային


Էդվարդ Օլբիի “Ի՞նչ էր պատահել գազանանոցում” պիեսի հիման վրա ներկայացման բեմադրիչը, նկարչական եւ երաժշտական ձեւավորման հեղինակը Արմեն Էլբակյանն է, դերակատարներն են Ստեփան Շահինյանը, Մեսրոպ Աբտոյանը, Հմայակ Ադիյանը, Ռուզաննա Մաթեւոսյանը եւ Քրիստինե Բունիաթյանը:

Ջեկի մականունով երիտասարդը հանդիպում է հարուստների թաղամասում ապրող Փիթերին, որն անհաղորդ է շրջապատին, չգիտի, թե մարդիկ ինչ խնդիրներ եւ հոգսեր ունեն: Վերջինիս մարմնավորում է Ստեփան Շահինյանը: Դերասանը մեզ հետ զրույցում նշել է, որ դեռեւս 12 տարի առաջ Արմեն Էլբակյանի հետ խաղացել է այս ներկայացման մեջ.“Այսօր ներկայացնում ենք նոր շեշտադրումներով, իսկ անտարբերության թեման միշտ արդիական է: Երեւի գտել եմ ինձ այս դերում, կամ էլ Փիթերն է ինձ գտել”:

Ստեփան Շահինյանը` “Ինչո՞ւ ենք հնարել ՍԵՐ բառը” ներկայացման պրեմիերային


Արմեն Էլբակյանը բեմադրված ստեղծագործությունը համարում է 20-րդ դարի “Համլետ”-ը.“Ապրելով սեփական կաշվի մենախցում` մարդը չի նկատում, որ աշխարհում խախտվել են բարոյական բոլոր չափանիշները, կատարվել են ցեղասպանություններ, նա փորձում է հեռանալ այդ ամենից, փախչել եւ պարփակվել իր մեջ… Եվ հերոսը զոհվում է, որպեսզի փիթերները տեսնեն եւ անտարբեր չլինեն կատարվող երեւույթների հանդեպ”,-BRAVO.am-ին ասել է նա:

Ջեկիի դերակատար Մեսրոպ Աբտոյանն էլ, խոսելով ներկայացման ուղերձից, նշել է, թե հանդիսատեսին ցույց են տալիս, որ ամենամեծ մեղքը ատելությունը չէ, այլ անտարբերությունը: 

Լիլի Էլբակյանը եւ Համո Ադիյանը


Նշենք, որ Փիթերի դերում պարբերաբար հանդես կգա նաեւ Հմայակ Ադիյանը, նույն ինքը` ռեփեր Համոն եւ Լիլի Էլբակյանի ամուսինը: Նա մեծ ոգեւորությամբ է ընդունել պիեսում խաղալու առաջարկը.“Ռեփի դեպքում խոսքով էի մատուցում բողոքս, իսկ հիմա` բեմում խաղալով: Ռեփը չեմ մոռացել, այն իմ հիմքն է, բայց ներկայացումներն էլ ասելիքը ճիշտ ձեւով տեղ հասցնելու տարբերակ են”:

Տեքստը` Հայկանուշ Ալոյանի/Bravo.am/
Լուսանկարները` Մարիամ Լորեցյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW