Շուտով Ամանոր է, եւ ուրախությամբ պետք է փաստենք, որ վերջին տարիներին մեզ մոտ եւս ձեւավորվել է Ամանորին միմյանց նվերներ տալու ավանդույթը։ Նվերներ սիրում են բոլորը․ ոմանք ավելի շատ սիրում են ստանալ, մյուսները հավատացնում, որ հաճույք են ստանում ուրիշների համար նվեր ընտրելիս։ Դե, իսկ Ամանորն այն տոնն է, երբ նվերներ թե՛ նվիրում են, թե՛ ստանում։ Այնպես որ, կարելի է մեծագույն հաճույքով նվերներ ընտրել հարազատների համար եւ սրտատրոփ սպասել նրանց՝ քեզ համար ընտրած նվերներին։
Նվերներ ընտրելն առաջին հայացքից շատ հեշտ գործընթաց է, բայց եկեք խոստովանենք, որ բոլորիս կյանքում եղել են դեպքեր, երբ տեղ հասնելուն պես հարմար անկյուն ենք փնտրել ու ձեռքի փաթեթը արագորեն դրել այնտեղ՝ հնարավորինս շուտ հեռացնելով մեզնից։ Կամ երբ պարզվել է, որ մեր նվիրած իրը վերանվիրվել է, իսկ դա նշանակում է, որ մեր ընտրությունն այնքան էլ ճիշտ չի եղել։ Այսպիսով, ինչպես ճիշտ նվեր ընտրել, որպեսզի այն հպարտորեն հանձնել դիմացինին ու նրանից լսել երախտիքի ու հիացմունքի խոսքեր։
• Մի ընտրեք նվերներ պարզապես դա անելու համար
Նվերը պետք է արտացոլի ձեր վերաբերմունքը տվյալ անձի հանդեպ։ Ինչը նշանակում է, որ հյուր գնալիս տնից հինգ րոպե առաջ դուրս գալը, մոտակա խանութից մի բան վերցնելն ու գնալը ճիշտ տարբերակը չէ։ Ընդունեք, որ «կարեւորը՝ դատարկ ձեռքով չեմ» միտքը միայն ինքնամխիթարանք է, եւ չի օգնում նվիրածից չամաչել։ Ձեզ նեղություն տվեք եւ հյուրընկալվելուց մի քանի օր առաջ գոնե մտածեք, թե ինչ եք վերցնելու տնից հինգ րոպե շուտ դուրս գալով։
• Սովորեք լսել մարդկանց
Եվ արեք դա բառիս բուն իմաստով։ Մարդկանց հետ շփվելիս մենք կամա, թե ակամա մեր խոսքում նշում ենք, թե ինչն է մեզ պակասում, ինչ ենք հավանել վերջերս, ինչ կցանկանայինք ունենալ, բայց ինքներս մեզ համար չենք գնի եւ այսպես շարունակ։ Սովորեք որսալ այդ մտքերն ու կիմանաք, թե ինչ նվիրել ձեր շրջապատի մարդկանց։
• Հաշվի առեք նրանց նախասիրությունները
Մարդկանց լսելով ոչ միայն կարող եք իմանալ, թե ինչ գնել, այլեւ՝ ինչ չգնել։ Այո, այո, նվերի հարցում չսխալվելու համար մի անտեսեք մարդկանց նախասիրությունները, սովորությունները, տեսակն ու, ինչու ոչ, առողջական վիճակը։ Ամանորին, որպես կանոն, մենք նվերներ ենք ընտրում մեր հարազատների, ընկերների ու ընտանիքի անդամների համար, կարճ ասած՝ մեր նեղ շրջապատի։ Իսկ նրանց մասին մենք գիտենք ավելին, քան՝ հիշում ենք նվեր ընտրելիս։ Օրինակ, եթե նվեր ընտրելիս հիշեք, որ ձեր ընկերուհին ալերգիա ունի բրդից, իսկ սիրելին նախընտրում է բնական մատերիալներ, բրդյա շարֆ կնվիրեք սիրելիին, իսկ արհեստական կաշվե ժամացույցը՝ ընկերուհուն։ Իսկ մորաքույրը կենցաղային զրույցի ժամանակ կարող է վրդովված ձեզ պատմած լինել, որ կաթսաները ընտանիքի բոլոր անդամների համար են, ոչ թե միայն իր, եւ նրա համար նվեր ընտրելիս կշրջանցեք խոհանոցային պարագաների բաժինը։
• Ինքներդ ձեզ հավատարիմ մնացեք
Եթե, այնուամենայնիվ, վստահ չեք, թե ինչ կհավանի նվիրառուն, վստահեք ձեր ճաշակին։ Մի գնեք բաներ, որոնք ինքներդ չեք հավանում եւ վստահ չեք, որ նա կհավանի։ Եթե անգամ ձեր ճաշակով ընտրված նվերը նրան դուր չգա, միեւնույն է՝ նա կճանաչի ձեր ձեռագիրն ու կիմանա, որ ջանք չեք խնայել իր համար նվեր ընտրելիս։
• Օգտվեք ամանորյա հրաշքներից
Ամանորը հրաշքների ժամանակ է։ Իսկ ինչ կասեք, եթե այդ հրաշքի հեղինակը դուք լինեք։ Կարծում եք՝ հնարավոր չէ՞։ Իհարկե, հնարավոր է, եթե ձեր ամանորյա նվերները ընտրեք այնպիսի կազմակերպություններից, հիմնադրամներից, ընկերություններից ու անհատներից, որոնք ստացված հասույթը փոխանցում են բարեգործության։ Այդ կերպ դուք գնում եք նվեր ձեր հարազատների եւ սիրելիների համար՝ միեւնույն ժամանակ ձեր լուման ունենալով որեւէ մեկի նվերի կամ օգնության հարցում։ Իսկ ձեր նվերը էլ ավելի մեծ արժեք կունենա նվիրառուի համար, երբ նա իմանա, որ ինքն էլ նման բարի գործի մաս է կազմում։
10 ունիվերսալ ամանորյա նվեր
Քանի որ Ամանորն ընտանեկան տոն է եւ նվերներ պետք է գնեք ընտանիքի բոլոր անդամների համար, ստացվում է, որ խանութ գնալիս պետք է լինեք հաստ դրամապանակով։ Եթե ունեք դրա հնարավորությունը, ապա շրջանցեք հոդվածի այս հատվածն ու վերը նշված խորհուրդներին հետեւելով ուղեւորվեք հաճելի գնումների։ Բայց եթե հավատում եք, որ Ամանորից հետո կյանք գոյություն ունի:), ապա դրամապանակը ամբողջովին դատարկելու փոխարեն ընտրեք ստորեւ նշված 10 ունիվերսալ ամանորյա նվերներից մեկը, որոնք կարող եք գտնել ինչպես թանկարժեք, այնպես էլ բյուջետային խանութներում։
1. Խնամքի պարագա
Սա նվերների այն կատեգորիան է, որի դեպքում սխալվելու հավանականությունը շատ քիչ է։ Ո՞վ խնամքի միջոցների կարիք չունի՝ անկախ տարիքից, սեռից, կարգավիճակից ու նախասիրություններից։ Իհարկե, այս պարագայում եւս փակ աչքերով գնումներ կատարել չի հաջողվի։ Ուշադրություն դարձեք տարիքային սանդղակին՝ 20+, 30+, 50+..., որպեսզի սխալմամբ ձեր 49 տարեկան բարեկամուհուն չնվիրեք 50+ քսուկ։ Քանի որ հստակ չեք իմանա տվյալ անձի մաշկի տեսակը, ընտրեք բոլոր տեսակի մաշկերի համար տարբերակը, բույրերից՝ չեզոքը։ Որպեսզի չշտապեք խանութ ու տան բոլոր անդամների համար գնեք մեկական օճառ, շտապեմ զգուշացնել, որ նվերի համար նախատեսված խնամքի միջոցները պետք է տարբերվեն ձեր ամենօրյա խնամքի միջոցներից։ Գնեք բնական հումքով, ձեռքով պատրաստված խնամքի միջոցներ կամ գործարանայիններից ընտրեք ամանորյա հավաքածուները, որոնք նրանք թողարկում են ամեն տարի։ Դրանք ունեն տոնական փաթեթավորում, առանձնանում եմ ամանորյա շունչ հաղորդող՝ դարչինի, մեխակի, ցիտրուսների բույրերով։ Վստահ եղեք, որ այս նվերը կգնահատվի, եթե անգամ դուք միակը չլինեք, ով ընտրել է այս տարբերակը։ Նվեր ստացողը մի քանի ամիս կարող է ազատվել այդ հոգսից։
2. Կոսմետիկ միջոց
Կոսմետիկ միջոցների ընտրությունն ավելի բարդ է։ Այս պարագայում ձեզ չէր խանգարի տեսողական հիշողությունը, որպեսզի մտաբերեք, թե հիմնականում ինչպիսի դիմահարդարմամբ եք տեսնում ձեր ընկերուհուն կամ քույրիկին, որպեսզի գնեք նրա նախընտրած գույների ստվերաներկերն ու շրթներկերը։ Կամ կարող եք գնալ լրիվ հակառակ ուղղությամբ ու նվիրեք նրան իր նախասիրություններին լիովին հակառակ գույներ՝ ակնարկելով, որ նոր տարին նորությունների, փորձարկումների ու փոփոխությունների շրջան է։ Կոսմետիկայի բաժնից կարող եք հեռանալ նաեւ ոչ թե որեւէ կոսմետիկ միջոցով, այլ՝ այդ ոլորտի գործիքներով եւ պարագաներով։ Ասել է թե՝ դիմահարդարման վրձիններ, սպունգներ կամ վրձինները լվացող նյութեր ու բարձիկներ։
3․ Հագուստ
Քչերն են նվերի համար ուղեւորվում հագուստի բաժին՝ մտավախություն ունենալով, որ կսխալվեն գույնի, չափի ու ճաշակի հարցում։ Դրա հավանականությունը, իհարկե, կա, բայց եթե ընտրեք այժմ նորաձեւ համարվող «օվերսայզ» մոդել, սխալվելու հավանականությունը բավականին կքչանա։ Բացի այդ, կարող եք դիմել աշխատակիցների օգնությանն ու մի քանի պարզ հուշումից հետո նրանք կօգնեն ձեզ ընտրել ճիշտ չափը։ Որպես վերջին տարբերակ՝ կարող եք աչքի տակով անցկացնել նվիրառուի հագուստի պիտակը։ Ամենախոս s, m, xl տառերը կփրկեն իրավիճակն աչքաչափի բացակայության պարագայում։ Ի դեպ, չմոռանաք, որ հագուստը միայն տաբատն ու բլուզը չեն։ Կարող եք ընտրել որակյալ, հետաքրքիր գիշերազգեստ, թրենդային զուգագուլպա կամ նորաձեւ ժիլետ։ Եվս մեկ կարեւոր հիշեցում․ հագուստ նվիրելիս կցեք դրան գնման կտրոնը, որպեսզի այն կարողանան հեշտությամբ փոխել կամ վերադարձնել։
4. Աքսեսուարներ
Եթե հագուստի խանութից պատրաստվում եք դատարկաձեռն հեռանալ, մի պահ կանգ առեք ու ուղղեք ձեր քայլերը աքսեսուարների բաժին։ Այստեղ, հաստատ, կգտնեք ունիվերսալ մի շարֆ՝ սեւ, սպիտակ, բեժ կամ մոխրագույն, որը կսազի ցանկացած վերնահագուստի հետ ու ցուրտ ձմռանը տաքացնելիս կհիշեցնի ձեր մասին։ Լավագույն նվերների շարքում են նաեւ ժամացույցները, անձրեւանոցները, պայուսակները, ձեռնոցները, գոտիները։ Իսկ գլխարկները տեսնելիս, ես ձեր փոխարեն չէի ոգեւորվի։ Մարդկանց մեծամասնությունը կարծում է, որ իրենց ոչ մի գլխարկ չի սազում, ուրիշի գնածը՝ առավել եւս։
5. Գրքեր եւ գրենական պիտույքներ
Գրքեր սիրում եւ կարդում են բոլորը, համենայնդեպս՝ ոչ ոք հակառակը չի խոստովանում։ Այնպես որ, դասական ստեղծագործությունները կամ նոր լույս տեսած, աղմուկ հանած վեպերը սիրով կընդունվի բոլորի կողմից։ Բայց եթե ինքներդ չեք կարդում ու չգիտեք՝ ինչ ասել է դասական ստեղծագործություն, ապա ընտրեք գրենական պարագաներ։ Օրինակ՝ գեղեցիկ շապիկով օրատետրը, նոթատերն ու օրագիրը պատկանում են հաճելի ու օգտակար նվերների ցանկին՝ միաժամանակ։
6. Տան պարագաներ
Ինչպես արդեն նշեցինք վերեւում՝ տան պարագաները միանշանակ չեն ընդունվում բոլորի կողմից։ Կան կանայք, որոնց համար այդ նվերը խոհանոցից դուրս չգալու ակնարկ է պարունակում, բայց եթե դուք նվեր եք ընտրում այնպիսի կնոջ համար, ով հպարտանում է իր գաղտնի բաղադրատոմսերով ու սիրում ընկերական փոքրիկ հավաքույթների սեղանը զարդարել համեղ ու գեղեցիկ աղանդերներով, ապա գեղեցիկ տորթի մատուցարանը, խմորեղենների ամանորյա ֆորմաները, կոնյակի բաժակների հավաքածուն կամ աղցանի մկրատը կդառնա նրա ստացած ամենալավ նվերը այս ամանորին։
7. Էլեկտրոնային սարքավորումներ
Իհարկե, խոսքը սմարթ հեռուստացույցի մասին չէ (թեեւ, դա էլ վատ տարբերակ չէ)։ Մեր էլեկտրոնիկայի դարում այդ շարքից նվերներ ընտրելը իսկական խաղ ու պար է։ Ականջակալներ, սմարթ ժամացույց, սմարթ ակնոց, պրոեկտոր, անլար բարձրախոս, սելֆիի ձող, դրոն․․․ Այս շարքն անվերջ կարելի է շարունակել։ Պարզապես ընտրեք ձեր գրպանին ամենահարմարն ու ուրախացրեք ընկերներին ու հարազատներին նորարար մոտեցմամբ։
8. Սննդային նվերներ
Այո, մարդիկ սիրում են ուտել, հատկապես՝ համեղ բաներ, հատկապես՝ Ամանորին։ Այնպես որ սիրուն տուփի մեջ դրված ամանորյա թեմատիկայով թխվածքաբլիթները կարող են հաջող կերպով փոխարինել ավանդական շոկոլադե տուփերին (հայտնի Бонбоньерка անվամբ)։ Կամ կարող եք ընտրել նաեւ շոկոլադե տուփեր, բայց որոնց մեջ իսկապես շոկոլադ է, որոնք ունեն գեղեցիկ փաթեթավորում, պատրաստված են բնական հումքից, ունեն յուրահատուկ միջուկ․․․ Յուրահատուկ, հիշվող ու հաճելի նվեր կլինեն նաեւ համեղ թեյը, նրանց սիրելի սուրճը, թանկարժեք ու քիչ տարածված համեմունքները, ձնեմարդու տեսքով տորթն ու ձեր պատրաստած գաղտնի բաղադրատոմսով աղցանը։
9. Ամանորյա թեմայով նվերներ
Վերը նշված նվերներն Ամանորի առթիվ են, իսկ այս կատեգորիան ամանորյա թեմայով։ Սրանք այն նվերներն են, որոնք կարող են լինել վերը նշված կատոգերիաներից, բայց հենց Ամանորի համար։ Այս նվերները գտնելը շատ հեշտ է, քանի որ նախատոնական շրջանում ամանորյա շարք թողարկում են գրեթե բոլոր ընկերությունները։ Այնպես որ, կարող եք ընտրություն կատարել մեծ տեսականուց՝ Ձմեռ պապով սվիտեր, ձնեմարդ ականջօղեր, տոնական խոհանոցային պարագաներ, ամանորյա գրություններով սփռոց ու սրբիչ, ձյան փաթիլի տեսքով բնական օճառ կամ տոնածառի տեսքով մազակալ։ Հրաշալի նվեր կարող է դառնալ որակյալ, ինքնատիպ տոնածառի խաղալիքը։ Ամեն տարի այն տոնածառին կախելիս ձեզ սիրով կհիշեն ու այդ հիշողությունները կփոխանցվի սերնդեսերունդ։
10. Հենդմեյդ հավաքածուներ
Եվ, վերջապես նվերների շարք, որոնք ամենաշատը դուր կգան նվերը ստացողներին, բայց ամենաբարդն են նրանց համար, ովքեր չունեն ստեղծագործ միտք։ Այդ նվերների համար պետք են մի գեղեցիկ տուփ ու մի մեծ չափաբաժին երեւակայություն։ Բանն այն է, որ այդ տուփը պետք է լցնել
• միագույն իրերով (օր․՝ կարմիր շրթներկ, Կոկա կոլա, Kitkat կոնֆետ, կարմիր գուլպա եւ այլն)
• նույն հիմքով իրերով (օր․՝ նարինջ, նարնջի հոտով օճառ, նարնջի համով թեյ, նարնջի տեսքով զարդ եւ այլն)
• թեմատիկ իրերով (ամանորյա ֆիլմի սկավառակ, ադի բուդիի հատիկներ, փոքրիկ շշով ձիթայուղ, մի քանի գրամ աղ ու ադի բուդիի թղթե տոպրակ)
• ձմռան, արձակուրդի, մանկության մասին հիշեցնող հավաքածու (միջին չափի դույլ, գործած շարֆ, լոբու հատիկներ, բարակ ճյուղեր եւ գազար․ այն ամենն, ինչ պետք է ձնեմարդ պատրաստելու համար)։
Բոնուս․ Ոչ նյութական նվերներ
Կարող եք սիրելիներին ուրախացնել նաեւ ոչ նյութական նվերներով։ Օրինակ՝ գնեք թատրոնի, կինոյի, համերգի տոմս, վճարեք մատնահարդարման, դիմահարդարման, վարսահարդարման, ոսկերչական եւ այլ արհեստի ուսուցման կուրսի համար, ձեռք բերեք օնլայն դասընթացների(օր․՝ օտար լեզուների) բաժանորդագրություն։ Այս կատեգորիայի նվերների շարքին կարելի է դասել նաեւ նվեր քարտերը։ Եթե այսքանից հետո էլ չեք կողմնորոշվում՝ ինչ նվիրել, որեւէ խորհրդանշական գումարի նվեր քարտ վերցրեք ու նվեր ընտրելու բարդ գործը թողեք նրանց։
Պատրաստեց՝ Սիրարփի Թելիմյանը
BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: