×


Ինչպես է անցել “Ֆրեսկո”-ի բացումը Կարապի լճում

“Ֆրեսկո”-ի մեկնարկն այս տարի տրվել է ավազե անիմացիայով եւ “Որդան կարմիր” ռոք-խմբի համերգով: Երկրորդ անգամ անցկացվող արվեստի եւ հոգեւոր ֆիլմերի միջազգային փառատոնի շնորհիվ մարդիկ մի քանի օր շարունակ կարող են անվճար դիտել խաղարկային, վավերագրական եւ այլ ժանրերի ֆիլմեր, որոնցում քննադատվում են պատերազմը, բռնությունը եւ ցանկացած խտրականություն, իսկ նպատակը մարդասիրություն եւ խաղաղություն քարոզելն է:

"Ֆրեսկո" փառատոնի բացմանը


Պաշտոնական բացմանը ելույթ են ունեցել “Ունիսոն” ՀԿ-ի “Փարոս” կամերային երգչախումբը: Հանդիսատեսն ականատես է եղել գեղեցիկ ավազանկարչության. Դարյա Կոտյուխը պատկերել է հայկական խորհրդանիշները: Սանկտ-Պետերբուրգի “Ветер” ավազե անիմացիայի ստուդիայի հիմնադիրը մեզ հետ զրույցում հայտնել է, որ հաճույքով է մասնակցում փառատոնին.“Շատ եմ  հավանել գաղափարը: Ծավալուն ծրագիր էի պատրաստել. ցույց տվեցի հայկական եկեղեցի, Արարատը…”:

“Ֆրեսկո”-ի այս տարվա նորություններից մեկը “Հավատ առանց սահմանների” ֆոտոցուցահանդեսն է. իսրայելցի լուսանկարիչ Դմիտրի Բրիկմանը ներկայացրել է իր կադրերը, այդ թվում` Հայ առաքելական եկեղեցին ներկայացնող լուսանկարներ:

Արսեն Գրիգորյանը` "Ֆրեսկո" փառատոնի բացմանը


Փառատոնի ծրագրերի ղեկավար Աննա Կարապետյանի խոսքով՝ Երեւան ժամանած հյուրերի եւ երեւանցիների համար բացօթյա տոն են կազմակերպել.“Յուրաքանչյուրը կարող է իրեն հարազատ որեւէ ֆիլմ գտնել: Երաժշտական առումով եւս ծրագիրը բազմազան է` ռոքից դասական, դասականից հոգեւոր եւ ազգային: Համերգներ, վարպետության դասեր, ֆիլմերի քննարկումներ, նաեւ ունենք վետերաններին նվիրված ծրագիր. հունիսի 30-ին Բելառուսից ժամանած ռեժիսորները Կարապի լճում կներկայացնեն նրանց նվիրված ֆիլմեր, կլինի քննարկում”:

Ներկաներն իրենց հետ տուն են տարել Խարբերդի մանկատան երեխաների պատրաստած մագաղաթի տեսքով աղոթքները: Հաղթողների մրցանակները, որոնք փառատոնի խորհրդանիշ ձկների տեքսով են, եւս նրանք պատրաստել են:

"Ֆրեսկո" փառատոնի բացմանը


Փառատոնային առաջին 3 օրը ցուցադրությունները կանցկացվեն Կարապի լճի տարածքում, եւս 3 օր կտեւի վրանային կինոճամբարը, որն այս տարի հյուրընկալվում է Հառիճավանքում, իսկ հուլիսի 5-ին Էջմիածնում տեղի կունենա փառատոնի փակման արարողությունը:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի/BRAVO.am/   
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/BRAVO.am/


Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport