×


«Բեմում ամուսնության առաջարկություն անելն իմ երազանքն էր». Անդրո Ղուկասյան

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում «Կարապի լիճը» ներկայացման ավարտին բալետի պարող Անդրո Ղուկասյանը բեմում ամուսնության առաջարկություն է արել իր խաղընկերուհուն՝ Իրինա Հովհաննիսյանին: BRAVO.am-ի հետ զրույցում պարողն անկեղծացել է, որ այդկերպ իրականացրել է իր երազանքը:

«Բեմը յուրահատուկ վայր է՝ զգացմունքների, արվեստի, սիրո։ Իմ ապագա կնոջ համար «Կարապի լիճը» պարզապես բալետ չէ, այլ խորհրդանշական եւ կարեւոր ներկայացում։ Մեր առաջին համատեղ ներկայացումն էր, եւ ես որոշեցի այդ հատուկ պահին՝ հենց բեմի վրա, ամուսնության առաջարկություն անել։ Այդպես ուզում էի ցույց տալ, թե որքան կարեւոր է նա ինձ համար»,- պատմել է Ղուկասյանը։



Խոստովանել է, որ առաջարկությանը պատրաստվելու համար շատ ժամանակի կարիք չի ունեցել. ամենակարեւորն աջակցությունն էր, որը նա ուներ։ Պարողի ընտանիքը շատ ջերմ է ընդունել նրա գաղափարը, իսկ թատրոնի ղեկավարությունը՝ մեծ սիրով աջակցել: Բոլորն ամեն կերպ օգնել են, որ անակնկալը մինչեւ վերջին պահը գաղտնի մնա:

«Նրանց շնորհիվ ամեն ինչ ստացվեց գեղեցիկ ու անմոռանալի։ Իհարկե, առանց հուզմունքի չէր լինի. շատ էի մտահոգվում։ Ուզում էի, որ ամեն ինչ ընթանա ճիշտ այնպես, ինչպես ծրագրել էի՝ Իրինան մինչեւ վերջին պահը ոչինչ չկասկածի, իսկ ես հուզմունքից չմոռանամ այն խոսքերը, որոնք ուզում էի ասել։ Իմ կյանքի ամենահուզիչ պահերից մեկն էր։ Առաջարկությունն անցավ հիասքանչ։ Իհարկե, հուզվում էի, բայց ամենակարեւոր պահին ամեն բան կատարյալ էր»,- նշել է արտիստը:

Շոկի մեջ էր նաեւ Իրինան՝ միաժամանակ ապրելով տարատեսակ հույզեր՝ լիակատար զարմանք, արցունքներ, ծիծաղ եւ ուրախություն։ Ղուկասյանի համար ամենակարեւորն այն է, որ նա երջանիկ էր այդ պահին։


Գեղեցիկ պահի ականատեսն էր հանդիսատեսը, որի արձագանքը հաճելի անակնկալ է դարձել պարողի համար:

«Դահլիճում բացարձակապես բոլորը վեր կացան եւ սկսեցին հոտնկայս ծափահարել: Այդ աջակցությունն ու մթնոլորտը պահը դարձրին էլ ավելի հուզիչ եւ հզոր։ Հետո տեղի ունեցավ եւս մեկ հրաշք՝ հանդիսատեսի արձագանքը սոցցանցերում: Այդքան շնորհավորանքներ չէինք սպասում: Մարդիկ կիսվում էին մեր հույզերով ու ջերմ խոսքեր գրում: Օգտվելով առիթից՝ ուզում եմ խորին շնորհակալություն հայտնել յուրաքանչյուրին։ Դա անսահման թանկ է մեզ համար»,- ավելացրել է նա։

Ղուկասյանը նշել է, որ հարսանիքը նախատեսում են անել հաջորդ ամռանը։ Իրինան եւ Անդրոն ցանկանում են, որ այդ օրը լինի իմաստալից, գեղեցիկ ու սիրելի մարդկանցով լի։


Զարմանալի չէ, որ այս պարային գեղեցիկ զույգը ծանոթացել է հենց թատրոնում՝ փորձի ժամանակ: Ղուկասյանը նոր էր միացել թատրոնին, եւ այդ պահից դարձել են անբաժան. «Ամեն ինչ ստացվեց այնքան բնական, կարծես մենք պարզապես գտանք միմյանց։ Իրինայի հայտնվելով իմ կյանքում՝ աշխատանքն ամբողջովին նոր իմաստ ստացավ։ Նա ոգեշնչում է ինձ իր աշխատասիրությամբ, պրոֆեսիոնալիզմով ու խորությամբ։ Մենք կարող ենք ժամերով մնալ փորձասրահում ու չհոգնել, որովհետեւ մեզ հետաքրքիր է միասին։ Մեկ ամբողջություն ենք թե՛ բեմում, թե՛ կյանքում»։

Ցանկանում են միասին նվաճել բալետային աշխարհի գագաթները եւ միաժամանակ էլ ընտանիք ստեղծել, որն իր հետքը կթողնի արվեստում։

«Մենք երազում ենք ստեղծել ոչ միայն ներկայացումներ, այլ իսկական արվեստ, որը ոգեշնչում է»,- հավելել է արտիստը։

Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը
Լուսանկարները՝ Անդրո Ղուկասյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW