Կատակել քաղաքական թեմայո՞վ. արդեն հասցրել ենք նկատել, որ դա շատերին է հաջողվում՝ սկսած սոցցանցային ստատուս-մեկնաբանություններից, վերջացրած մոնո-ներկայացումներով: Լավ, թե՞ վատ՝ սա հարցի մյուս կողմն է, բայց որ այս թեմայով կատակում են գրեթե բոլորն ու գրեթե բոլոր հարթություններում՝ փաստ է: Մոտ ապագայում հնարավոր է Հայաստանում նոր մասնագիտություն առաջ գա՝ հումորիստ-քաղաքագետ, դե, կամ քաղաքագետ-հումորիստ: Լսելով բեմ բարձրացող նոր ներկայացման մասին՝ անկախ քեզնից մտածում ես, որ սա էլ է լինելու քաղաքական արդեն ծանոթ հումորով, դե, հատկապես, երբ ներկայացման խորագիրն է «tRaffik»` խցանում: Հետաքրքիր է` ինչն է խցանվել. գուցե հենց քաղաքական հումո՞րը: Ամեն ինչի մասին` իր հերթին:
Դեկտեմբերի 3-ին տեղի ունեցավ Ռաֆայել Երանոսյանի առաջին՝ «tRaffik» մոնո-ներկայացման առաջնախաղը, իսկ ներկայացման պաշտոնական պրեմիերան հայտնի հյուրերի ու լրագրողների համար կայացավ դեկտեմբերի 6-ին: Առաջինն իր հանդիսատեսի համար, հետո` ընկերների.
Ռաֆայել Երանոսյանը
«Առաջին օրը, երբ բեմ էի բարձրանում շատ հուզված էի, պատասխանատվությունը շատ մեծ էր, ու հանդիսատեսն ինձ էնպես ողջունեց, որ միանգամից լիցքավորվեցի, ամբողջ էներգիաս փորձեցի տամ նրանց, որովհետեւ նրանք գալիս են լիցքեր ստանալու: Այդ պահին հասկացա, որ ես պետք է խաղամ. մինչ դա շատ հուզված էի»:
Մոխրագույն, էլեգանտ հագուստով ու սանրվածքով Ռաֆայել Երանոսյանը բեմում է: Լենինի ու իրենց գյուղի հետ կապված հումորից հետո դերասանն անկեղծացավ՝ էլ նման կարգի հումոր, խոստանում է, չի անի: Լենինին հանգիստ թողեցինք, բայց դերասանի հարազատ գյուղն ու նրա անցած ճանապարհը ներկայացման առաջին մասի հիմնական թեմատիկ գիծն էր: «Սփոյլեր» չեմ անի, բայց կնշեմ՝ կենցաղն ու քաղաքական հումորը միասին էին՝ խառնված, իրար շարունակելով ու լրացնելով:
«tRaffik» ներկայացման պրեմիերային
Այնքան խոսեցինք քաղաքական թեմաներով, որ այն պետական հիմնարկներից բարձրացավ բեմ, ապա բեմից էլ աննկատ մտավ մեր կենցաղ.«Ուտում են իրար, պայքարում են ժողովրդի համար՝ կենցաղային մարդիկ են: Նենց չի, որ վերեւից են իջել, հրեշտակ են՝ բոլորն էլ կենցաղի մարդիկ են, բոլորն էլ զուգարան են գնում ու հաց են ուտում(ծիծաղում է, -հեղ.): «tRaffik» խորագրի հետ կապված՝ որոշեցինք Րաֆֆիկ անունն օգտագործել եւ ավելացնել «Տ» տառը, որ դառնա «tRaffik»՝ շարժում, խցանում: Դե, համ էլ ասացի՝ մի քիչ անունս «ռասկռուտկա» անեմ, որ էլ Հալալ-Զուլալով չհիշեն»:
Պարզվում է` ներկայացման մտահղացումն արդեն ավելի քան մեկ տարի է՝ կա, բայց արդեն գրված ու պատրաստ սցենարը հիմնովին փոփոխվել է թավշյա հեղափոխությունից հետո. արծարծվող թեմաների քաղաքական հատվածն էլ արդիական չէր:
«tRaffik» ներկայացման պրեմիերային
Քաղաքական հատվածը շատ է քննարկվել, մեկնաբանվել տարբեր դերասանների կողմից, շատ հոմորիստներ են դրան անդրադարձել: BRAVO.am-ը դերասանից պարզեց, թե ի՞նչ է նա արել արդեն արված հումորներից ու նույն թեմային անդրադարձած հումորիստներից տարբերվելու համար.«Ես ի ծնե տարբերվել եմ բոլորից՝ ուրիշ ձեւ եմ մտածում: Միշտ եմ փորձում տարբերվել՝ իմ տեսակով, իմ բնավորությամբ, իմ վարքով: Հիմա կարող է ասեք՝ գլուխ եմ գովում, բայց՝ չէ: Եթե ես իմ մասին չխոսեմ, ոչ մեկն իմ մասին չի խոսում:): Էն առաջվա ժամանակներն անցել են, որ ընկերներից էին հարցնում. իմ ընկերներն իմ մասին վատ բաներ կասեն:): Նախապատրաստական աշխատանքներն ու բանակցությունները մեկ տարի տեւեցին, որ ներկայացումը տարբերվի: «Ռաֆո, դու երգում ես, դու պլաստիկա ունես, դու կարողանում ես նմանակել, արի մենք ուրիշ ձեւ անենք, արի մենք տարբերվենք: Կասենք նույն թեմաները, որոնք ասում են, բայց տարբեր կխոսենք»: Մտահղացումն իմն էր, բայց միասին ենք աշխատել, իսկ վերջնական համակարգողն ու իմի բերողը Արմեն Վարդանյանն է»,- նշեց Ռաֆայել Երանոսյանն ու շնորհակալություն հայտնեց ընկերներին՝ այն մարդկանց, որոնք իր հետ աշխատել են. սցենարական աշխատանքները համակարգել է Արմեն Վարդանյանը, նկարի հարցում օգնել է Արվին Քոչարյանը, հագուստը նվիրել է Դիանա Շատվերյանը, երաժշտական ձեւավորումն արել է Վահե Գրիգորյանը:
Հ.Գ. Իսկ թե ինչպես Ռաֆայել Երանոսյանը գյուղից քաղաք «արտագաղթեց» եւ ինչու չի ամուսնանում, ձեզ կասի հենց ինքը՝ բեմից՝ «tRaffik» ներկայացման շրջանակում:
Տեքստը՝ Զառա Ղազարյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի/Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: