Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում այս ամիսը հարուստ է խաղացանկային ներկայացումներով: Դեկտեմբերի 3-ին կներկայացվի Լ. Մինկուսի «Դոն Կիխոտ» երեք գործողությամբ բալետը: Գլխավոր դերերում հանդես կգան Սեւակ Ավետիսյանը, Սյուզաննա Փիրումյանը, Մարիա Դիվանյանը /ՀՀ վաստ. արտիստ/: Ներկայացման բեմադրիչ-բալետմայստերն է ՀՀ ժող. արտիստ Վիլեն Գալստյանը: Դիրիժորական վահանակի մոտ կլինի Աթանես Առաքելյանը:
Ժ. Բիզեի «Կարմեն» օպերան այս տարեվերջին կցուցադրվի եւս երկու անգամ՝ դեկտեմբերի 6-ին եւ 23-ին: «Կարմեն»-ը ընթացիկ թատերաշրջանի պրեմիերա է եւ արդեն մեծ խանդավառությամբ է ընդունվել հանդիսատեսի կողմից: Գլխավոր դերերում հանդես կգան Նարինե Անանիկյանը, Լիպարիտ Ավետիսյանը, Գեորգի Առաքելովը, Սոֆիա Բաղդասարյանը, Արծվիկ Դեմուրչյանը, Թամարա Դադոյանը, Աբգար Սարգսյանը, Տիգրան Կոնինյանը, Պողոս Բեազբեկյանը, Աշոտ Ղանթարջյանը: Ներկայացման բեմադրիչն է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Մելիքսեթյանը:
Դեկտեմբերի 8-ին Հայաստանի գլխավոր թատրոնում տեղի կունենա «Գալա համերգ»՝ Հայաստանի եւ Լիտվայի ժողովրդական արտիստ, աշխարհահռչակ տենոր Գեղամ Գրիգորյանի եւ Հայաստանի երիտասարդ օպերային երգիչների մասնակցությամբ: Համերգային երեկոյի ընթացքում կհնչեն հատվածներ իտալական օպերաներից: Դիրիժորական վահանակի մոտ կլինի Ջանլուկա Մարչանոն/Իտալիա/:
Դեկտեմբերի 12-ին կներկայացվի ֆրանսիացի կոմպոզիտոր Ա. Ադանի հանրահայտ ստեղծագործությունը՝ «Ժիզել» երկու գործողությամբ բալետը: Բեմադրությունը՝ Ժ. Կորալիի, Ժ. Պերոյի եւ Մ. Պետիպայի: Ներկայացումը վերականգնող բալետմայստերն է ՀՀ ժող. արտիստ Վ. Գալստյանը: Ա. Ադանի դրամատիզմով հարուստ այս ստեղծագործության շնորհիվ բեմում ներկայացվում են շքեղ տեսարաններ: «Ժիզելը» ռոմանտիկական բալետի բարձրակետն է համարվում եւ համաշխարհային հեղինակավոր թատրոնների մշտական խաղացանկի ամենից պահանջված ներկայացումներից է:
Դեկտեմբերի 14-ին հանդիսատեսը հնարավորություն կունենա դիտելու Ա. Տիգրանյանի «Անուշ» օպերան, որն արդեն 80 տարի է` հանդիսանում է Հայաստանի գլխավոր թատրոնի հպարտությունը եւ հայկական ժողովրդական երաժշտական լեզվով գրված առաջին լիավարտ օպերան է: Մինչ ներկայացումը նույն օրը երեկոյան ժամը 18:00-ից սկսած թատրոնի ճեմասրահներում կկազմակերպվեն Oպերային թատրոնում «Անուշ» օպերայի բեմադրության 80-ամյակին նվիրված լուսանկարների ցուցադրություն, հանդիպումներ տարբեր տարիներին «Անուշ» օպերայում հանդես եկած արտիստների հետ, ինչպես նաեւ արխիվային բացառիկ նյութերի միջոցով հնարավորություն կլինի ծանոթանալ օպերայի պատմությանը:
Ջ. Վերդիի «Տրավիատա» օպերան կներկայացվի դեկտեմբերի 16-ին: «Տրավիատան» Ջ. Վերդիի լավագույն ստեղծագործություններից մեկն է, որը բեմադրության պահից մինչ օրս չի իջել օպերային թատրոնների բեմահարթակներից: Երեւանի օպերային թատրոնում բեմադրվել է 1936 թվականին /դիրիժոր՝ Մ. Թավրիզյան, բեմադրիչ՝ Լ. Քալանթար/:
Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետը կներկայացվի դեկտեմբերի 19-ին: Ներկայացման բեմադրիչն է ԽՍՀՄ ժող. արտիստ Յուրի Գրիգորովիչը: «Սպարտակ»-ը գրվել է 1954 թվականին, լիբրետոն՝ Նիկոլայ Վոլկովի։ Առաջին անգամ բալետը բեմադրվել է 1956 թվականի դեկտեմբերի 27-ին` Մարիինյան թատրոնում։ Լիբրետոյի հիմք է ծառայել Ռաֆաելլո Ջովանյոլիի «Սպարտակ» վեպը։
Դեկտեմբերի 25–ին Հայաստանի գլխավոր թատրոնում տեղի կունենա «Ամանորյա տոնական համերգ», որով էլ կեզրափակվի 2015 թվականը:
Տեքստը եւ լուսանկարները տրամադրել է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: