×


Իռլանդացի նկարիչ Սոլուսի «Street Art» գործերը՝ «Նուռ» ցուցասրահում եւ Ապարանի շենքերին

Նյույորքյան փողոցային արվեստն այս օրերին ներկայացված է Երեւանում՝ «Նուռ» ցուցասրահում, որտեղ կարելի է տեսնել իռլանդացի հայտնի արվեստագետ Սոլուսի նկարազարդումները: «Street Art» ոճում արված նրա աշխատանքները շենքերից ու շինություններից տեղափոխվել են փակ տարածք՝ դառնալով ինքնատիպ կտավներ: «Փողոցից»՝ այսպես է կոչվում նոր ցուցադրությունը, որի բացմանը երեկ ներկա է եղել նաեւ BRAVO.am-ը:

Սոլուսի «Փողոցից» խորագրով ցուցահանդեսին


Իռլանդացի նկարիչը Հայաստան է եկել՝ մասնակցելու Ապարանի քանդակի երկրորդ միջազգային սիմպոզիումին, որի փակումը հունիսի 20-ին էր: Այդ ընթացքում «Նուռ» ցուցասրահում կազմակերպվել էր նաեւ սիմպոզիումի մասնակից 17 արվեստագետի խմբակային ցուցահանդեսը, որի ավարտին արդեն ներկայացվեցին Սոլուսի անհատական աշխատանքները: Նա իր արվեստը բացահայտել է 11 տարի առաջ եւ որպես հիմնական արտահայտչամիջոց ընտրել է սփրեյ ներկը՝ թողնելով իր նշանը Եվրոպայում, Ամերիկայում, Ասիայում՝ պատերին, կտավներին ու քանդակներին:

Նուռի կինը՝ Լիլիթ Հովհաննիսյանը, եւ դուստրերը


«Փողոցից» ցուցահանդեսի համադրող, «Նուռ» ցուցասրահի տնօրեն Լիլիթ Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում նկատեց, որ այս անգամ ընդունված ձեւաչափից դուրս ցուցահանդես են կազմակերպել՝ փողոցային արվեստը բերելով պատկերասրահ.«Այստեղ ցուցադրված նմուշների մեծամասշտաբ նախատիպերը Նյու Յորքում են: Հայաստանում նման արվեստը դեռ այդքան տարածված չէ, սակայն մի շարք երկրներում այն ժամանակակից արվեստի նոր ու հետաքրքիր դրսեւորում է համարվում»:

Դիզայներ, քանդակագործ Արման Նուռն էլ պատմեց, որ թե՛ Սոլուսի, եւ թե՛ Ապարանի սիմպոզիումի մյուս մասնակիցների հետ ծանոթացել է Եգիպտոսում, որից հետո արտասահմանցի արվեստագետները սիրով եկել են Հայաստան ու հիացած հեռացել այստեղից.«Բոլորի հետ էլ ընկերացանք այնտեղ: Ապարանում գտնվելու 20 օրերի ընթացքում մենք աշխատեցինք անձրեւի ու կարկուտի տակ, սակայն հասցրինք ստեղծել ժամանակակից արվեստի այգի, քանդակներ եւ նկարներ շենքերի վրա: Շատ հետաքրքիր է, բոլորին կոչ եմ անում գնալ, տեսնել, քանի որ կարող եմ վստահ ասել՝ առաջին անգամ Հայաստանում կարող եք տեսնել իրական ժամանակակից արվեստ»:

Արման Նուռը եւ Սոլուսը


Պարզվեց՝ Սոլուսն Ապարանում նույնպես իր հետքը թողել է: Նա շենքերից մեկի վրա պատկերել է հայ մեծանուն բանաստեղծ Եղիշե Չարենցին, իսկ մեկ այլ վայրում ներկայացրել է Ապարանի սառն աղբյուրները՝ նկարն անվանելով «Ապարանի ջուրը»: Անձամբ ինքը՝ Սոլուսը, հրաժարվեց իր աշխատանքների մասին խոսել, քանի որ կարծում է՝ դրանք ավելի լավ են պատմում իրենց մասին:

Սոլուսի «Փողոցից» խորագրով ցուցահանդեսին


Հավելենք, որ ցուցահանդեսը բաց է լինելու մինչեւ հուլիսի 31-ը, իսկ մուտքն ազատ է: Այնպես որ դուք նույնպես կարող եք ծանոթանալ իռլանդացի նկարչի գործերին՝ ձեզ մի պահ պատկերացնելով Նյու Յորքում՝ բարձրահարկ շենքերին նայելիս:):

Տեքստը` Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport