×


Լատինոամերիկյան կրքեր Համալիրում. երկրպագուները բեմի մոտից չեն հեռացել, պարել եւ ձայնակցել են Նատալիա Օրեյրոյին

Արգենտինական հայտնի հեռուստասերիալի «վայրի հրեշտակը», որ տարիներ առաջ նվաճել էր հազարավոր մարդկանց սրտերը, իսկ նրան հանդիպելը շատերի համար հեռավոր երազանք էր թվում, երեկ ավելի քան մոտ էր հայ հանդիսատեսին: Ուրուգվայցի երգչուհի, դերասանուհի Նատալիա Օրեյրոն իր «Անմոռանալի շրջագայություն» խորագրով համերգային շոուի շրջանակում հասել էր Երեւան՝ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մենահամերգ ունենալու: Ինչպես եւ սպասվում էր, դահլիճը լեփ-լեցուն էր, եւ հանդիսատեսի շարքերում քիչ չէին նաեւ արտասահմանցի հյուրերը, զբոսաշրջիկները: Երգչուհու երեւանյան համերգին ներկա է եղել նաեւ BRAVO.am-ը, լուսանկարել է եւ առանձնացրել շոուի ուշագրավ դրվագները:

Նատալիա Օրեյրոյի երեւանյան մենահամերգին


Նատալիա Օրեյրոն իր ելույթը սկսեց հայերեն ողջույնով՝ «Բարեւ, Երեւան, բարեւ, Արմենիա»: Երեկոյի ընթացքում երգչուհին հայերեն այլ բառեր էլ արտաբերեց՝ ուրախացնելով իր հայ երկրպագուներին: Վերջիններս նույնիսկ համերգի ժամանակ էին նրան նոր բառեր սովորեցնում: Սա այն դեպքն էր, երբ հանդիսատեսին աշխուժացնելու համար հատուկ ջանքեր չպահանջվեցին: Դեռ չէր հնչել առաջին երգը, երբ Օրեյրոյի երկրպագուները հավաքվեցին բեմի առջեւում՝ ոչ միայն պարելու, երգելու, այլեւ նրա հետ լուսանկարվելու կամ ծաղիկներ նվիրելու: Շուտով անվտանգության աշխատակիցները ներկաներին հորդորեցին կրկին զբաղեցնել իրենց տեղերը, բայց դա երկար չտեւեց:

Նատալիա Օրեյրոյի երեւանյան մենահամերգին


41-ամյա երգչուհին, որ այժմ էլ երգում է, պարում ու շարժվում ինչպես 20 տարի առաջ, որոշել էր իր անթերի կազմվածքն ընդգծելու համար զգեստափոխվել 6-7 անգամ՝ կրելով մեկը մյուսից շքեղ ու բազմերանգ հագուստներ: Դա անմիջականորեն կապված էր այն տեսաձայնային շոուի հետ, որ ցուցադրվում էր մեծ էկրանին: Երգչուհու հետ բեմում էին նաեւ երաժիշտներն ու պրոֆեսիոնալ պարողները: Ի դեպ, երեկոյի ընթացքում Նատալիան հանդիսատեսին ներկայացավ նաեւ ակուստիկ ու էլեկտրոնային կիթառ նվագելու իր հմտությամբ: Շուտով նրան շարունակելու եկավ բեմում գտնվող երաժիշտներից մեկը, որ իր կիթառով նվագեց Հայաստանի Հանրապետության պետական օրհներգը: Հանդիսատեսը հոտնկայս ողջունեց նրա այդ ելույթը:

Նատալիա Օրեյրոյի երեւանյան մենահամերգին


Ազնվության համար պիտի նշենք, որ դահլիճում ներկա մարդկանց մեծ մասը միայն մի քանի հայտնի երգ գիտեր երգչուհու երգացանկից, բայց դա չէր խանգարում, որ ձայնակցեին նաեւ մյուս կատարումների ժամանակ: Ամենասպասված պահը, իհարկե, «Cambio dolor» երգի կատարումն էր, որի ժամանակ պարում ու երգում էր ողջ դահլիճը:

Դիանա Հովհաննիսյանը, Աելիտա Չիլինգարյանը եւ Սոնա Աբրահամյանը համերգին եկել էին «Վայրի հրեշտակի» հայտնի կերպարով:)


Համերգի ավարտին բեմ բարձրացավ նաեւ երգչուհու որդին, որպեսզի օգներ մայրիկին ներս տանել բազմաթիվ ծաղիկներն ու նվերները: Այդ ընթացքում հանդիսատեսն առիթը բաց չէր թողնում Նատալիա Օրեյրոյի հետ մեկ լուսանկար ունենալու համար: Երգչուհին հայերեն շնորհակալություն հայտնեց ներկաներին, ապա հույս հայտնեց, որ հանդիպումներ դեռ էլի կլինեն:

Տեքստը` Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին