×


Լիա Զախարյան.«Այս մեթոդով ինչ երազանք պահել եմ, իրականացել է»

Գալիք տարվա «ներկայացուցիչներից» է Լիա Զախարյանը: Կապիկի տարում ծնված դերասանուհին ոչ միայն լուսանկարվել է BRAVO.am-ի նախատոնական նոր ֆոտոշարքում, այլեւ մեզ հետ զրույցում ամփոփել է 2015 թվականի հաջողությունները, խոսել առաջիկա ծրագրերի, Ամանորի հրաշքի եւ կյանքում առաջին անգամ Ձմեռ պապիկին նամակ գրելու ցանկության մասին:):

Լիա Զախարյանը


Ձեռքբերումներ, անհաջողություններ

2015-ից շատ գոհ եմ: Այս տարի ավարտեցի ԳԱԱ միջազգային հարաբերությունների բաժնի մագիստրատուրան եւ ընդունվեցի Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտ, նկարահանվեցի «Իմ փոքրիկ փեսացուն» ֆիլմում, սկսեցի աշխատել որպես մարկետոլոգ-մենեջեր, ստեղծեցի հեղինակային հաղորդում. արդեն մի քանի շաբաթ է` 21TV-ով ցուցադրվում է «Սթար դուետ» հաղորդումը, որի մտահղացումը, իրականացումն ու պրոդյուսինգն իմն է: Մի խոսքով` այս տարին աչքի ընկավ փոփոխություններով եւ ձեռքբերումներով, իսկ անհաջողություններ չեմ գրանցել, քանի որ ամեն ինչին լավ կողմից եմ նայում:

Անկանխատեսելի հանդիպումներ

Ռեալիստ եմ, երեւի դրա համար էլ չեմ հետեւում ամենօրյա աստղագուշական տեսություններին, միայն կարդում եմ Կապիկի ու Կշեռքի բնութագրերը: Սիրում եմ, երբ օրս անցնում է չծրագրված, անկանխատեսելի հանդիպումներով եւ անսպասելի վայրեր այցելելով:

Լիա Զախարյանը


Խենթ, աշխույժ եւ ճկուն

Կապիկն իմ սիրելի կենդանին դարձավ, երբ իմացա, որ նրա տարում եմ ծնվել: Նրան սիրեցի, բայց բանան` ոչ:): Շատ հատկանիշներ ունեմ, որոնց համար շնորհակալ եմ կապիկին` ճկունություն, խենթություն, անկանխատեսելի շարժունություն, լավ տրամադրություն եւ ակտիվ առօրյա: Ասում են` Կապիկի տարում ծնվածներն արվեստին մոտ մարդիկ են, ներդաշնակ են ցանկացած միջավայրում, կարողանում են գրավել մարդկանց ուշադրությունը, սիրում են երգել, պարել, գիրք կարդալ, նորաձեւությանը հետեւել: Այս բոլոր հատկանիշներն էլ ունեմ:

Իրականացած երազանքներ


Նոր տարվա երազանք մտապահելու իմ տարբերակն ունեմ. ցանկությունս գրում եմ թղթի վրա, վառում եմ եւ մոխիրը ոչ թե շամպայնի մեջ եմ լցնում ու խմում, այլ պատուհանի մոտ եմ գնում ու փչում: Կարծում եմ` երբ խմում ես, այն քո մեջ է մնում, իսկ այսպես կատարվում է: Այս մեթոդով ինչ երազանք պահել եմ, իրականացել է:

Լիա Զախարյանը


Պետք է կողմնորոշվեմ` ինչ երազանք պահել գալիք տարվա համար, քանի որ իմ ուժերը շատ ոլորտներում եմ փորձում` հեռուստատեսություն, թատրոն, մարկետինգ, լեզվաբանություն, պրոդյուսինգ: Միանգամից շատ բան եմ ուզում անել, բայց կարծում եմ` ժամանակն է, որ մեկ-երկու բան ընտրեմ ու առաջ շարժվեմ, որպեսզի հենց այդ տեսակով ինձ ճանաչեն:

«Գուցե 2016-ին սիրահարվեմ»

Անձնական երազանք չունեմ. միակ դեպքն է, որ չգիտես` երբ կլինի, ինչ կլինի: Եթե ցանկություն գրեմ, գուցե լինի, բայց պետք չի սպասել դրան, պարզապես պետք է ապրել: Իմ տարում ամուսնանալու համար պետք է Այծի կամ դրան նախորդող տարում հանդիպած լինեի նրան: Գուցե 2016-ին սիրահարվեմ, եւ դա կլինի իմ նվերը Կապիկից, կամ էլ տարվա հաջողությունը, բայց դժվար հենց նույն տարում էլ լուրջ քայլի դիմեմ:

Լիա Զախարյանը


«Ձմեռ պապին չեմ հավատացել ու նամակ չեմ գրել»

Ձմեռ պապին երբեք էլ չեմ հավատացել: Երբ առաջին անգամ տեսա նրան ու նկատեցի կոշիկները, հասկացա` այդ ամենը միֆ է: Երբեւէ նրան նամակ չեմ գրել, բայց այս տարի նման ցանկություն ունեմ: Ուզում եմ Ամանորից մեկ օր առաջ կամ այդ օրը ցանկություններով լի նամակ գրել ու թողնել ինչ-որ վայրում: Հավատում եմ, որ կկատարվի այն, ինչ գրեմ ու անհայտ հասցեով թողնեմ: Գիտեմ, որ անակնկալ մի լավ բան լինելու է, թեկուզ իմ գրածի շնորհիվ:

«Պետք է մինչեւ լույս տոնել տարեմուտը»

Այս տարի էլ Ամանորի գիշերն ընտանիքիս հետ կլինեմ, որից հետո գործընկերներիս հետ որեւէ վայրում մինչեւ առավոտ կտոնենք տարեմուտը: Այդ օրն իսկապես իմ ներսում էլ նոր տարի է լինում: Կարծում եմ` ոչ թե պետք է մի երկու ժամ նշել տոնն ու քնել, այլեւ մինչեւ լույս ուրախանալ:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/
Լուսանկարահանումն իրականացվել է «Any Rose» խանութ-սրահում
Դիմահարդարումը եւ վարսահարդարումը` Անկա Ներսիսյանի
Հագուստը` «Ալիսա fashion studio»-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW