“Տնփեսա” սիթքոմում Անուշավան պապիկը նրան դիմում է փաղաքշական ամենատարբեր բառերով, նրան հիմնականում տեսնում ենք խոհանոցում ուտեստներ պատրաստելիս, իսկ նկարահանման հրապարակից դուրս Սիլվայի կերպարն անհետանում է Լուսինե Արշակյանի կյանքից:): BRAVO.am-ի հետ զրույցում դերասանուհին պատմել է ընտանիքի, եղբայրների կատակների եւ դեռեւս չիրականացած երազանքի մասին:
Մկրտիչ Արզումանյանը եւ Լուսինե Արշակյանը
Ընտանիքում, թերեւս, միայն մայրս էր ուրախ դերասանուհի դառնալու որոշմանս համար, իսկ 4 եղբայրս դեմ էին: Այնուամենայնիվ, ընդունվեցի Թատերական ինստիտուտի երաժշտական թատրոնի դերասանական բաժին` իրականացնելով իմ եւ մայրիկիս երազանքը:
2000 թվականից աշխատում եմ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում: Խաղացել եմ “Խաթաբալա”, “Բալզամինովի ամուսնությունը”, “Շառլ Ազնավուր եւ Պիաֆ”, “Պաղդասար ախպար” եւ այլ ներկայացումներում, “Նախաճաշ երկուսի համար” , “Խնկարկում” գեղարվեստական եւ “Ինչ էլ որ լինի” փաստագրական ֆիլմերում, “Կյանքի գինը” սերիալում, “Տաքսի Նեմա” սիթքոմում եւ այլն: Հիմա զբաղված եմ Գուրգեն Խանջյանի “Էսպես մինչեւ ե՞րբ” կատակերգությունում:
Դերասանը պետք է կարողանա ինչպես դրամատիկական, այնպես էլ կատակերգական դերեր կերտել: Անվերջանալի թվացող սերիալային լացուկոծից հոգնել էի, եւ երբ զանգահարեցին “Արմենիա” հեռուստաընկերությունից ու ասացին, որ հրավիրում են խաղալ “Տնփեսա” սիթքոմում, անմիջապես համաձայնեցի եւ չեմ զղջում:
Լուսինե Արշակյանը` որդու հետ
Հեռուստատեսությունն, իսկապես, լայն ճանաչում է բերում դերասանին, սակայն հայտնի լինելն ինձ համար վերջին պլանում է: Առաջին հերթին ձգտում եմ իմ խաղով գոհացնել հանդիսատեսին ու հեռուստադիտողին:
Որպես հայ քրիստոնյա, ամեն առավոտ աղոթքով օրս հանձնում եմ Աստծուն, հետո ամեն բան ընթանում է իր հունով:
Ամուսինս` Արսեն Գրիգորյանը, նույնպես դերասան է, խաղում է “Մհեր Մկրտչյան” արտիստական թատրոնում, զուգահեռ նկարահանվում է “Ընտանեկան պատմություններ” հեռուստանախագծում:
Երկու դերասան մեկ հարկի տակ չեմ կարող ասել, թե ինչպես են ապրում, համենայն դեպս, չենք դժգոհում:): Դերիս հետ կապված խանդի տեսարաններ երբեմն լինում են, բայց դա բնական երեւույթ է:
Լուսինե Արշակյանի ամուսինը` դերասան Արսեն Գրիգորյանը եւ որդին
Տղաս` Զորայրը, հինգ տարեկան է եւ աշխատանքիս վերաբերվում է շատ համբերատար: Մեծ հաճույքով է դիտում սիթքոմը, երբեմն էլ գալիս է նկարահանման հրապարակ:
Սիլվան ընդամենը կերպար է. եթե դերասանն ամեն դերից մի բան վերցնի եւ օգտագործի առօրյայում, ապա կկորցնի ինքն իրեն:
Անուշավան պապիկի փաղաքշական դիմելաձեւերին միշտ վերաբերվել եւ շարունակում եմ վերաբերվել հումորով: Հումորը շատ կարեւոր տեղ ունի նաեւ մեր ընտանիքում: Հետաքրքիր է, բայց ամուսնիս երբեք “էկլերիկ”, “համովիկս”, անուններով չի դիմում, սակայն շրջապատում մտերիմներս հաճախ են “իիիֆֆֆ”-ով ողջունում, երբեմն էլ Սիլվա են ասում:
Լուսինե Արշակյանը
Եղբայրներս Սիլվայի ամենաջերմ երկրպագուներն են: Երբ հավաքվում ենք, հյուրերի մոտ հաճախ հպարտանում են, թե սուրճը Սիլվան է պատրաստել:):
Երեւի քչերը գիտեն, որ նաեւ երգում եմ: Երգի հանդեպ սերը ժառանգել եմ մայրիկիցս: Շատ լավ ձայն ունի, սակայն ծնողները չեն ցանկացել, որ արվեստի ուղին ընտրի: Ունեմ հեղինակային երգ, տեսահոլովակներ եւ բազմաթիվ ձայնագրություններ, երբեմն մասնակցում եմ համերգների: Գուցե մեկ օր էլ ձայնասկավառակ թողարկելու երազանքս իրականացնեմ:
Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Լուսինե Արշակյանի անձնական արխիվից եւ VP Photography-ի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: