×


Լուսինե Գալստանյան.“Ամուսնուս հանդիպեցի Միլանում եւ տեղափոխվեցի Փարիզ”

Նրան շատերը կհիշեն հեռուստաէկրաններից: Ամեն առավոտ բարի լույս մաղթող Լուսինե Գալստանյանն այժմ բնակվում է Փարիզում` քայլ առ քայլ գրանցելով նոր հաջողություններ արդեն բեմերում: Եվ ահա, վերջերս Իսպանիայի “Բիլբաո-Բիսկայա” օպերային երգիչների միջազգային մրցույթում նա գրավել է առաջին հորիզոնականը:

Լուսինե Գալստանյանը


-Լուսինե, BRAVO.am-ը շնորհավորում է հաղթանակի առթիվ: Մանրամասնիր, խնդրեմ, ինչպե՞ս իմացար այս մրցույթի մասին եւ ինչպե՞ս այն ընթացավ:


-Շատ շնորհակալ եմ շնորհավորանքի եւ հարցազրույցի համար: “Բիլբաո-Բիսկայան” հայտնի մրցույթ է օպերային երգարվեստում եւ անցկացվում էր 15-րդ անգամ: Երեք փուլով անցկացվող մրցույթին այս անգամ մասնակցում էր 88 կատարող 19 երկրից, եւ ես Հայաստանի միակ ներկայացուցիչն էի: Ի դեպ, ժյուրիի կազմում էր նաեւ աշխարհահռչակ օպերային երգչուհի Ջյուն Անդերսենը, ում ձայնագրությունները լսելով էի սովորում ուսանողական տարիներին եւ երբեք չէի մտածել, որ տարիներ անց կարժանանամ նրա բարձր գնահատականին: Մրցույթի եզրափակիչ փուլում «Տրավիատա» օպերայից Վիոլետայի արիայի կատարումը ճակատագրական եղավ ինձ համար: Բառերով դժվար է նկարագրել այն պահը եւ ապրումները, երբ լսեցի առաջին մրցանակակրի անունը եւ Հայաստան բառը: Իհարկե, հաճելի է եւ պատվաբեր բարձր պահել Հայաստանի անունը միջազգային բեմերում:

-Երկար տարիներ աշխատել ես “Երկիր մեդիա”-ում որպես հաղորդավարուհի: Ինչպե՞ս ստացվեց, որ հեռուստաէկրանից տեղափոխվեցիր մեծ ու արդեն միջազգային բեմեր:


-Կոնսերվատորիայում ուսանելու տարիներին էր, երբ աշխատում էի“Երկրի առավոտը” հաղորդաշարում: Շատ էի սիրում հեռուստատեսային աշխատանքը, բայց եկավ մի պահ, երբ պետք է լուրջ ընտրություն կատարեի մասնագիտության հարցում՝ հեռուստաեթեր, թե երգարվեստ: Բնականաբար, օպերային արվեստը հաղթեց: Միջազգային մրցույթից ստանալով Գերմանիայում աշխատելու եւ սովորելու պայմանագիր` մեկնեցի Նյուրնբերգ` կատարելագործվելու իմ մասնագիտության մեջ:  Այդ ընթացքում մասնակցել եմ միջազգային տարբեր մրցույթների եւ ծրագրերի:

-Ովքե՞ր էին այն մարդիկ, որ հավատում էին քո ուժերին: Փաստորեն արդարացրեցիր նաեւ նրանց սպասումները:

-Առաջինը, որ միշտ աջակցել են ինձ, ծնողներս են, ինչպես նաեւ ուսուցչուհիս` ԵՊԿ դոցենտ Գայանե Գրիգորյանը, ով անվերապահորեն հավատացել եւ ոգեւորել է ինձ յուրաքանչյուր ելույթի ժամանակ, ում անչափ շնորհակալ եմ: Այժմ արդեն իմ ամենամեծ աջակիցն ու ոգեւորողն ամուսինս է, ով նույնպես երաժիշտ է:

Լուսինե Գալստանյանը


-Ի՞նչ բարդություններ կան դասական երաժշտության այս ոլորտում, որ հաղթահարել ես ու դեռ պիտի հաղթահարես:

-Բարդություններ եւ խոչընդոտներ լինում են գրեթե բոլոր մասնագիտություններում եւ ոլորտներում, բայց դասական երաժշտության մեջ պահանջվում է առանձնակի նվիրում, որի դեպքում սիրով ես հաղթահարում բոլոր դժվարությունները: Երգարվեստում միայն ձայնային լավ տվյալներ ունենալը դեռ բավական չէ, թերեւս ամենակարեւորը վոկալի ճիշտ ուսուցիչ ունենալն է, հետագայում արդեն պահանջվում է համբերատար աշխատասիրություն, չկոտրվելու, անընդհատ պրպտելու ընդունակություն եւ հավատ ու սեր սեփական ուժերի հանդեպ:

-Որո՞նք են ամենատպավորիչ կերպարները, որ մարմնավորել ես:


-Առաջին մեծ դերերգը, որ կատարել եմ դեռ Երեւանի պետական կոնսերվատորիայի օպերային ստուդիայում, Լուչիայի դերերգն էր «Լուչիա դի Լամերմուր» օպերայից, որը շատ տպավորիչ էր եւ անմոռանալի: Հետագայում արդեն Նյուրնբերգի օպերային թատրոնում կատարել եմ Դեսպինայի դերերգը Մոցարտի «Այդպես են վարվում բոլորը» օպերայից, Ֆրասկիտա` Բիզեի «Կարմեն» օպերայից եւ այլ դերերգեր, որոնք առանձնացել են իրենց յուրահատուկ բեմադրությամբ:  

-Ո՞ր բեմերում կցանկանայիր հանդես գալ ու հատկապես ո՞ ր օպերային դերերգերով:


-Բոլոր օպերային երգիչներն էլ ցանկանում են երգել աշխարհի ճանաչված օպերային թատրոններում, ինչպիսիք են Միլանի Լա Սկալան, Նյու Յորքի Մետրոպոլիտենը, Լոնդոնի Քովենթ գարդենը, Վիեննայի պետական օպերային թատրոնը եւ այլն: Բայց ինձ համար ամենակարեւորը սիրելի դերերգով հանդես գալն է եւ ոչ թե բեմի մեծությունը կամ հայտնիությունը: Ապագայում կցանկանայի կատարել Ջիլդայի, Վիոլետայի, Կոնստանցայի, Մանոնի դերերգերը, որոնք ինձ շատ հոգեհարազատ են: 

Լուսինե Գալստանյանը եւ Ջյուն Անդերսենը


-Լուսինե, ինչպե՞ս ստացվեց, որ հայուհին, ով գնացել էր Գերմանիա իր երազանքի հետեւից, հանդիպեց իր երկրորդ կեսին եւ հայտնվեց Ֆրանսիայում:

-Այո, Գերմանիա մեկնել էի սիրելի մասնագիտությանս մեջ կատարելագործվելու համար, բայց վստահ էի, որ հանդիպելու եմ այն անձնավորությանը, ում հետ կստեղծեմ ընտանիք եւ նաեւ կլինեմ բեմում: Եվ այդպես էլ եղավ, մենք հանդիպեցինք Միլանում, բայց նա ապրում էր Փարիզում, հետեւաբար, ամուսնութունից հետո տեղափոխվեցի Ֆրանսիա:

-Մայրիկ, կին եւ օպերային երգչուհի, ինչպե՞ս ես համատեղում այս երեք տարբեր ու միաժամանակ բարդ “մասնագիտությունները”:

-Ճիշտ է, երեք տարբեր ու միաժամանակ բարդ, բայց երեքն էլ անսահման սիրելի: Իսկ եթե իշխում է սերը եւ ներդաշնակությունը, ապա անհնարին ոչինչ չի կարող լինել:

Զրուցեց Անի Կարապետյանը/Bravo.am/
Լուսանկարները` UnaiNuño-ի 

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW