Արշո Հարությունյանն ու Լուսինե Երնջակյանը վերադարձել են Իտալիայից, որտեղ համատեղել են հանգիստն ու աշխատանքը։ Երեւանի կամերային թատրոնում աշխատող ռեժիսոր-ամուսինները Տրենտո քաղաքի կինոփառատոնին ներկայացրել են “Խավարում” ֆիլմը։
Լուսինե Երնջակյանը եւ Արշո Հարությունյանը
Ռեժիսոր Արա Երնջակյանի “Խավարում” կարճամետրաժ կինոնկարը նվիրված է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Ֆիլմը, որի պրոդյուսերն Արշո Հարությունյանն է, մասնակցել է “Ոսկե ծիրան”-ին, հաղթել է “Ֆրեսկո” փառատոնում. “Մասնակցելու առաջարկը ստացել էինք կազմակերպիչներից։ Իրենք ցանկություն ունեին այս տարի Ցեղասպանության մասին հայկական ֆիլմ ցուցադրել եւ ընտրել էին այս ֆիլմը։ Երկու անգամ ցուցադրվեց, դիտողները հուզված էին… Սա ֆիլմ է առանց բռնության տեսարանների ու արյան, ներկայացված է երեխաների պատմությունը։ Ավարտին նշվում է, որ ամենածանր հետեւանքները երեխաներն են կրում։ Այդ սպին՝ “խավարումը” մնում է իրենց ողջ կյանքում”, - BRAVO.am-ի հետ զրույցում պատմել է Լուսինե Երնջակյանը։
Ամուսինները 11 օրվա ընթացքում եղել են Հռոմում, Ֆլորենցիայում, Վենետիկում եւ Վերոնայում.“Քանի որ աշխատանքային գրաֆիկը թույլ չի տալիս երկրից մեկնել, մենք համատեղում ենք հյուրախաղերի հետ։ Օգտվելով առիթից` ակտիվ զբոսաշրջիկի կարգավիճակով շրջել ենք քաղաքներով: Երկուսս էլ ամենից շատ տպավորված ենք Ֆլորենցիայով եւ ամենաքիչը` Վենետիկով։ Տարօրինակ է, բայց Վենետիկից մեր սպասումները շատ էին, այդքան էլ չարդարացան, գուցե պատճառն այն է, որ սկզբում տեսանք արվեստով լի Ֆլորենցիան։ Ես նկարչության մեծ ֆանատ եմ, պատկերասրահներում լինելն ինձ համար մի ամբողջ աշխարհ է. որքան հնարավոր էր, երկար եմ մնացել։ Հռոմն էլ տպավորիչ էր. փողոցներում շնչեցինք ֆանտաստիկ պատմությունն ու մշակույթը”։
Լուսինե Երնջակյանը
Նրանց որդին՝ 3,5 տարեկան Արան, ծնողների հետ չի մեկնել, սակայն ստացել է սպասված նվերը.“Գործնական ուղեւորություններին նրան մեզ հետ չենք տանում։ Կարծում եմ՝ երեխայի համար հետաքրքիր չէ, նույնիսկ տանջալի է անընդհատ վազքի մեջ լինելը, որովհետեւ չի հասկանում, թե ինչու են իրեն մի տեղից մյուսը տանում, հաճույք չի ստանում, չի կարողանում նորմալ քնել ու սնվել, դրա համար որոշեցինք նրան հանգիստ թողնել։ Երբ վերադարձանք, նա արդեն մտածում էր, որ իրեն թողել ու հեռացել ենք, բայց կարողացանք սիրտը շահել։ Ամբողջ Իտալիայում խաղալիք ինքնաթիռ էինք փնտրում, նվերը տեսնելուց հետո մեզ ներեց:)”։
Արշո Հարությունյանի եւ Լուսինե Երնջակյանի որդին
Ի դեպ, Կամերային թատրոնի դերասանական կազմը վերջերս եղել է Սանկտ-Պետերբուրգում։ Լուսինեն հայտնել է, որ “Կառավարական համերգ” ներկայացմամբ մասնակցել են թատերական փառատոնի.“Ցավոք, երկու օր ենք մնացել, որովհետեւ մեր թատրոնի խաղացանկը խիտ է, բայց մեզ տպավորել է Պետերբուրգը, իրենց էլ` մեր ներկայացումը”։
Ստորեւ, ներկայացնում ենք “Խավարում” կարճամետրաժ ֆիլմը, որն այս օրերին մասնակցում է Կանադայի Տորոտո քաղաքում տեղի ունեցող “Pomegranate” հայկական փառատոնին։
BRAVO.am
Լուսանկարները՝ Լուսինե Երնջակյանի արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: