×


Ինչպես անցան «Սարոյանական օրերը» Երեւանում

Սեպտեմբերի 5-ից 11-ը Երեւանում «Սարոյանական օրեր» էին։ ԱՄՆ-ում հիմնադրված եւ գործող «Վիլյամ Սարոյան» հիմնադրամի նախաձեռնությամբ անցկացվել են մշակութային տարբեր միջոցառումներ՝ նորովի բացահայտելու Վիլյամ Սարոյանի կյանքը եւ ստեղծագործությունները։ Հ․ Մալյանի անվան թատրոնում խաղացել են «Պատմություններ գնացքում» ներկայացումը, որով էլ մեկնարկել է թատրոնի նոր խաղաշրջանը։

Միջոցառմանը ներկա էին «Վիլյամ Սարոյան» հիմնադրամի նախագահ Սքոթ Սեդրակյանը եւ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը․ նախաձեռնությունն իրականացվում էր ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության հետ համատեղ։ Մեր զրույցում Սեդրակյանը պատմել է, որ նախորդ տարի, երբ եկել էր Հայաստան, մեծ հետաքրքրություն ու ոգեւորություն է տեսել Սարոյանի նկատմամբ եւ որոշել է թեմատիկ միջոցառումների շարք անցկացնել։ Հանդիպել է Հայաստանում ԱՄՆ դեսպանի հետ, եւ այդպես էլ ծնվել է «Սարոյանական օրեր» անցկացնելու գաղափարը։


«Պատմություններ գնացքում» ներկայացումը լավագույնս բացահայտում է Սարոյանի պատմվածքների գույներն ու տրամադրությունները։ Ռեժիսոր Նարինե Մալյանը հատվածներ է վերցրել մի քանի ստեղծագործությունից եւ համադրել մեկ բեմադրության մեջ՝ երբեմն դրամատիկ, երբեմն էլ հումորային իրավիճակներով: 


«Շատ հետաքրքիր ստացվեց այս ներկայացման նյութի հետ աշխատանքը: Կարծես ինչ-որ մեկը բերեր պատմվածքներն ու ասեր. «Այստեղից այս հատվածը վերցրու, այստեղից՝ սա»։ Իհարկե, «Պատմություններ գնացքում» վերնագիրը հնարված է. Սարոյանը չունի այդպիսի ստեղծագործություն։ Մտածեցի, որ կարելի է այդ իրավիճակները տեղափոխել ու ներկայացնել գնացքում, որովհետեւ խոսում ենք մարդկային տարբեր ճակատագրերի մասին»,- BRAVO.am-ի հետ զրույցում ասել է Մալյանը։


Նա ընդգծել է, որ ներկայացումը բեմադրելիս շեշտը դրել է կատակերգական երանգների վրա, քանի որ ցանկացել է՝ հանդիսատեսը լավ տրամադրությամբ դուրս գա թատրոնից։


Դեսպան Քրիստինա Քվինը մինչ ներկայացման մեկնարկը հանդիսատեսին պատմել է, որ ծնվել է Կալիֆոռնիայում՝ այնտեղ, որտեղ ծնվել է Սարոյանը, եւ Հայաստանի ու ԱՄՆ-ի միջեւ կապն իր համար յուրահատուկ նշանակություն ունի․ «Ինձ համար Սարոյանը ոչ միային մշակութային կամուրջ է երկու երկրների միջեւ, այլեւ կապում է մարդկանց։ Չէ՞ որ նրա ստեղծագործությունները երբեք չեն կորցնում իրենց արդիականությունը եւ լցված են լավատեսությամբ»։


«Սարոյանական օրեր» նախագիծը ներառում էր ցուցահանդեսներ, թատերական այլ բեմադրություններ, կինոդիտումներ, գրական քննարկումներ եւ գրական մրցույթ։ Նախաձեռնության հեղինակները նշում են, որ միջոցառումները շարունակական են լինելու։

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի /Bravo.am/


Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW