BRAVO-ն ու շոումեն Արամ Մելիքյանը որոշել են թեթեւացնել այս տարվա հոկտեմբերից մինչեւ դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում ամուսնանալ պատրաստվող զույգերի հոգսը՝ հայտարարելով «Մեր սիրո պատմությունը» շարադրությունների մրցույթ, որի պայմաններին կարող եք ծանոթանալ այստեղ: Ստորեւ ներկայացնում ենք Լուսինեի եւ Վարդանի սիրո պատմությունը:
---
Ինչ որ մի տեղ լսել էի, որ ձմռան սերը հավերժ է... էս միտքն ամուր տեղավորել էի իմ պատկերացումների մեջ…
Ու ինքս ինձ համար ընդունելի տրամաբանություն էի վերագրել էդ մտքին… իբրեւ թե ցուրտ եղանակին մարդիկ ուրիշ են՝ տխուր, մտախոհ, մի քիչ հիասթափված, քնած մի քիչ... ու քանի որ տաք-տաք հագնված են, հոգին էլ էդ հագուսի տակ մի տեսակ քնած է... ասել է թե՝ անհասանելի է... իբրեւ սերն էդ ինչքան իսկական ու տաք պիտի լինի, որ քնած սրտին հասնի… արթնացնի…
Լուսինեն եւ Վարդանը
Դեկտեմբեր ամիսն էր... ես արթնացա…
Սովորական շագանակագույն աչքեր, բայց որ երկար նայում էի, թվում էր՝ չկա նման գույն բնության մեջ…
Նոր աշխատանքի էի անցել, երկու օր անց հանդիպեցինք, պարզվեց՝ իմ նախորդ աշխատավայրի հարեւանությամբ է աշխատում՝ մի հարկ վերեւ... Ես նրան, երդվում եմ, առաջին անգամն էի տեսնում, հա՛, նո՛ւյն շենքում էինք աշխատում՝ հարկերի տարբերությամբ, նո՛ւյն վերելակից օգտվում, բայց չե՛մ տեսել նրան, չե՛մ նկատել, չեմ նը-կա-տել... Եկավ, պնդեց, թե բազմիցս հանդիպել ենք, թե ես պատասխան ժպտացել եմ իր ժպիտին): Ասաց, թե հենց այն օրը, երբ սկսել է հետաքրքրվել իմ անձով, տիկին Լյուսիան (մեր հավաքարարն էր) նրան պատասխանել է, թե.
-Վարդան ջան, այսօրվանից աշխատանքի չի գալիս, ուրիշ աշխատանքի է անցել…
Հաջորդ օրը հանդիպեցի վեց միլիարդից այն մեկին՝ իմի՛ն…
Վստահ ցանկություններով, հստակ նպատակներով, անվերջ ձգտումով… պայքարով… արթուն... կյանքով... ապրելու անվերջ ձգտումով…
Միանգամից ընկերացանք, էնպիսի տպավորություն էր, թե մանկուց ենք ճանաչում միմյանց... Մի տեսակ անբացատրելի ծանոթ հոգի էր…
Բուռն, աննկարագրելի բուռն սեր, հույզեր, հույսեր, ծանոթություններ, թատրոններ, ծաղիկներ, ժպիտներ, դեմքեր, դեպքեր, իրադարձություններ... նշանադրություն... հարսանեկան նախապատրաստություններ…
Դե, ավանդական պարտավորություն կա, չէ՞, հերթով, շարքով, կարգով ընտրյալին հանձնել հասարակության դատին, բա՞ չտեսնեն բոյ-բուսաթը, աչքունքը…
Առաջին մարդկանցից մեկն, ում ներկայացրի Վարդանին, տատս էր՝ «սկայպով» ՝ Ղարաբաղի ձայնն է խոսում… Արագ-արագ (տատիկս դժվարանում է քայլել, ոտքն անընդհատ ցավում է), կրկնում եմ՝ վազելով եկավ, վարկենական դրեց ակնոցները, լայն բացեց աչքերն ու.
- Տղա ջան, բարեւ, տու մեր խուխեն սիրո՞ւմս:
Խեղճ Վարդանս, էդպիսի դիպուկ հարցի չսպասելով, ոչինչ չասող, բայց եւ անասելի խոսուն հայացքով, թե բա.
- Հա, հա, տատի ջան, բա ինչ եմ անում, շատ եմ սիրում, շատ… Դուք հանգիստ եղեք, առողջ եղեք, երկար ապրեք… մնացածը մենք կանենք…
- Բալա ջան, Լուսինեն իմ մեծ թոռն ա, ես մինչեւ ծոռանս տեսնամվեչ վեշմին տեղէլա քիննականչում էս աշխարհքան… դե, համելամ ուրան անումը իմ անումավըսըն տիրալ, իմը Սվետայա, դե ռուսերենան պերեվադիտ ըրած նշանակումա «Լյուս», տռանհետիյել խուխենը տիռալըն Լուսինե:
Գժվում եմ տատուս համար…
Վարդանը եւ Լուսինեն
Իմ գիտակից տարիքից ի վեր, էն տափակ հարցին՝ որո՞նք են իդեալական տղամարդու քո նախընտրելի հատկանիշները, ու քանի որ մարդիկ սիրում են հորինել դիմացինին, ես էլ իմ հերոսին էի հորինել՝
– Դեե, բանակ ծառայած լինի, բոյով ու չծխող...)
Ծխում էր… Ատում էի հա՛մ էդ հոտը, հա՛մ երեւույթը, հա՛մ… հա՛մ... Չէի կարողանում համակերպվել ինձ բաժին հասած իրականության հետ, բայց եւ անվերջ սիրում էի... պաշտում էի նրա խաղաղությունը…
Խոստացել էր, որ կթողնի... Օրերն անցնում էին ամիսներ դառնում... Ես հավատում ու սպասում էի, բայց մարդու սիրտը ճաքում է, երբ հույսի շնչից չափազանց լայնանալուց հետո հանկարծ կծկվում է իրականության ցրտից…
Բայց միեւնույնն է, վստահ էի՝ այն, ինչ հնարավոր է պատկերացնել, իրական է...
Ամուսնության առաջարկություն եւ... տատատադաաաամ... նվեր՝ առաջին հայացքից անհասկանալի ինչ-որ բան՝ ծխախոտի փոքր տուփ, թղթեր, ձեռագիր տառեր ՝ խճանկար էր, հավքեցի, ստացա՝ «քեզ շատ եմ սիրում, էլ չեմ ծխելու, կամուսնանա՞ս ինձ հետ» …
Պահեր կան՝ ակնթարթներ՝ վայրկյանների չափ, որ ստիպում են ապրել... Ձեր երեւակայության եմ թողնում պատկերացնել էն սպասված հուզումը, էն արցունքները, էն սերը, էն արեւները, որ ծագեցին իմ մեջ... էդ աստղագիտության մեջ է, որ արեւը մեկն է, կյանքում արեւներ շատ կան, տեսնել է պետք, պետք է կարողանալ տեսնել… Հիմա էլ, հենց հիմա էլ կգրկեի նրան, նույն հուզմունքով, շունչս պահած, դողալով մի քիչ, կարոտած կգրկեի... հաա, ու եթե երբեւէ Աստված մեզ աղջիկ պարգեւ, նրան պիտի Արեւիկ կոչենք… Արեւիկ, պատկերացնո՞ւմ եք:)
Իմ ու նրա մեջ եղածն ուրիշ է՝ կյանքը մի կյանքի կտոր միասին... մենք ապրում ենք մեր աշխարհում՝ մեր հորինած աշխարհում, որտեղ իրականությունն անորոշ է, որտեղ իրականություն է մեր ամեն մի երեւակայություն… որտեղ երազանքն ապագայի իրականությունն է... որտեղ հավերժ փոխադարձություն է... որտեղ սեր է ամեն բան...
Երջանկությունն ամենաանորոշ եւ ամենաթանկ բանն է աշխարհում, երջանկություն է իմանալ, որ ինչ-որ մեկին այնքան հարազատ է քո հոգու բարդ ու անհասկանալի խաղաղությունը…
Նոյեմբերին պատրաստվում ենք Աստծո առաջ միմյանց հավերժ սիրելու խոստում տալ… Պատասխանատու քայլ է, չափազանց…
BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: