«Տաթեւեր» ճոպանուղին ու Որոտանի կիրճն այս օրերին վերածվել է էքստրեմալ սպորտային տարածքի. աշխարհի տարբեր ծայրերից Սյունիքի մարզ ժամանած բեյսջամփերները ցատկում են ճոպանուղու խցիկներից՝ իրականացնելով խելահեղ թռիչքներ մոտ 320 մ բարձրությունից։
«Base Fest»` Տաթեւում
Հայաստանում առաջին անգամ անցկացվող «Base Fest»-ի յուրահատկությունն այն է, որ մասնակիցները պարաշյուտային թռիչքներ են կատարում ոչ թե բարձր շինություններից, այլ ճոպանուղու խցիկներից։ Մարզիկներից մի քանիսը բացմանը թռել են Արցախի դրոշը ոտքերին կապած, ինչը ծափերով ու բացականչություններով են ողջունել դիտողները։
Գինեսի ռեկորդների գրքում գրանցված ամենաերկար ճոպանուղուց ցատկելու գաղափարը փառատոնի է վերածվել, երբ նախորդ տարվա դեկտեմբերին ռուս հայտնի բեյսջամփեր Գլեբ Վորեւոդինն «Տաթեւի վերածնունդ» ծրագրի պատասխանատուներին առաջարկել է նախապես կատարել փորձնական թռիչքներ՝ հիմք դնելով առաջին «Base Fest»-ին։ Վերջինս էլ զբաղվում է օտարազգի մարզիկների ընտրությամբ ու վերահսկողությամբ։
«Base Fest»` Տաթեւում
Ավստրալացի բեյսջամփեր Քեմ Թրեյսին թռիչքից առաջ հայերենով հաշվել է մինչեւ երեքն ու թռել։): BRAVO.am-ի զրույցում ամենատարբեր վայրերից թռած 38-ամյա մարզիկն ասել է, որ առաջին անգամ էր ճոպանուղուց ցատկում։ Շուրջ 14 տարի շարունակ ճամփորդող ավստրալացին Հայաստանում առաջին անգամ եղել է 2007-ին` իր մոտոցիկլետով. «Բեյսջամփինգի իմաստն այն է, որ ցատկում ենք բարձր շինություններից, բայց սիրում եմ փորձարկումներ անել, ինձ ոգեւորում է նաեւ այն փաստը, որ ցատկում եմ աշխարհի ամենաերկար ճոպանուղուց: Դեռ մի քանի օր այստեղ ենք, մյուս օրերին ավելի շատ կցատկեմ։ Իսկապես լավ մթնոլորտ է՝ բարեհամբույր տեղացիներ, հիասքանչ սարեր ու իսկական դրայվ։ Շնչակտուր, միեւնույն ժամանակ անկրկնելի զգացողություններ ես ապրում։ Ցավոք, ընդամենը մեկ շաբաթով եմ եկել, պետք է մեկնեմ Ռուսաստան` մեկ այլ միջոցառման, այնուհետեւ Բոլիվիա»։
Սան Ֆրանցիսկոյից կանաչ վարսերով բեյսջամփեր Ամանդա Վիգրելին մոտ 15 տարի համատեղում է ճամփորդություններն ու էքստրիմը.«Շատ սիրուն բնություն ունեք, լեռներն այնքան գեղեցիկ են, հաճույք ստացա իմ թռիչքից ու երկնքից բացվող տեսարանից։ Ուրախ եմ, որ այս փառատոնի շնորհիվ առաջին անգամ եկա Հայաստան, ո՞վ գիտի, եթե փառատոնը չկազմակերպվեր, արդյոք կլինեի այստեղ, ուստի, ուրախ եմ այս հնարավորության համար»։
«Base Fest»` Տաթեւում
Ռուսաստանցի Կիրիլ Ստեպանովն էլ բեյսջամփինգն իր կյանքի իմաստը չի համարում, պարզապես էքստրիմի սիրահար է, ցատկելիս ազատության զգացողություն է ունենում, մանավանդ` ինքնաթիռից երկար ազատ անկման ժամանակ. «Մի քանի վայրկյան տեւող ցատկի ժամանակ զգում ես օդի ճնշումը, սկսում ես սեփական հնարավորություններիդ ավելի շատ հավատալ։): Եթե կյանքում ձեզ ինչ-որ բան պակասում է, հաճույք չեք ստանում, կարելի է էքստրեմալ մարզաձեւով զբաղվել։ Երկար ժամանակ է պահանջվում, անկանխատեսելի իրավիճակներում ցատկելով` փորձառու ենք դառնում։ Ամենակարեւորը` պիտի առողջ մնանք, չթուլանանք, որ դիտողներին հետաքրքիր շոու ցուցադրենք»։
Փառատոնի կազմակերպիչներից «Go2Armenia» զբոսաշրջային ընկերության ղեկավար Եկատերինա Դանեկինայի փոխանցմամբ՝ առաջին օրը թռել է 39 բեյսջամփեր։ Նրանք ցանկանում են Հայաստանն աշխարհին ներկայացնել ոչ միայն որպես պատմամշակութային ժառանգության, այլեւ նոր զգացողությունների ու տպավորությունների հետաքրքիր վայր։ Առաջին օրն ամփոփելով` նա նշել է, որ մասնակիցները հիացած են Հայաստանի բնությամբ.«Նրանք խարիզմատիկ ու էներգիայով լի մարդիկ են, յուրահատուկ մարզաձեւով են զբաղվում են, ինչի շնորհիվ շատերի ուշադրության կենտրոնում են։ Ամենակարեւորը` մարզիկները գոհ են եւ ասում են, որ իրենց ծանոթներին խորհուրդ կտան Հայաստան այցելել։ Այստեղի բնակիչները եւս հետաքրքրված են. հավաքվել ու դիտում էին` վայրէջքների ընթացքում ծափահարելով եւ բղավելով»:
«Base Fest»` Տաթեւում
6-օրյա փառատոնի ընթացքում Գերմանիայից, Ֆրանսիայից, Նիդերլանդներից, Շվեյցարիայից, Վրաստանից ու այլ երկրներից հավաքված էքստրիմի սիրահարները ոչ միայն ցատկում են, այլեւ ծանոթանում միմյանց հետ, ուսումնասիրում են զբոսաշրջային տարածքներն ու մասնակցում ժամանցային ծրագրերի։
Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Ֆոտոլուրի, Հայկ Մելքոնյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: