Թատրոնի եւ կինոյի դերասան, հեռուստահաղորդավար, այժմ նաեւ հեռուստաֆիլմերի «Երեւան» ստուդիայի տնօրեն Խորեն Լեւոնյանը հասարակությանը հայտնի է «Մի վախեցիր», «Սպանված աղավնին», «Մեծ պատմություն փոքր քաղաքում», «Իմ սիրելի քաղաք Երեւան»/«Տաքսի էլի լավ ա»/, «Խաչագողի հիշատակարանը», վերջերս նաեւ ռուսական արտադրության «Հինգ հարսնացու» ֆիլմերից, «Արա Գեղեցիկ եւ Շամիրամ» ներկայացումից ու այլ շատ դերերից, որոնք կերտել է հատկապես թատրոնում` փոքր տարիքից սկսած:
Խորեն Լեւոնյանը
Կյանքն է Խորենի ամենամեծ ուսուցիչը, նա կարեւորում է բեմն ու թատրոնը, մտահոգվում միջակությամբ: BRAVO.am-ի հետ զրույցում դերասանը խոսել է թատրոնի, կինոյի եւ առհասարակ, իր մասին:
Թատրոնի, կինոյի ու հեռուստատեսության մասին
Կյանքն ինձ գցեց այնտեղ, որտեղից սկսել եմ: Մեծացել եմ արվեստագետի ընտանիքում, շատ փոքր հասակից թատրոնում եմ եղել, հետո փորձեցի ուրիշ բաներով զբաղվել, բայց չկարողացա:
Խորեն Աբրահամյանի թոռ լինելը շատ պարտավորեցնող ու պատասխանատու է: Նրա հետ մի քանի ներկայացման մեջ եմ խաղացել, կա նաեւ ֆիլմ: Իմ բեմական գործունեության ճանապարհին, որպես ուսուցիչ, մեծ դեր է ունեցել Խորեն Աբրահամյանը:
Զարթնեցի ու լրիվ ուրիշ մարդ էի: «Մի վախեցիր» ֆիլմից հետո ամեն ինչ միանգամից`մեկ օրում փոխվեց: Սովորաբար շատ քննադատաբար եմ մոտենում իմ աշխատանքին, երբ ինձ քննադատում են, մեկ-մեկ ասում եմ` «հլը ինձ հարցրեք, ես ավելի շատ սխալ կգտնեմ սրա մեջ»:
Խորեն Լեւոնյանը
Կուզեի իմ կարիերայի ընթացքում ավելի շատ լինեին ներկայացումներն ու կինոները: Այդ դեպքում ճիշտ կլիներ: Հիմա փորձում եմ ինքս իմ ուժերով ինչ-որ բան անել, տեսնեմ` ինչ կստացվի:
Դերասանն առանց թատրոնի, կարծում եմ, սխալ է: Այս տարի վիշապն արդեն սկսել է իր մեծ-մեծ քայլերն անել: Կարծում եմ` նաեւ ինձ կօգնի, որ բեմում հանդես գամ, շատ մտքեր ու ծրագրեր կան, ամենակարեւորը` շատ մեծ ցանկություն:
Չգիտեմ ինչու, բայց հեռուստասերիալում նկարվելու առաջարկ ինձ ոչ ոք չի արել: Դա հարց է, որ ուզում եմ պարզել: Ես դեմ չեմ. ամեն մի երեւույթ եթերում ապրելու իրավունք ունի, բայց պետք է դրանց կողքին լինի ավելի արժեքավոր ու լավ արվեստ, որը հակակշիռ կլինի այդ ամենին, մարդիկ ընտրության իրավունք կունենան: Այդ դեպքում, բնականաբար, մարդը կցանկանա ավելի լավ արվեստ տեսնել, մյուսների ռեյտինգը կնվազի ու կամաց-կամաց կփակվեն: Մենք, ցավոք սրտի, այդ կողմը չունենք: Մարդկանցից է կախված` թող նայեն, թող չնայեն, դեմ դուրս գան: Բայց թող լինեն սերիալները, դերասանները խաղան, աշխատեն, եթե, իհարկե, դերասաններ են. սերիալներում, որ վերջերս տեսնում ենք, դերասաններ քիչ են լինում:
Այստեղ չեն ուզում, դուրսն են ուզում, երեւի ավելի լավ: Շուտով նոր համագործակցություններ կլինեն արտերկրում: Այստեղ հստակ առաջարկներ չկան, չգիտեմ` ինչով է պայմանավորված: Միայն Հանրայինի կողմից լավ առաջարկ կա:
Շատ դերեր կան, որ կուզեի խաղալ, բայց չեմ ուզում շատ անկեղծանալ:
Եթե գործը ճիշտ է բեմադրված, ինձ իմ ափսեի մեջ եմ զգում: Կարծում եմ` յուրաքանչյուր դերասան պետք է ներկայանա բոլոր ժանրերում:
Խորեն Լեւոնյանը
Թատրոն, կինո, հետո նոր` հեռուստատեսություն: Ինձ համար առաջնայինը թատրոնն է, կինոն, հետո նոր հեռուստատեսությունը: Կցանկանայի` թատրոնն ու կինոն հետ բերեին այն ուժն ու փառքը, որ ունեցել են` խոսել ժողովրդի հետ, օգնել ժողովրդին, լուծումներ առաջարկել, պատասխաններ հրահրել, բայց ցավոք սրտի, այսօր գլխավոր ուժը հեռուստատեսության ձեռքերում է: Պետք է ուշադիր լինել, թե ի՞նչ է ցույց տալիս հեռուստատեսությունը, ի՞նչ տեսակ դաստիարակություն, բարոյականություն է հնչում եթերից, ի՞նչ տեսակ մարդիկ ենք մենք:
Միայն կույր մարդուն չի կարող չանհանգստացնել հեռուստատեսության աղտոտվածությունը: Միայն կույր մարդը չի տեսնում, որ իր երեխաները նայում են այն: Իմ պես մտածողները շատ պետք է լինեն, պետք է փորձենք միասին ուղղել եթերը: Անհամեստությունս թող ինձ ների, թույլ տա ասել, որ Հանրայինը փորձում է պահել լեզվի անաղարտությունն ու որակը: Ես գիտեմ, որ ամեն ինչ լավ կլինի, գուցե մի օր մարդիկ կարթնանան ու կհասկանան, որ պետք է ուրիշ բան սերմանել ժողովրդի մեջ` ուրիշ ճաշակ, ուրիշ արվեստ, ուրիշ երաժշտություն:
Ազնվության պակաս կա մերօրյա արվեստում: Աշխատանքից զգացվում է` մարդն ազնիվ է իր գործի մեջ, թե ոչ: Չեմ հիշում անգլիացիները, թե ֆրանսիացիներն են ասում` «Ավելի լուրջ, ավելի խիստ` դեպի գործը, ավելի թեթեւ, ավելի հումորով` դեպի քո անձը», բայց այստեղ միանգամայն հակառակն է. ավելի լուջ ենք մեր անձի հանդեպ, իսկ գործը` «ձեռքի հետ էլի, մի բան կլինի»:
Միջակությունն ինձ հունից հանում է: Ամեն ինչ էլ կարող է հանել ինձ հունից, բայց ավելի շատ` միջակությունը, ինչքա՜ն իմաստ կա այդ մի բառի մեջ...
Խորեն Լեւոնյանը
Հիասթափություններ` հաղթանակելու համար
Չէի ուզի, որ որդիս այս դժվար գործի մեջ մտնի. ավելի լավ մասնագիտություններ կան, բայց եթե նկատեմ, որ ինքը չհուսահատվող, շուտ չհանձնվող, պինդ, ամուր բնավորության տեր տղա է, ինչին ես շատ եմ հավատում, եթե, իհարկե, ունեցավ այդ տվյալները, ես միայն ուրախ կլինեմ:
Հիասթափության զգացողությունը շատ է լինում իմ ոլորտում : Մեծ ցավ եմ ապրում, երբ տեսնում եմ ռուսական լավ ներկայացում մեր բեմի վրա, բայց կարծում եմ, եթե հիասթափությունները չլինեն, չեն լինի նաեւ հաղթանակները, կյանքը դեպի լավը տեսնելու կարողությունները:
Սխալվել, ընկնել ու բարձրանալ
Հայտնի լինելը մեր ժողովուրդն այլ կերպ է ընկալում: Նրանք կարծում են, որ դու հայտնի ես, պետք է զգույշ քայլեր անես, ուրիշ տեսակ լինես, բայց երբեմն չի ստացվում. դու էլ ես մարդ, ինչպես մյուսները, դու էլ կարող ես ինչ-որ բան անել, չանել, ինչ-որ մի տեղ սխալվել, ընկնել, բարձրանալ: Բոլորս սովորական մարդիկ ենք Աստծու առաջ:
Խորեն Լեւոնյանը
Ես ինձ աստղ չեմ համարում: Արդեն զզվում եմ այդ բառից, անգամ երկնքի աստղեր արտահայտությունը չեմ կարողանում լսել: Վերջին տարիներին շատ են չարաշահել այդ բառը. ով տեղից դուրս եկավ, աստղ սարքեցին: Մարդ պետք է մի քիչ ազնվություն ունենա, երբ իրեն ասում են`«դու աստղ ես», լուրջ չընդունի, ասի`«ինձ այդպես մի ասեք, ես այսինչ այսինչյանն եմ»:
Իմ մասին ասեկոսեներն ինձ չեն հետաքրքրում: Շատ բաներ կարող են խոսալ: Վերջերս ոչինչ չի հասել ականջիս, եթե հասնի էլ, հաստատ կկպչի ականջիս, կընկնի ու կկորչի, իմ վրա չի ազդի. ընդհանրապես թքած ունեմ այդ ասեկոսեների վրա, եթե նկատել եք, չեմ էլ հերքում: Ես այդքան ժամանակ չունեմ, բայց խելք ունեմ` լուրջ չեմ վերաբերվում այդ ամենին ու իմ ժամանակը չեմ վատնում դրանց համար:
Սիրահարվածությունը պարտադիր է : )
Ինչպես կասեր մեծն Վիլյամ Շեքսպիրը` Ռոմեոյի խոսքերով` «ես սիրուց զուրկ եմ»/ծիծաղում է- հեղ./: Ես հաճախ չեմ սիրահարվում, բայց մեր գործն այնպիսին է, որ սիրահարվածությունը պարտադիր է, չգիտեմ` ինչպես բացատրեմ: Փոքր տարիքում սիրահարվածություններ շատ են եղել, առաջին` ավելի լուրջ սերն ապրել եմ 15-16 տարեկանում. խոստովանեցի այն ու չվախեցա:):
Խորեն Լեւոնյանը
Երեւի ես ռոմանտիկայից հեռու եմ: Կարծում եմ` յուրաքանչյուր մարդ իր մեջ ունի ռոմանտիզմի ինչ-որ չափ, որ որոշ պահերի կարողանում է արտահայտել: Ռոմանտիզմը լավ բան է, բայց ռեալ, իարակնությունից չհեռացող:
Բաներ կան, որ ժողովուրդը չպետք է իմանա . կարող է այդ մարդու մասին սխալ բան տարածվի, ու նրա արվեստը կորցնի իր ուժը: Կարծում եմ, մարդիկ պետք է մահանան, հետո նոր լուսաբանվի նրանց անձնական կյանքը: Իմ անձնական կյանքից սովորաբար չեմ խոսում:
Ես երջանիկ եմ: Երջանկությունը պահ է, ակնթարթներ, որոնք երեւի պատասխանն են քո ապրածի ու արածի, որոնց շնորհիվ այդ պահին դու երջանկություն ես զգում: Ինչքան շատ անես, այդքան շատ կունենաս այդ ակնթարթները:
Իմ ձեռքբերումն այս կյանքում արու զավակս է, իմ սիրած գործով զբաղվելու հնարավորությունը:
Խորեն Լեւոնյանը
«Երեւի ես վատն եմ». Խորեն Լեւոնյան
Տեսախցիկից ու բեմից այն կողմ երեւի ես վատն եմ: Այդպես եմ մտածում:): Ամեն ինչ անում եմ այդ «վատը» փոխելու համար, փորձում եմ բոլորին լավություն անել, աշխատելու ուղիներ փնտրել:
Արվեստի մեջ տարօրինակություններով մարդիկ շատ կան : Երեւի դա էլ մասնագիտության մի կողմն է: Մարդն իր բացասական կողմերը շատ դժվար կարողանա տեսնել, պետք է կողքիններն արտահայտվեն: Իմ մտերիմներն արտահայտվում են, նամանավանդ ծնողներս, երբ տեսնում են ինչ-որ տարօրինակ բան, անպայման զգուշացնում են:):
Ինձ մտահոգում է վաղվա օրը, բայց նաեւ չի մտահոգում : Վախեցնում է վաղվա օրը, բայց նաեւ չի վախեցնում: Մտահոգում է հեռուստաեթերը, կարծում եմ` պետք է շտապ ինչ-որ մի բան փոխել այս ամենի մեջ, մենք դրա անհրաժեշտությունն ունենք: Առանց այն էլ ամբողջ կյանքում մտահոգված ենք եղել, թող պակասի այդ մտահոգությունը:
Աշխատում եմ ոչնչի համար չափսոսալ, բայց ... ամենամեծ ափսոսանքներից մեկն այն է, որ մարդիկ հեռանում են կյանքից, եւ դու այդպես էլ չես կարողանում քո ամենակարեւոր խոսքերն ասել նրանց: Իհարկե, ես հավատում եմ, որ կա ինչ-որ ուժ, որով նրանք մեզ հետ են, բայց նայել նրա աչքերին եւ ասել` ինչ ուզում ես, չես կարող ու չհասցրիր, ափսոսանք է:
Խորեն Լեւոնյանը
Նախասիրությունների մասին
Ֆուտբոլ եմ շատ սիրում: Սպորտն իմ նախասիրությունն է: Հանրայինը շատ լավ բան է մտածել, որ ես եւ մեկնաբաններից մեկը մի շատ լավ, հետաքրքիր խաղ միասին մեկնաբանենք: Կարծում եմ` շուտով կիրականացնենք:
Ավելի շատ սիրում եմ ռոք -ն ու R&B-ն: Նախընտրած ոճ չունեմ, տրամադրությունից է կախված, նույնիսկ կարող եմ ահավոր ծանր ռոք լսել:
Վերջին գիրքը, որ կարդացել եմ «Հայերի դատը Փարիզում»-ն է:
Փնտրտուքների մեջ է
Միշտ նորություն եմ փնտրում... ավելի շատ, ավելի նոր, ավելի հետաքրքիր: Կարծում եմ` ուսուցողական գործեր շատ ենք արել, չեմ ուզում գովել մեր աշխատանքը, բայց այն, եթե ոչ ավելի շատ, ապա գոնե ինչ-որ չափով ուսուցողական է` հայրենասիրություն, տղամարդկություն, խենթություններ:
Կոչ ժողովրդին. բարի եղեք, սիրեք իրար, մի փորձեք վատը տեսնել. վատը միշտ էլ կա, լավն է քիչ, աշխատեք լավը գտնել, ժողովուրդ: ):
Ուզում եմ հզորացնենք մեր մշակույթը, աշխարհն իմանա դրա մասին ու դրա մեջ ես իմ շատ փոքրիկ լուման ունենամ:
Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: