«Բազմազավակ մայր լինելը, միանշանակ, հիանալի է, պարզապես դեռ լիարժեք չեմ գիտակցում: Աննկարագրելի են ապրումներս, հույզերս: Իմ ընտանիքում ես միակ զավակն եմ եղել եւ ինձ միշտ պակասել է քրոջ կամ եղբոր ներկայությունը: Մինչ ամուսնությունս հստակ գիտակցել եմ, որ պետք է մի քանի երեխա ունենամ»՝ BRAVO.am-ի հետ զրույցում անկեղծացել է Մարինա Մարտիրոսյանը:
Մոսկվաբնակ պարուհի-հաղորդավարուհու երրորդ երեխան լույս աշխարհ է եկել հոկտեմբերի 18-ին: Փոքրիկին անվանակոչել են Մարկ: Ինչպես Մարինան է նշել, ընտրությունը բավական բարդ է եղել:
«Ես եւ ամուսինս չէինք կողմնորոշվում՝ ինչ անուն տանք մեր որդուն: Անվան մի քանի տարբերակ ունեինք: Երեկ ես հերթով թվարկեցի անունները, եւ երբ ասացի՝ Մարկ, փոքրիկս լայն ժպտաց: Դա ակնհայտ ժպիտ էր: Առանց երկմտելու որոշեցինք հենց այդ անունը տալ: Այնպես որ, որդիս ինքն է ընտրել իր անունը»,-ասել է նա:
Մարկին մեծ սիրով ու ջերմությամբ են դիմավորել քույրը՝ Ռաֆայելլան եւ եղբայրը՝ Առնոն: Նրանք անհամբեր սպասում էին իրենց փոքր եղբորը: Մարինայի խոսքով` ամեն օր հարցնում էին, թե երբ է ծնվելու: Առաջին հանդիպումը ծննդատանն է կայացել: Մայրիկը մտավախություն է ունեցել, որ գուցե երեխաները խանդեն: Ամեն ինչ, սակայն, այլ ընթացք է ստացել: Ինչպես նշում է՝ աննկարագրելի ջերմությամբ ու հոգատարությամբ են վերաբերվում տղային, հետագայում էլ ամեն ինչ կանի զավակների միջեւ նույն վերաբերմունքն ու ջերմությունը պահպանելու համար:
«Մենք արդեն տանն ենք: Մտերիմ ընկերների, հարսանիքի կնքահոր եւ նրա կնոջ ուղեկցությամբ մեր փոքրիկին տուն բերեցինք: Արդեն իսկ ձեւավորված ավանդույթի համաձայն` 3-րդ անգամ փուչիկների մի մեծ փունջ ուղարկեցինք երկինք: Այդպիսով ցանկանում ենք մեր երջանկությունը կիսել այլ ընտանիքիների հետ, որպեսզի նրանք էլ զգան եւ վայելեն զավակ ունենալու երջանկությունն ու բերկրանքը»,-ասել է հաղորդավարուհին:
Ի դեպ, երեխաների խնամքի հարցում Մարինան մենակ չէ: Ասում է՝ թեեւ հիմնական աշխատանքներն ինքն է անում, այնուամենայնիվ, ամուսինը եւս սիրով օգնում է իրեն:
Տեքստը`Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Մարինա Մարտիրոսյանի արխիվից եւ Դմիտրի Ալեյնիկովի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: