«Անցյալի ստվերներ» ,«Լույսի պահապանը» ,«Քույրը» սերիալներից եւ մի շարք նախագծերից հայտնի Կարեն Ասլանյանը մի քանի ամիս է, ինչ նկարահանվում է «Առաջնորդները» սերիալում: BRAVO.am-ի հետ հերթական զրույցում դերասանը խոսել է գործնական, ստեղծագործական նորությունների, անձնականի կյանքի մասին եւ ոչ միայն:
Կարեն Ասլանյանը
Ավելի ազատ
Հերոսս` Արամիկը, «Առաջնորդեներ»-ում առաջնային կերպարներից է: Շուտով արդեն հայաստանաբնակ հեռուստադիտողները եւս կարող են հետեւել սերիալին եւ գնահատել իմ դերասանական խաղը: Միշտ համեստ, կարգապահ կերպարներ եմ մարմնավորել, իսկ այս մեկը թույլ է տալիս ավելի ազատ լինել:
Քրիստինե Պեպելյանի «Մեծ սերը»
Այժմ միայն սերիալում եմ նկարահանվում: Բազմաթիվ առաջարկներ կան տարբեր տեսահոլովակներում եւս հանդես գալ, սակայն մերժում եմ, որովհետեւ այն ոչ սերիալ է, ոչ էլ` ֆիլմ. թռուցիկ մի վիճակ է, որը պետք է դադարներով լինի:
Այս ոլորտի իմ ընկերներն ու մտերիմներն ինձ արդեն «պատվավոր փեսա» կոչումն են տվել: Իմ մասնակցությամբ բոլոր սերիալների եւ տեսահոլովակների վերջում միշտ փեսայի դերում եմ լինում: Առաջին հաջողությունս համարում եմ Քրիստինե Պեպելյանի «Մեծ սեր» տեսահոլովակը:
Կարեն Ասլանյանը
Դեռեւս չիրականացած երազանք
Սովորում եմ Թատերական ինստիտուտի դերասանական բաժնի 4-րդ կուրսում:
Ժամանակին գեղարվեստական ֆիլմում նկարահանվելու առաջարկ էի ստացել, որտեղ պետք է մարմնավորեի գլխավոր հերոսին: Կազմակերպիչների եւ իմ միջեւ անախորժության պատճառով այդպես էլ չնկարահանվեցի: Կարելի է ասել, որ մինչ օրս երազանք է գեղարվեստական ֆիլմում հանդես գալը: Ցանկալի եւ երազած կերպար, որպես այդպիսին, չունեմ: Կարծում եմ`յուրաքանչյուրի մեջ էլ կարելի է որեւէ գույն գտնել:
Չի բացառվում, որ…
Ես եւ իմ ընկեր Բեն Ավետիսյանը հետաքրքիր նախագիծ ունենք, որը հաջորդ տարի կիրականանա էկրաններից հեռու եւ ավելի մոտ բեմին: Աշխատում ենք, դեռեւս նախապատրաստական փուլն է: Ստեղծագործում եմ 16 տարեկանից: Ունեմ բազմաթիվ սցենարներ, բանաստեղծություններ: Չի բացառվում, որ մի օր պոեզիայի երեկո էլ լինի:
Պահի ազդեցությամբ
Գրում եմ նաեւ երգի բառեր: Շուտով կներկայացնենք իմ եւ «Հայաստանի ձայնը» նախագծից հայտնի Մաշա Իսրայելյանի առաջին համագործակցության արդյունքը` տեսահոլովակ` հունական երգի քավեր տարբերակի հիման վրա, որի հայերեն հատվածի խոսքերի հեղինակը ես եմ: Պահի ազդեցությամբ ապրումներս հանձնել էի թղթին, եւ գեղեցիկ երգի բառեր դարձան: Շատ երգեր ունեմ, որոնք առաջիկայում մեր հայտնի երգիչ-երգչուհիներին եւս կառաջարկեմ:
Կարեն Ասլանյանը
Նախասիրություններ
Ազատ ժամանակ երբեմն լինում է: Այն անց եմ կացնում ծնողներիս, ընկերներիս հետ: Սիրում եմ երաժշտություն, հաճախ եմ լսում, ցավոք, չեմ տիրապետում երաժշտական գործիքների: Ժամանակ լինելու դեպքում կցանկանայի դաշնամուր նվագել սովորել:
Նախասիրություններս շատ են. համակարգչային խաղերի, հատկապես ֆուտբոլի սիրահար եմ: Ընթերցանությունը կարեւոր տեղ է զբաղեցնում իմ կյանում: Դեռ փոքր տարիքից ինքնուրույն եմ որոշել ինչ գրքեր կարդալ: Մի շրջան կար, երբ նախընտրում էի աուդիոգրքեր, հիմա էլի վերադարձել եմ տպագիր տարբերակին: Կարդացածս վերջին գիրքը Չեխովի «Բալենու այգին» է:
Անձնական
Ընկերուհի չունեմ: Այս պահին սիրտս ազատ է: Հիմա չեմ կարող ասել, թե ինչպիսի աղջկա եմ պատկերացնում իմ կողքին: Մի բան հստակ է, որ արտաքինից առավել հոգու գեղեցկությունն եմ կարեւորում: Երեք հատկանիշ հատկապես առաջնային են ինձ համար` համեստություն, կանացիություն, բարություն:
Կարեն Ասլանյանը
Շատ աղջիկներ քայլեր են անում, հաղորդագրություններ գրում: Նորմալ եմ համարում, որ աղջիկն է առաջին քայլն անում: Կարեւորը նրա մարդկային որակներն են: Ավելի շատ պատասխանում եմ անկեղծ նամակներին, հատկապես նրանց, ովքեր վստահ էին, որ անպատասխան կմնան:
Փոքրիկ սուտ
Շատ շքեղ վայրերի սիրահար չեմ. «գլամուրային» վայրերն արհեստական են ինձ համար: Երբեմն ժամադրությունից ուշացել եմ: Ավելի շատ ուշացել եմ, քան սպասել: Մոռացկոտ եմ: Եթե ժամադրությունը սիրելիի հետ է, ապա փոքրիկ սուտ եմ հորինում: Սուտ կա, որ կյանք արժե:
Նախատոնական
Ամենայն հավանականությամբ, Ամանորին ընտանիքիս հետ կբացակայենք քաղաքից կամ երկրից: Որոշել ենք հետաքրքիր մի վայրում նշել: Հաջորդ տարվա հետ կապված երազանքներ եւ նպատակներ շատ կան: Առաջին գեղարվեստական ֆիլմն ու ներկայացումը պետք է անպայման լինեն` նպատակ է: Անձնական կյանքում, կարծում եմ, ամեն ինչ ինքնըստինքյան կլինի: Նպատակասլաց եմ:
Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/
Լուսանկարահանումն իրականացվել է LOFT-ում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: