«Ժամանակի հետ ծնողները կա՛մ բեռ են դառնում, կա՛մ հիշողություն»,- ասում է «Ծնողը» ներկայացման ընտանիքի հայր Ռոբերտը (Ալբերտ Սաֆարյան)։ Նա տարիքն առած, սնանկացած ու տունը գրավ դրած տղամարդ է, որը կորցրել է գրեթե ամեն ինչ՝ առողջություն, երեխաների ուշադրությունը, ունեցվածքը, բայց ոչ իր ամբողջ կյանքի սիրուն՝ Լյուսիին (Էվելինա Շահիրյան):
Արդեն 50 տարի ամուսինները հոգ են տանում միմյանց մասին ու սիրում նույն երիտասարդական ավյունով։ Նրանք միայն մեկ ցանկություն ունեն՝ տեղափոխվել փոքրիկ տուն ու միասին ապրել: Վստահ են, որ երեխաները՝ Արթուրն (Սամվել Դանիելյան) ու Աննան (Արաքսյա Մելիքյան) այդ հարցում կօգնեն իրենց: Սակայն նրանք այլ ելք, քան բաժանել ծնողներին ու իրենց տուն տանել, չեն գտնում: Բժիշկ Աննան խնամում է հիվանդ հորը, իսկ Լյուսին տեղափոխվում է որդու տուն, որտեղ նրա կինն (Անահիտ Կիրակոսյան) ու դուստրն (Ադրինե Աճեմյան) ամեն ինչ անում են, որ տարեց կինն իրեն ավելորդ զգա: Դրան գումարվում է որդու անտարբերությունն ու ծնողների համար ժամանակ չգտնելը, եւ Լյուսին համաձայնում է տեղափոխվել ծերանոց:
Ծնողներին գնահատելու ռեժիսոր Սամսոն Մովսեսյանի խորհուրդը
«Ներկայացումը Ժոզեֆին Լոուրենսի «Հաջորդը դու ես» գործի հիման վրա է, որը գրվել է նախորդ դարի 20-ականներին: Այս թեմայով ֆիլմեր են նկարահանվել ու ներկայացումներ բեմադրվել: Պիեսը համամարդկային է, եւ փորձել ենք ընտրել այն դերասաններին, ովքեր առավելագույնս են համապատասխանում կերպարներին: Ներկայացումը «Շունչ» թատրոնում բեմադրելու գաղափարը վաղուց ունեինք:
Ցավոք սրտի, թեման հիմա էլ արդիական է: Մեր կարեւոր ուղերձներից մեկն այն է, որ փորձենք արժեւորել ամեն օրն ու ավելին չսպասենք: Կարեւոր է մեր հարազատներին գնահատել, երբ նրանք դեռ ողջ են»:
Արաքսյա Մելիքյանը պատմություն է կերտում
«Վաղուց էի սպասում այս ներկայացմանը: Առաջարկը ստացել եմ դեռ «Թմբկաբերդի առում»-ից առաջ, որում խաղալ համառորեն չէի ուզում։ Նախատեսված էր, որ Աննան պետք է բացասական կերպար լինի, քանի որ եղբոր հետ տեր չի կանգնում ծնողներին: Բայց ներկայացման ընթացքը բերեց նրան, որ այդպես վարվելու իր պատճառներն ունի: Նրա անձնական կյանքը չի դասավորել, ու պարփակված ներքին ագրեսիա ունի։
Դերին ծանոթանալու ընթացքում ու փորձերին ատում էի ինքս ինձ, մտածում էի՝ ինչպես է հնարավոր ծնողների հետ այդպես վարվել, մորդ ասել. «Սո՛ւս», հորդ ասել. «Ձայնդ կտրի՛ր»։ Բոլորն իրենց կգտնեն այս կերպարներում: Ամենակարեւորն այն է, որ վերջում մտածելու տեղ ես ունենում, իսկ որոշումը մնում է քո ուսերին։ Կարեւորը, որ մարդիկ հասկանան՝ քանի դեռ կյանքը չի ավարտվել, կարող են ինչ-որ բան շտկել։ Ինձ համար ներկայացումն այնքանով արժեք ունի, որ փորձում եմ իմ անձնական դրաման ու ողբերգությունը տանել կերպարի ներսում:
Սա իմ կյանքի լավագույն պահն է, որը վայելում եմ, քանի որ տիկին Էվելինայի հետ խաղալու հնարավորություն ունեմ: Հենց առաջին օրը նրան էլ եմ այդ մասին ասել: Բախտավոր եմ, որ խաղացել եմ իմ թատրոնի մեծերի հետ. Ալբերտ Սաֆարյանն իմ 25 տարվա ու նաեւ առաջին խաղընկերն է Սունդուկյանում, «Ռուզան»-ում էլ հայր ու աղջիկ էինք: Անվանի ու լեգենդար տիկին Էվելինայի՝ այլ թատրոնի մեգասաստղի հետ խաղալը պատմություն կերտել է նշանակում ինձ համար ու մեծ պատիվ: Առողջություն նրան, որ դեռ երկար աշխատենք ու փայլենք միասին»։
Անահիտ Կիրակոսյանի առաջին բացասական կերպարը
«Այս ներկայացման մեջ խաղալու առաջարկ Սամվել Դանիելյանից ստացել եմ գիշերը ժամը 2:00-ին: Ասաց, որ տեղում կիմանամ, թե ինչ դեր է: Համաձայնությունս տվել եմ՝ առանց կերպարիս մասին իմանալու։ Ինձ հետաքրքրեց, որ առաջին անգամ ինձ հետ ընդհանրապես կապ չունեցող բացասական կերպար եմ մարմնավորելու: Պետք է նոր գույներ, մոտեցում ու տեսանկյուն գտնեի:
Ես ընտանիքի հարսն եմ, որը որքան էլ իրեն արդարացնել է փորձում, միեւնույն է՝ ինձ համար հանդիսատեսի համար մինչեւ վերջ համոզիչ չէ։ Նույնիսկ եթե հոգնել է ամեն ինչից, նման պահվածքը չեմ արդարացնում:
Ինքս ինձ բռնել եմ այն մտքին, որ կողքից ուղղակի նայում եմ ու արտասվում, թե պարոն Սաֆարյանն ու տիկին Շահիրյանն ինչպես են խաղում։ Հայրեր-որդիներ խնդիրը միշտ է եղել, բայց ներկայացման շնորհիվ այն պրոյեկտում ես քո կյանքի վրա, փորձում հասկանալ, թե ինչպիսի ծնող ու երեխա ես։
Այս ներկայացումը կարեւոր է նայել ցանկացած տարիքի մարդկանց: Այն բոլորի համար է ու պետք է սթափեցնի, որ վերանայենք, թե ինչպես ենք ապրում, որքանով ենք գնահատում մեր հարազատներին, օրվա ընթացքում որքան ենք հիշում սիրո ու սեր տալու մասին, անշահախնդիր նվիրվելու մասին»։
Ադրինե Աճեմյանի թատերական նորամուտը
«Անսպասելի եմ ստացել առաջարկն ու առաջին անգամ եմ խաղում մեծ բեմում: Ուրախ եմ, որ նման պրոֆեսիոնալ թիմի հետ եմ քայլերս անում։ Պատասխանատվություն եմ զգում: Երբ քեզ հնարավորություն է ընձեռվում, փորձում ես պատվով դուրս գալ այդ ամենից ու բոլորի հույսերն արդարացնել։
Երբ ավագ ընկերներս ու գործընկերներս ասում էին՝ թատրոնն ուրիշ աշխարհ է, հավատում էի, բայց չէի պատկերացնում: Հիմա ինքս կարող եմ նույնը հաստատել։ Նկարահանվել ու տեսախցիկի հետ աշխատել եւս շատ եմ սիրում, տա Աստված՝ երկուսում էլ շարունակեմ գործունեությունս: Դեռ աշխատանքս համատեղում եմ Թատերականում ուսմանս հետ:
Ինձ համար ներկայացումը ծնողական սիրո մասին է: Մեր պաստառի վրա գրված է, որ պատասխանատուն սերունդներն են։ Ես թոռնուհու դերում եմ, որի միջոցով ցույց ենք տալիս՝ երեխան տեսածն է սովորում: Երեխաները ընտանիքի հայելին են. ինչպես իր ծնողներն են վարվում, նույն կերպ էլ իրենք են անելու: Կարծում եմ՝ հանդիսատեսն իրեն կտեսնի այս ներկայացման մեջ»:
Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը
Լուսանկարները՝ Դավիթ Ղահրամանյանի
BRAVO.am


×
282





