BRAVO.am-ը երեկ տեղեկացրել է, որ “Մանկական Եվրատեսիլ 2012”-ի հայաստանյան նախընտրական փուլի արդյունքների հրապարակումից հետո մամուլում լուրեր են տարածվել, թե հաղթող “Compass band”-ը խախտումներ է թույլ տվել, մասնավորապես` “կեղծվել է մասնակիցների տարիքը, ինչը կարող է հիմք հանդիսանալ մրցույթի արդյունքները չեղյալ հայտարարելու համար”:
"Compass band"-ը
Թե ի՞նչ ընթացք կստանա “ահազանգը”, պարզ կլինի, երբ “Եվրատեսիլ”-ի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը կվերադառնա Ժնեւից:
Իսկ մինչ այդ մենք այս թեմայով զրուցել ենք եզրափակիչ փուլի մասնակիցներից Լիդուշիկի մայրիկի` Աննայի հետ, որը հետեւյալն է ասել. “Մանկական “Նոր ալիք”-ի հայաստանյան նախընտրական փուլին, երբ Լիդուշիկը ժյուրիի կազմում էր, տեղեկագրի մեջ նշված էր, որ Միքայելը 8 տարեկան է: Որքան հիշում եմ, “եվրատեսիլյան” պատմության մեջ եղել են փոքր տարիքի նվագողներ, պարողներ, որոնց փոխարինել են մեկ ուրիշով, իսկ այս դեպքում տղան խմբի անդամ է”:
Նշենք, որ մրցույթի կանոնադրության համաձայն` մասնակցելու իրավունք ունեն 10-ից 15 տարեկան երեխաները, եւ “Compass band”-ի ամենափոքր մասնակցի` Միքայելի տարիքը նշվել է 10-ը:
Կեղծվե՞լ է “Compass band”-ի ամենափոքր մասնակցի տարիքը
Լիդուշիկը, որը հայաստանյան նախընտրական փուլին երգել է “Շնորհավոր”-ը, BRAVO.am-ի հետ զրույցում ասել է` իր մասնակցության նպատակը նոր երգն ավելի մեծ լսարանի ներկայացնելն է եղել, իսկ “Մանկական Եվրատեսիլ”-ի օրերին մեկնելու է Մոսկվա` մասնակցելու ամանորյա նկարահանումների:
Փոքրիկ երգչուհին հստակ չգիտի` եթե նորից անցկացվի նախընտրական փուլ, կմասնակցի, թե` ոչ. “Չեմ կարող ասել, մի քիչ անիմաստ կլինի մասնակցելը: Ես հաղթող երգը մինչեւ վերջ չեմ լսել, քանի որ կանաչ սենյակում երեխաներն այնքան էին աղմկում, ծափահարում, որ հնարավոր չէր լսել: Հետո էլ ոչ ոքի երգով առանձնապես չեմ հետաքրքրվել, չեմ կարող ասել, թե ում երգն էր ավելի արժանի”:
Լիդուշիկը "Մանկական Եվրատեսիլ 2012"-ի հայաստանյան նախընտրական փուլին
“Մրցույթի ժամանակ բոլորն ավելի կենտրոնացած են դիտում ելույթները ոչ միայն Հայաստանում, այլեւ ողջ Եվրոպայում: Մեր նոր երգի համար “ռասկրուտկայի” լավ տարբերակ էր, եւ դրական արձագանքներ շատ ենք ստացել: Լիդուշիկի համար դա ամենամեծ գնահատականն է ու բացարձակ միեւնույնն է` ով կգնա: Ով էլ ներկայացնի Հայաստանը, թող լավ ելույթ ունենա”, - նշել է երգչուհու մայրը:
Նրա փոխանցմամբ` աղջիկն այժմ հրավեր ունի Իտալիայից. “Իտալական “Ti lascio una canzone” երաժշտական շոուն դադարից հետո վերսկսել է նկարահանվել, այս ամսվա մեջ պետք է լինեն մեր նկարահանումները: Մինչ տարեվերջ այնքան անելիք կա, որ նույնիսկ չենք պատրաստվում “Շնորհավոր” երգի հիման վրա տեսահոլովակ նկարել”:
Տեքստը` Լիանա Մեյթարջյանի / Bravo.am/
Լուսանկարները` BRAVO.am-ի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: