×


«Շելկունչիկ» բալետի ցուցադրությունը ԿինոՊարկում

ԿինոՊարկի ամանորյա նվերը. Մոսկվայի Մեծ թատրոնի «Շելկունչիկ» բալետը ցուցադրվեց Երեւանում

Մոսկվայի Մեծ թատրոնի «Շելկունչիկ» բալետը հանգստյան օրերին հնարավոր էր դիտել հենց Երեւանում: Պյոտր Չայկովսկու հեքիաթային այս ստեղծագործության ամենանոր տեսաձայնագրությունը՝ լավագույն արտիստների կատարմամբ, ցուցադրվել է «Երեւան Մոլ»-ի կինոթատրոնում: Սա «ԿինոՊարկ»-ի ամանորյա նվերն էր իր մեծ ու փոքր հաճախորդներին:

«ԿինոՊարկ»-ի ներկայացուցիչ Մարինա Ղամբարյանը BRAVO.am-ի հետ զրույցում նշեց, որ Ռուսաստանի օպերայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոնի հեղինակավոր այս բալետն առաջին անգամ է ներկայացվում Հայաստանում` կինոթատրոնի էկրանին.«Բացառիկ իրավունքով միայն մեզ մոտ է ցուցադրվել եւ միայն երկու օր: Մտածեցինք տոներից առաջ հեքիաթային տրամադրություն ստեղծել, եւ անակնկալը, իհարկե, ստացվեց. տոմսերն ամբողջովին վաճառվեցին»:

Դալիթան՝ «Շելկունչիկ»-ի ցուցադրությանը ԿինոՊարկում


Նրա խոսքով` գաղափարն առաջացել է դեռ սեպտեմբերին: Ստացել են առաջարկը, կնքել պայմանագիրը Մեծ թատրոնի հետ, երկար աշխատել ու մշակել նախագիծը, այնուհետեւ կյանքի կոչել այն: Վստահեցնում է` թեեւ առաջին փորձն է նման ներկայացում ցուցադրելու, բայց նախագիծը շարունակական է լինելու: Առաջիկայում ցուցադրվելու են ոչ միայն բալետային, այլեւ թատերական, օպերային եւ սիրված ու հայտնի այլ ներկայացումներ:

«Ինչպես տեսնում եք, հանդիսատեսի շարքում ե՛ւ մեծերն են, ե՛ւ փոքրերը, քանի որ երեխաների համար սա պարզապես գեղեցիկ հեքիաթ է, իսկ մեծերի համար միգուցե հնարավորություն է վերադառնալ մանկություն, բացահայտել նոր ու հետաքրքիր նրբերանգներ: Հավանաբար, ոչ բոլորն են կարողանում ներկա գտնվել հենց Մոսկվայի Մեծ թատրոնի ներկայացումներին, եւ այս նախագծով մենք հնարավորություն ենք տալիս զգալ այդ մթնոլորտն ու ներկայացման շունչը»,- նկատեց Մարինա Ղամբարյանը:

«Շելկունչիկ» բալետի ցուցադրությունը ԿինոՊարկում


Նշենք, որ «ԿինոՊարկ»-ում ներկայացվել է բալետի` 2014 թվականին արված տեսագրությունը: Գլխավոր դերերում հանդես են գալիս Աննա Նիկուլինան եւ Դենիս Ռոդկինը: Դասական այս ներկայացումը կինոթատրոնների էկրաններին նախ ցուցադրվել է Ռուսաստանում, ապա` նաեւ ԱՊՀ մյուս երկրներում: Երեւանյան առաջին ցուցադրությանը ներկա էին տատիկներ ու պապիկներ` իրենց թոռնիկերի հետ, ծնողներն իրենց երեխաների հետ եւ բազմաթիվ երիտասարդ զույգեր: 9-ամյա Մարին ներկայացումը դիտելու էր եկել տատիկի` տիկին Անահիտի հետ: Ասաց` երկար ժամանակ է` պարի է հաճախում, եւ իրեն շատ հետաքրքիր է «Շելկունչիկը»: Ներկայացմանը ծանոթ չէր, նախկինում երբեք չէր տեսել, բայց սպասումները մեծ էին:

«Շելկունչիկ» բալետի ցուցադրությունը ԿինոՊարկում


Իսկ դաշնակահարուհի Կարինե Ստեփանովնան ցուցադրությանը եկել էր դստեր` Քրիստինայի, եւ թոռների` Մանեի ու Արեգի հետ: Երաժիշտների ընտանիքում քաջ ծանոթ էին Չայկովսկու այս ստեղծագործությանը, հատվածներ էին դիտել նաեւ ներկայացումից, բայց այժմ մեծ հետաքրքրությամբ դիտելու էին եկել Մեծ թատրոնի հայտնի բեմադրությունը.«Կարծում եմ`շատ լավ միտք է նման ցուցադրություններ կազմակերպելը, քանի որ ոչ բոլորս հնարավորություն ունենք անգամ Մոսկվայում գտնվելով՝ գնալ այս ներկայացումը դիտելու. տոմսերը շատ թանկ են, եւ հարկավոր է նախապես ամրագրել: Այս դեպքում ավելի շատ մարդիկ կկարողանան ծանոթանալ ստեղծագործությանը»,- նշեց Քրիստինան:

Նախատոնական հաճելի տրամադրությունը Նոր տարուց առաջ հաստատ չի խանգարում, եւ ԿինոՊարկն ամենագեղեցիկ տարբերակով պարգեւեց այն իր այցելուներին:):

Տեքստը` Աստղիկ Իսկանդարյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW