Մեքսիկացի ռեժիսոր Կառլոս Ռեյգադասը Երեւանի «Ոսկե ծիրան» 16-րդ միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրն է: Մեկ շաբաթվա ընթացքում ցուցադրվելու են նրա լավագույն ու ամենահայտնի ֆիլմերը, որոնք մրցանակների են արժանացել Վենետիկի, Կաննի եւ հեղինակավոր այլ կինոփառատոներում: «Երեւան Մոլ»-ի «ԿինոՊարկ» կինոթատրոնում էլ երեկ տեղի ունեցավ ռեժիսորի «Մեր ժամանակը» ֆիլմի հայաստանյան պրեմիերան, որին ներկա էր նաեւ ինքը՝ Ռեյգադասը: BRAVO.am-ը հետեւել է ֆիլմի ցուցադրության, նաեւ դրան հաջորդող քննարկման ընթացքին՝ առանձնացնելով ամենաուշագրավ դրվագները:
Նշենք, որ «Մեր ժամանակը» ֆիլմն առաջին անգամ ցուցադրվել է Վենետիկի միջազգային կինոփառատոնում՝ 2018-ի սեպտեմբերին: Ֆիլմը պատմում է մեքսիկական գյուղում ապրող մի ընտանիքի մասին, որը մարտացլեր է բուծում: Ռանչոյի աշխատանքը ղեկավարում է Էսթերը, իսկ կենդանիներին ընտրում ու բուծում է նրա ամուսինը՝ աշխարհահռչակ բանաստեղծ Խուանը: Երբ Էսթերը սիրահարվում է Ֆիլ անունով մի ձիավարժի, զույգը ջանում է հաղթահարել զգացմունքների ճգնաժամը: Ֆիլմն աչքի է ընկնում գեղեցիկ պատկերաշարով, անկեղծ տեսարաններով ու հուզիչ պատումներով, որոնք էլ ներկայացնում են Ռեյգադասի հեղինակային ոճը:
Կառլոս Ռեյգադասի հետ հանդիպումը՝ ԿինոՊարկում
Ի դեպ, ֆիլմի գլխավոր դերերում հանդես են եկել հենց Կառլոս Ռեյգադասը եւ նրա կինն ու երեխաները: Ռեժիսորը սա բացատրում է նրանով, որ չի կարողացել ավելի համապատասխան դերասաններ գտնել այդ դերերի համար: «Իսկ ուրիշների երեխաների հետ աշխատել պարզապես չէի ցանկանում»,- ասել է նա: Ռեյգադասը պատմել է, որ երբ մարդիկ տեսնում են՝ ֆիլմում նկարահանվել են ինքը, կինն ու երեխաները, մտածում են, որ ֆիլմի գործողությունները հենց իրենց տանն են տեղի ունենում, եւ դա հենց իրենց կյանքի պատմությունն է: «Բայց իրականում դա այդպես չէ»,- շեշտել է ռեժիսորը:
Նրա խոսքով՝ ֆիլմեր նկարահանելիս իրեն ավելի հետաքրքիր են կոնֆլիկտներն ու հակասությունները, այլ ոչ թե առօրյա թեմաները: Իր գործերում Ռեյգադասն անդրադառնում է կյանքի իմաստի, սիրո, տառապանքի եւ մահվան թեմաներին: Խոստովանում է՝ իրեն ավելի շատ դուր է գալիս, երբ ֆիլմերի հերոսներին դնում է նման բարդ ու հակասական իրավիճակներում ու փորձում քննել նրանց ներաշխարհը: Հանդիսատեսի շարքերում ներկաներից մեկը ռեժիսորի այս դիտարկմանն ի պատասխան ասաց, որ իր համար դժվար է եղել հայերեն ու անգլերեն ենթագրերին հետեւելը, սակայն նույնիսկ առանց երկխոսությունները մանրամասնորեն հասկանալու՝ կարողացել է ընկալել ամբողջական պատկերն ու հոգեվիճակը՝ շնորհիվ ներկայացված տեսարանների:
Կառլոս Ռեյգադասը` ԿինոՊարկում
Մեկ ուրիշ կինոդիտող էլ հետաքրքրվեց՝ որն է եղել նկարահանման աշխատանքների ամենաբարդ հատվածը: Ռեժիսորը խոստովանեց, որ ամենադժվար աշխատանքը ցլերի հետ է եղել.«Ընդհանուր առմամբ, երկու տարի պահանջվեց, մինչեւ ստացանք մեզ անհրաժեշտ կադրերը ցլերի մասնակցությամբ: Դա շատ վտանգավոր ու ժամանակատար էր նկարահանման համար: Որոշ մարդիկ կարծում են, որ ամենադժվարը եղել է իմ կնոջն ու երեխաներին պատկերելը, բայց դա մեզ համար կարծես արձակուրդային հանգստի շրջան լիներ, երբ ճաշի սեղանի շուրջ մտածում էինք ֆիլմի մասին: Իսկ ինչ վերաբերում է ցլերին, ապա այդ կենդանին տարբեր երկրներում տարբեր կերպ է ընկալվում: Որոշ մարդկանց համար կարող է ուղղակի որպես ուտելիք լինել, ոմանց համար էլ՝ տղամարդկության, առնականության խորհրդանիշ»:
Քննարկման ավարտին, իհարկե, հերթը ռեժիսորի հետ լուսանկարվելունն էր: Մինչ այդ հասցրինք զրուցել կինոքննադատ, «Ոսկե Ծիրան»-ի ընտրող հանձնաժողովի անդամ Դիանա Մարտիրոսյանի հետ, ով էլ վարում էր հանդիպումը: Նրանից հետաքրքրվեցինք, թե ինչպես է որոշվել, որ այս տարի հենց Ռեյգադասը պիտի լինի փառատոնի պատվավոր հյուրը: Դիանան ընդգծեց, որ Ռեյգադասը ժամանակակից կինեմատոգրաֆի ամենավառ դեմքերից մեկն է, ում գործերում մեքսիկական երկրի զարկերակը բավական ուժեղ է բաբախում: Իսկ իրենք փորձում են ժամանակին համընթաց քայլել, թեեւ հատուկ նպատակ չունեն ազգային շեշտադրում անել:
Կառլոս Ռեյգադասի հետ հանդիպումը՝ ԿինոՊարկում
Հավելենք, որ առաջիկայում երեւանյան կինոթատրոններում ցուցադրվելու են նաեւ Ռեյգադասի հայտնի մյուս ֆիլմերը՝ «Երկնային մարտ», «Լույս խավարից հետո» եւ «Ճապոնիա»: «ԿինոՊարկը» նույնպես շարունակելու է հյուրընկալել «Ոսկե ծիրան»-ի լավագույն ֆիլմերը, այնպես որ բաց չթողնեք երեւանյան կինոտոնի մասնակիցը դառնալու հնարավորությունը:
Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: