×


Ջիվան Ավետիսյանը մինի սերիալ կնկարահանի Դիանա Աբգարի մասին

Այսօր նշվում է մարդասեր, գրող եւ աշխարհի առաջին կին պատվավոր հյուպատոս Դիանա Աբգարի 166-րդ տարեդարձը։ Աբգարի անհավատալի պատմությունը ներկայացնելու նպատակով կինոռեժիսոր Ջիվան Ավետիսյանը մշակում է «Քաղաքացիություն չունեցող դիվանագետը» վեց մասանոց մինի սերիալը։ 

Հեռուստասերիալը, որը ներշնչված է ճապոնաբնակ Աբգարի կյանքից, պատմում է երիտասարդ կնոջ ինքնաճանաչման ճանապարհորդության մասին՝ բացահայտելով Աբգարի մարդասիրական մնայուն ժառանգությունը մինչեւ մեր օրերը։

«Տարիներ առաջ ծանոթացա Դիանա Աբգարի պատմությանը, եւ այն խորապես հուզեց ինձ։ Ես գիտեի, որ նրա ժառանգության մասին պետք է պատմել ոչ միայն հայ հանդիսատեսին, այլեւ ամբողջ աշխարհին։ Անձնական կապ եմ զգում նրա առաքելության հետ, եւ այս շարքի միջոցով մենք ցանկանում ենք նրա ձայնը վերջապես լսելի դարձնել»,- ասել է սերիալի ռեժիսոր եւ հեղինակ Ջիվան Ավետիսյանը:


Ծրագրի նախագիծն ու սկզբնական պատմանկարագրությունը ստեղծվել են՝ հիմնվելով Աբգարի ծոռնուհի Միմի Մալայանի ընտանեկան արխիվի եւ պատմաբան Մելինե Մեսրոպյանի գիտական ուսումնասիրությունների վրա։ Աշխատախումբը ներկայումս ակտիվ քննարկումների փուլում է ճապոնացի մրցանակակիր սցենարիստի հետ՝ ծրագրին նրա միանալու հարցով։

Վերջին չորս տարվա ընթացքում նախագիծը զարգացվել է հեղինակավոր միջազգային կինոշուկաներում (Կաննի կինոփառատոն, Բեռլինալե), ինչպես նաեւ MIDPOINT ինստիտուտի Cold Open ծրագրում, որն առնչվում է բարձրորակ դրամատիկական սերիալների համաշխարհային շուկայի հետ։


Նախագիծը միավորել է ճապոնական, եվրոպական եւ կանադական արտադրողներին։ Ստեղծագործական խմբի հիմնական անդամներն են պրոդյուսեր Ադրինե Միրզայանը եւ ստեղծագործական խորհրդատու Վիգէն Ադդարեանը: 

Միմի Մալայանի՝ 2018 թվականի նույնանուն վավերագրական ֆիլմի հիմքի վրա սկսված նախաձեռնությունն այժմ ընդլայնվում է:  «Սա ապշեցուցիչ սերիալ է լինելու, որը կգրավի միջազգային հանդիսատեսին, եւ վերջապես Դիանա Աբգարին կհաջողվի վաստակել համաշխարհային ճանաչում՝ թե՛ որպես Հայաստանին ծառայած մեծ բարերար, եւ թե՛ որպես 20-րդ դարի սկզբի հանճարեղ կին»,- նշել է Մալայանը։

«Ֆիշ այ Արթ» մշակութային հիմնադրամ նշում է, որ սերիալը, ընդգրկելով երեք սերնդի կանանց, ներկայացնում է Աբգարի պատմությունն ավելի լայն դիտանկյունից՝ ինքնության որոնման, արտաքսման եւ բնավորության տոկունության միջոցով. «Մի աշխարհում, որտեղ մարդկային արժեքները հաճախ են մարում, Աբգարի ձայնը հիշեցնում է, որ կարեկցանքն ու բարոյական քաջությունն են դիվանագիտության ամենաիրական գործիքները»։

Լուսանկարները եւ տեղեկատվությունը՝ «Ֆիշ այ Արթ»-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW