×


«Այժմ այդ դաժան փուլում եմ». Հռիփսիմե Խուրշուդյան

Շարունակվում են BRAVO.am-ի այցերը հայտնիների տներ: Այս անգամ մեզ հյուրընկալել է Եվրոպայի կրկնակի չեմպիոն Հռիփսիմե Խուրշուդյանը: Նա պատմել է, թե ում նվերն է բնակարանը, ինչու են ժամանակավոր այնտեղ բնակվում: Խոսել ենք նաեւ Հռիփսիմեի համար ցավոտ թեմաների շուրջ, պարզել ապագայի պլանները:

«2 տարուց կտեղափոխվենք»
Լոնդոնի oլիմպիական խաղերից հետո դրամական պարգեւով պարգեւատրվեցի պետության եւ Գագիկ Ծառուկյանի կողմից, եւ այդ գումարով բնակարան գնեցի: Այժմ ապրում ենք Երեւանում, բայց Քասախում առանձնատուն ենք կառուցում: Ամուսինս այնտեղից է, Քասախում է գտնվում նաեւ ծանրամարտի դահլիճը, որտեղ նա այժմ աշխատում է, ես էլ ժամանակին մարզվում էի: Նաեւ մեր գրեթե բոլոր հարազատներն այնտեղ են ապրում: Մոտ 2 տարուց կտեղափոխվենք:

Հռիփսիմե Խուրշուդյանը՝ որդու հետ


«Տղաս շատ է ցանկանում ծանրամարտով զբաղվել»
Այս շրջանում հիմնականում բալիկիս խնամքով եմ զբաղվում, նաեւ անգլերենի դասընթացների եմ գնում: Տանը տղայիս հետ տարբեր խաղեր ենք խաղում, հետո հավաքում ենք մեր հետեւից, մեր շնիկին` Ռիչիին, զբոսանքի ենք տանում: Տղաս շատ է ցանկանում ծանրամարտով զբաղվել, բայց դեռ փոքր է. ազատ ժամանակ նրա հետ պարապում եմ, որոշ վարժություններ եմ սովորեցնում:

Հռիփսիմե Խուրշուդյանը՝ որդու հետ


«Մինչեւ 2020-ը...»
Իսկ սպորտն իմ ամենացավոտ թեման է: Չէի ցանկանա այս ձեւով հեռանալ: Ես առանց սպորտի չեմ կարող ապրել: 2020 թվականից հետո պարզ կլինեն իմ բոլոր անելիքները սպորտում, բայց որ այս ասպարեզում եմ մնալու՝ հաստատ է: Եթե ինձնից կախված լիներ վերադարձս, հենց սպորտում էլ կծերանայի, բայց այն իր գեղեցիկ եւ դաժան կողմերն ունի. այժմ ես այդ դաժան փուլում եմ. մինչեւ 2020-ը չեմ կարող զբաղվել սպորտով:

«Շատ ծանր շրջան էր իմ կյանքում»
Մեր տան փոքրիկ անդամը Ռիչին է: Իմ անբաժան ընկերն է նա դարձել: Նախկինում նույն ցեղատեսակի շուն եմ ունեցել, բայց նրան իմ աչքի առջեւ փողոցի շները հոշոտել են: Շատ ծանր շրջան էր իմ կյանքում, սթրես էի տանում: Ամուսինս տեսնելով՝ շատ ծանր եմ տանում, ծննդյանս օրը որոշեց ինձ նոր Ռիչի նվիրել:

Աշոտը՝ շնիկի հետ


«Աշոտը կտրուկ դեմ է…»
Աշոտը կտրուկ դեմ է քույր կամ եղբայր ունենալուն, կարծում է` այդ դեպքում իրեն այլեւս չենք սիրի եւ խաղալիք չենք գնի: Բայց մենք մտածում ենք երկրորդ բալիկ ունենալու մասին: Տեսնենք` 2019-ը թվականն ինչպիսին կլինի. մեր ուզածը կլինի, թե Աշոտի:):

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport