«Երեւանյան հեռանկարներ» 19-րդ միջազգային երաժշտական փառատոնը ներկայացնում է աշխարհահռչակ ալտահար եւ դիրիժոր Յուրի Բաշմետին Երեւանում` մեկ համերգով «Մոսկվայի մենակատարներ» կամերային նվագախմբի հետ:
Յուրի Բաշմետի եւ Գրեմմիակիր «Մոսկվայի մենակատարների» համերգին հայ երաժշտասեր հանրությունը սպասել է հինգ տարի: Նրանք ելույթ կունենան հոկտեմբերի 15-ին` «Արամ Խաչատրյան» համերգասրահում:
Երեւանյան համերգին կհնչեն Սվիրիդովի կամերային սիմֆոնիան, Բոդրովի «Արտացոլումը»` Պագանինիի 24-րդ կապրիսի թեմայով՝ Բեթհովենի, Բրամսի, Չայկովսկու, Պրոկոֆեւի եւ Բերգի ոճով՝ 6 մենակատարների եւ լարայինների համար /Հայաստանյան պրեմիերա/, Չայկովսկու Նոկտյուրնը եւ Սերենադը:
Դարաշրջանի ֆենոմեն հանդիսացող Բաշմետը հաղորդել է ալտ երաժշտական գործիքին նոր կարեւորություն եւ դարձել ներշնչանքի աղբյուր ժամանակակից կոմպոիզտորների համար, որոնք շուրջ վեց տասնյակ կոնցերտ են գրել հատուկ նրա համար: Բազմատաղանդ երաժիշտը Մոսկվայի «Դեկտեմբերյան գիշերներ» փառատոնի ղեկավարն է, «Նոր Ռուսաստան» սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժորը, ինչպես նաեւ «Մոսկվայի մենակատարներ» նվագախմբի հիմնադիրն ու տնօրենը, որի հետ հանդես է գալիս դիրիժորի եւ մենակատարի երկակի դերում։
Բաշմետի միջազգային ճանաչումը սկսվեց 1976 թ.-ից, երբ հաղթեց Մյունխենի ալտի միջազգային մրցույթում։ Այս իրադարձությունից հետո նա հանդես է եկել աշխարհի խոշորագույն նվագախմբերի հետ, որոնց թվում են Բեռլինի եւ Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախմբերը, Թագավորական Կոնսերտգեբաու նվագախումբը, Բոստոնի, Չիկագոյի եւ Մոնրեալի սիմֆոնիկ նվագախմբերը, Նյու Յորքի ֆիլհարմոնիկը, ինչպես նաեւ Լոնդոնի ֆիլհարմոնիկ եւ սիմֆոնիկ նվագախմբերը։
Նա Բիթլզ խմբի եւ Սթինգի մեծ երկրպագու է, ռուսական հեռուստատեսության եթերում ունեցել է իր սեփական հեռուստաշոուն` նվիրված քաղաքական ամենատարբեր թեմաների քննարկմանը։
Յուրի Բաշմետը նվագում է 1758 թվականի Տեստորե ալտով (նույնանման մոդելի գործիք է, որով նվագել է Մոցարտը), որը գնել է 1971 թվականին։
Տեղեկատվությունը` փառատոնի կազմակերպիչների
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: