Հայկ Մարությանը վերադառնում է եթեր «Ազիզյանները» հումորային նախագծով: Սիթքոմը հոկտեմբերի 31-ից կցուցադրվի «Արմենիա Պրեմիում TV»-ով եւ հասանելի կլինի «Յուքոմ» ցանցի բաժանորդներին. «Հեռուստատեսային դադարս ավելի շատ կապված էր ֆինանսի հետ, այսինքն՝ ուզում էինք պատշաճ տաղավար, տեխնիկա: Կփորձենք որակյալ արտադրանք ստեղծել»,-նշել է նա:
Ընտանեկան սիթքոմի գլխավոր դերակատարը հենց Հայկն է, որը մարմնավորում է Գառնիկ Ազիզյանին: Դերասանական կազմում են նաեւ Անի Լուպեն, Սաթենիկ Հազարյանը, Իշխան Ղարիբյանը, Սուրեն Առուստամյանը եւ այլք:
Ըստ սյուժեի՝ գլխավոր հերոսը հագուստի խանութի վաճառող է, որի կինը ծուլանում է անգամ տնային տնտեսուհու գործերն անել.«Հայկական շատ ընտանիքների պես աշխատողը միայն հայրն է: Նա ողջ օրը տանջվում է, ծայրը ծայրին հասցնում, իսկ մյուսները շռայլորեն ծախսում են: Երեք երեխաներին հոր խնդիրները չեն հետաքրքրում. դուստրը թիթիզ է, ողջ օրը սոցցանցերում է, մեծ տղան չի սովորում ու չի աշխատում, փոքր տղան դպրոցական է: Իմ կերպարը նման է այն լավ հայրերին, որոնք մտածում են ընտանիքի մասին, բայց դժգոհ են, թե ինչպես է փողը ծախսվում: Բնականաբար, հոր եւ մյուսների միջեւ միշտ կոնֆլիկտ կա»:
Հայկի խոսքով՝ սիթքոմը ստեղծելիս ոգեշնչվել է ամերիկյան իր սիրելի սիթքոմներից մեկից.«Պատանեկության տարիներին հաճույքով դիտում էինք, եւ միշտ երազել եմ նման բան ստեղծել հայկական ընտանիքի մոտիվներով: Սցենարը նոր է գրված, իսկ այն 1980-ականների ամերիկյան ընտանիքի մասին է: Միայն միտքն է վերցված, որ հայրն աշխատում է, մյուսները՝ ծախսում: Առ այսօր հաճույքով դիտում եմ, չնայած՝ այդ հումորներն ու թեմաներն արդեն հին են»:
Հայկ Մարությանը
Սիթքոմի պրոդյուսերներն են Հայկ Մարությանն ու եղբայրը՝ Արման Մարությանը, որը նաեւ ռեժիսորն է.«Դերասանների քասթինգով մեծ մասամբ զբաղվել է Արմանը, իհարկե, կողքից մասնակցել եմ: Բավական երկար ենք ընտրել, ամենափոքրիկին վերջերս ենք գտել: Ամենադժվար մասը երեխաների հետ է կապված, բայց մենք գոհ ենք մեր ընտրությունից»:
BRAVO.am-ի հետ զրույցում նա հայտնել է, որ սիթքոմը մեկ եթերաշրջանով չի սահմանափակվի, իսկ թե երբ հասանելի կլինի համացանցում, դեռ պարզ չէ.«Մեր պայմանագիրը «Արմենիա»-ի հետ է: Մենք արտադրում ենք ու մեր արտադրանքը վաճառում. բիզնես է, իսկ հեռարձակելն արդեն գնորդի գործառույթն է: Այդ հարցն ինձ մոտ էլ առաջացել է, բայց իմ գործառույթը չէ: Իմ ընտանիքը կամ ընկերներս չգիտեմ՝ ինչպես են դիտելու, որովհետեւ մենք էլ «Յուքոմ»-ի բաժանորդ չենք: Ես էլ սպասում եմ, թե հետո ինչպես է լինելու ցուցադրությունը»:
Հայկ Մարությանը վերջերս նկարահանվել է նաեւ ռուսական «Счастья! Здоровья!» կինոկատակերգությունում: Նրա փոխանցմամբ՝ պրեմիերան նախատեսված էր այս աշնանը, բայց կտեղափոխվի հաջորդ տարի գարնանը կամ աշնանը.«Հայ-ռուսական նախագիծ է, ավելի շուտ Ռուսաստանի համար է, քանի որ ռուսերեն լեզվով է: Կցուցադրվի ԱՊՀ երկրների կինոթատրոններում: Ես նաեւ համապրոդյուսեր եմ, քննարկում ենք, թե ինչպես ենք Հայաստանում կազմակերպելու ցուցադրումները, եւ եթե մենք չկազմակերպենք, ռուսական կողմը կանի»:
Տեքստը՝ Լիանա Մեյթարջյանի/Bravo.am/
BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: