×


Հայտնիները` Վարդավառի թեմայով ֆոտոնախագծի մասնակիցներ:)

Վարդավառից մի քանի օր առաջ դույլերով ջրվել ու լուսանկարվել են հասարակական ու մշակույթի գործիչներ, որոնց լուսանկարները մաս են կազմում “Լինենք հոգատար Հայաստան-Վարդավառ 2012” նախագծին: Վարդավառի օրն էլ` հուլիսի 15-ի երեկոյան, Կարապի լճի շրջակայքում տեղի է ունեցել ջրային ֆոտոցուցահանդեսը:

Կարեն Շահգալդյանը


Վարդավառի թեմայով ֆոտոցուցահանդես  Հայաստանում առաջին անգամ կազմակերպվել է 2010-ին` համահեղինակներ դիզայներ Արա Ասլանյանի եւ լուսանկարիչ Առնոս Մարտիրոսյանի կողմից: Այս տարի “SPRING PR” ընկերությունը, ոգեշնչվելով Արա Ասլանյանի մտահղացումից, ստեղծել է նոր ֆոտոշարք, որը լուսանկարել է Հովհաննես Բաղջյանը:

Ֆոտոսեսիային մասնակցել են Երվանդ Երզնկյանը, Գագա Ամատունին, Լալա Մնացականյանը, Սամվել Մարտիրոսյանը, Կարեն Շահգալդյանը, Արտավազդ Բայաթյանը, Արտաշես Էմինը, Լեւոն Թոքմաջյանը, Գեւորգ Դաբաղյանը, Ջուլիետա Ստեփանյանը, Արսեն Գրիգորյանը` Մրրոն, եւ Աշոտ Համբարձումյանը:

“Լուսանկարվել են ամենահամարձակները, որոնք սիրով ջրվեցին ու լուսանկարի միջոցով իրենց այդ պահի էմոցիաները փոխանցեցին: Այս նախագծի նպատակներից մեկը սիրված արվեստագետների, հասարակական գործիչների միջոցով մարդկանց ուշադրությունը սեւեռելն էր Վարդավառի` որպես ազգային տոնի, դրա խորհրդի եւ ազգային նշանակության վրա”, - BRAVO.am-ին հայտնել է “SPRING PR” ընկերության համահիմնադիր Տաթեւ Սիմոնյանը:

Ջուլիետա Ստեփանյանը


Ֆոտոցուցահանդեսին ներկա են եղել նաեւ ջրված մասնակիցներից մի քանիսը:): Այն շարունակվել է մինչեւ հուլիսի 16-ի երեկոյան, որի ընթացքում Կարապի լճի վրա տեղադրված ջրային մեծ էկրանին եւս ցուցադրվել են ֆոտոշարքի կադրերը:

Միջոցառման բացման ժամանակ ֆոտոցուցահանդեսին զուգահեռ կազմակերպվել է տոնը խորհրդանշող ձեռագործ աշխատանքների ցուցահանդես-վաճառք, որոնք պատրաստել էին Հովհաննես Շահամբերյանի անվան ժողովրդական արվեստների կենտրոնի վարպետները:

Վարդավառի ավանդական սովորույթներին ծանոթացնելու նպատակով ներկաները հրավիրված վարպետների օգնությամբ ցորենի հասկի փնջերից հյուսել են Վարդավառի խորհրդանիշ համարվող խաչբուռներ: Խաչբուռը կամ խաչփունջը արգասաբերության խորհուրդ ունի, եւ ըստ ավանդույթի, հյուսվել է ցորենի հասած արտից հնձած առաջին փնջից ու նվիրաբերվել աստվածներին՝ որպես գոհաբանություն բերքի համար:

Սամվել Մարտիրոսյանը


Կազմակերպիչները ֆոտոցուցահանդեսի նկարները նվիրելու են մասնակիցներին: “Արդեն գիտենք, որ Երվանդ Երզնկյանն իր նկարի վահանակը փակցնելու է նվագախմբի փորձասրահում”, - ասել է Տաթեւ Սիմոնյանը:

Նրա փոխանցմամբ` այս նախագիծն ընկերության կողմից իրականացվող “Լինենք հոգատար Հայաստան” նախաձեռնության հերթական փուլն էր. “Անդրադառնում ենք ազգային տոներին, դրանց տարածմանն ու պահպանմանը: Նախագիծը բաղկացած էր տարբեր միջոցառումներից, այդ թվում` այս ֆոտոնախագծից: Արա Ասլանյանի հետ քննարկումների արդյունքում ծնվել են շատ հետաքրքիր այլ գաղափարներ:)”:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Հովհաննես Բաղջյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW