×


Հայտնիների նվերները Գրիգոր Կյոկչյանին եւ Սոնայի հետ նոր զուգերգը

Գրիգոր Կյոկչյանը Երգի պետական թատրոնում համախմբել էր իր հեղինակած երգերը կատարող երգիչներին։ Հեղինակ-կատարողի ստեղծագործական երեկոյին հնչել են բոլոր այն երգերը, որոնց հեղինակը կամ համահեղինակն է։

Անուշիկ Ալավերդյանը եւ Գրիգոր Կյոկչյանը


Համերգին մասնակցել են Սոնա Շահգելդյանը, Արսեն Սաֆարյանը, Նարեկ Բավեյանը, Միհրան Ծառուկյանը, Արամեն, Արփի Գաբրիելյանը, Անուշիկ Ալավերդյանը, Մարտա Կիրակոսյանը, Արմոն, Գեւորգ Մարտիրոսյանը, Սարգիս Ավետիսյանը, Անահիտ Շահբազյանը, Էրիկը եւ ուրիշներ։ Նախատեսված էր նաեւ Սոնա Ռուբենյանի մասնակցությունը, ով ներկա չէր Երեւանից բացակայելու պատճառով։

Համերգավարն էր Արթուր Գրիգորյանի դուստրը՝ Մանե Գրիգորյանը, որը Գրիգորի հետ ներկայացրել է կատարողներին։ Հյուրերի մի մասը դատարկաձեռն չէին, եւ BRAVO.am-ի հետ զրույցում հեղինակ-կատարողը բացահայտել է, թե ինչ նվերներ է ստացել. «Օծանելիքից, շոկոլադից, խմիչքից մինչեւ թիթեռնիկ-փողկապ։ Չնայած` ծննդյանս օրը չէր, նվերի անհրաժեշտություն չկար, բայց շնորհակալ եմ ուշադրության համար։ Ինձ համար երգիչների ներկայությունն արդեն մեծ նվեր էր»։

Արամեն, Արթուր Գրիգորյանը եւ Էրիկը


Երեկոյի ընթացքում հնչել է 4 պրեմիերա, որոնք կատարել են Արսեն Սաֆարյանը, Արփի Գաբրիելյանը, Մարտա Կիրակոսյանը, իսկ օրվա անակնկալը Գրիգորի եւ Սոնայի նոր դուետն էր, որը հուզել է ներկաներին. «Հայրենասիրական թեմայով այս երգը գրել եմ ապրիլի իրադարձություններից հետո։ Դուետը պատրաստել ենք հենց այս համերգի համար, նույնիսկ դեռ չենք հասցրել վերնագիր ընտրել, հավանաբար, կկոչվի «Մամ ջան»։ Ուզում ենք այն տեսահոլովակով ներկայացնել»։

Գրիգորը բազմաթիվ երգերի հեղինակ է, դժվարանում է առանձնացնել իրեն հաջողություն ու ճանաչում բերած հիթը.«Վերջին երեք տարվա ընթացքում ոչ միայն ինքս երգում եմ, այլեւ ուրիշների համար գրում եմ՝ հիմնականում խոսքեր։ Դժգոհելու առիթ չունեմ. մեծ մասամբ երգերը պատվիրում են, այսինքն՝ աշխատանքիս դիմաց վճարում են, բայց լինում են երգեր, որ իմ սրտից են ու ինձ հարազատ, ուղղակի ինձ թույլ չեմ տա որեւէ մեկին վաճառել։ Այդ դեպքում նվիրում եմ»։

Գրիգոր Կյոկչյանը եւ Մարտան


Մեզ հետ զրույցում Գրիգորը պատմել է, թե ինչու է որոշել բենեֆիսային երեկո կազմակերպել.«Մտածում էի՝ մեծ բան չեմ արել, որ այսպիսի երեկո ունենամ, ինքնագովազդի նման է, հրաժարվել էի, բայց Արթուր Գրիգորիչը եւ մտերիմներս համոզեցին ու հավատացրին, որ արժե կազմակերպել։ Նույնիսկ առաջարկում են մեծ համերգասրահում կրկնել, բայց մեծ ջանքեր ինձնից կպահանջվի, քանի որ պետք է ֆինանսական ռեսուրսներ, հովանավորներ գտնեմ, իսկ հիմա պատրաստվում ենք հյուրախաղերի մեկնել Միացյալ Նահանգներ։ Շուտով կերգեմ մի բազմասերիանոց ֆիլմի սաունդթրեք, նաեւ կցուցադրվի «Աֆրո» երգի տեսահոլովակը, որը կատարել եմ «Նոր ալիք 2015» մրցույթի ժամանակ»։

Ի դեպ, մայիսի 29-ին տեղի կունենա նրա հեղինակած մանկական երգերով համերգը, որին կմասնակցեն փոքրիկ կատարողներ Միկան, Լիդուշիկը, Մերի Քոչարյանը, «Փոքրիկ ղարաբաղցի» Միշան, Նանուլը, Եվա Աբրահամյանը եւ այլ երեխաներ։

BRAVO.am
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW