«Քարտ բլանշ»` այսպես է կոչվում Արման Նշանյանի գլխավոր դերակատարմամբ ու համապրոդյուսերությամբ նկարահանված նոր բազմասերիանոց ֆիլմը, որը մարտից կցուցադրվի «Շանթ»-ի եթերում, իսկ մինչ այդ առաջարկում ենք դիտել թրեյլերը:
«Շանթ»-ը կցուցադրի «Քարտ բլանշ» բազմասերիանոց ֆիլմը
24 մասից բաղկացած սերիալի դերասանական կազմում են Ժան Նշանյանը, Շաքե Թուխմանյանը, Աննա Գրիգորյանը, Սամվել Սարգսյանը, Վիվիեն Բաստաջյանը, Ռուդոլֆ Ղեւոնդյանը, Լեւոն Շարաֆյանը, ամերիկացի դերասան Քեն Գեմբլը եւ ուրիշներ։ Ֆիլմաշարի համապրոդյուսերն Արման Միտոյանն է, ռեժիսորը Գրիգ Վահրամյանն է, սցենարը գրել է Աստղիկ Սիմոնյանը։
Նշանյանների ընտանիքի նախաձեռնությամբ ստեղծված «Քարտ բլանշ»-ի մասին BRAVO.am-ը զրուցել է դերասան Ժան Նշանյանի հետ, ով պատմել է ֆիլմի գաղափարի ու նկարահանումների մասին։
Ժան Նշանյանը
Վերջերս ինձ եւ Շաքեին հաճախ են հրավիրում նկարահանումների, մենք էլ որոշեցինք մեր սրտով սցենարը ներկայացնել, որովհետեւ երկարատեւ սերիալները որակյալ չեն, իսկ մի քանի մասից կազմված ֆիլմն ավելի հագեցած ու հետաքրքիր է։ ԱՄՆ-ում «ARTN SHANT»-ի հիմնադիր Ռոբերտ Օղլախչյանը հանձն առավ ֆինանսավորել նոր ֆիլմաշարը, սցենարիստ Աստղիկին էլ պատմեցինք, թե ինչ թեմաների շուրջ կառուցի պատմությունը, որից հետո սկսեցինք հավաքել դերասանական կազմը։ Մեզ համար կարեւոր նախապայման էր, որ արհեստավարժ դերասաններ խաղան, այլ ոչ թե պատահական մարդիկ։
«Քարտ բլանշ»-ում նկարահանված 21 դերասանն էլ ճանաչված են, պատահական ոչ մի դեր չկա եւ յուրաքանչյուր սերիա ասելիք ունի։ Նկարահանումներն ավարտված են. պահպանել ենք ճիշտ ձեւաչափը եւ աշխատանքը լիովին ավարտելուց հետո ենք եթեր հեռարձակում։
Աննա Գրիգորյանը եւ Արման Նշանյանը` «Քարտ բլանշ» բազմասերիանոց ֆիլմի նկարահանումներին
Նկարահանումներն ընթացել են ԱՄՆ-ում ու Հայաստանում: Ամերիկայում բարդ է ֆիլմ նկարել, հնարավորությունները սահմանափակ են, բայց տղաս ամեն ինչ կազմակերպեց, որ նորմալ տաղավարներ ունենանք: Առհասարակ, Արմանը պրոդյուսերական գործում կարողացավ իրեն լավ դրսեւորել։ Ամբողջ թիմը եռանդով աշխատել է` սկսած օպերատորներից, մոնտաժողներից մինչեւ հովանավորներ։ Հեշտ չէր, բայց գործը հաջողությամբ ավարտեցինք։
Ֆիլմաշարում միախառնված են տարբեր ժանրեր՝ կա սեր, դավաճանություն, խարդավանք, արկածներ, հանցագործություն։ Սյուժեն կոմերցիոն է, բայցեւ շատ պարզունակ չէ։ Ըստ պատմության՝ գլխավոր հերոսը՝ Արմանի դերակատարը, ԱՄՆ-ում ծնված ու մեծացած հայ տղա է, ով հատուկ առաքելությամբ գալիս է Հայաստան: Մանրամասն չպատմեմ, որ դիտելիս հետաքրքիր լինի։ Միայն ասեմ, որ ես ու Շաքեն այս ֆիլմում ամուսիններ չենք, բայց դա կապ չունի, նրան մինչեւ վերջ սիրում եմ:):
Սամվել Սարգսյանը` «Քարտ բլանշ» բազմասերիանոց ֆիլմի նկարահանումներին
Ասելիքով ու իմաստով աշխատանք ենք արել: Հույս ունենք, որ հեռուստադիտողը կհավանի։ «Քարտ բլանշ»-ի համար գրվել է նոր սաունդթրեք, որը շուտով կլսեք Արմանի կատարմամբ։
BRAVO.am
Լուսանկարները` BRAVO.am-ի եւ «Քարտ բլանշ»-ի արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: