Հուլիսը Հասմիկ Կարապետյանի համար նշանավորվում է անձնական տոներով: Երգչուհին հուլիսի 4-ին նշել է ծննդյան տարեդարձը, այսօր էլ շնորհավորանքներ է ստանում ամուսնության 1-ամյակի առթիվ: Նա BRAVO.am-ին ասել է, որ 39-ամյակը նշել է հայրական տանը` մտերիմների միջավայրում, իսկ առաջին անակնկալը մատուցել է ամուսինը` Շանթ Քիրմիզյանը:
Հասմիկ Կարապետյանը եւ Շանթ Քիրմիզյանը
- Ւ՞նչ զգացողություն ես ունենում տարեդարձերիդ:
- Ամեն տարի ծննդյանս օրերին շատ տխուր էի լինում, մեկուսանում էի մարդկանցից: Այս տարի այլ էր. շատ ուրախ ու ոգեւորված էի: Ինձ երջանիկ էի զգում, դեպրեսիվ չէի, երեւի պատճառն այն է, որ ընտանիքումս խաղաղություն է տիրում, հոգիս երջանիկ է:
- Սովորաբար, ծննդյան օրը վերլուծում ենք անցած ուղին: Երբ հետադարձ հայացք եք գցում ապրած տարիներին, ո՞րն է Ձեր ամենամեծ ձեռքբերումն ու բացթողումը:
- Ինչ բացթողումներ էլ որ ունեցել եմ, չեմ ափսոսփում, քանի որ դրանց հաջորդել են ձեռքբերումներ, որոնց շնորհիվ մոռացել եմ ցանկացած բացթողում: Միակ բանը, ինչի համար հաճախ ափսոսում եմ, այն է, որ մի փոքր ծույլ եմ. եթե ավելի աշխատասեր լինեի, վստահ եմ` իմ աշխատանքում շատ ավելի մեծ բարձունքների կհասնեի:
- Կմտաբերե՞ք Ձեր ամենահիշարժան տարեդարձը:
- Յուրաքանչյուր տարվա ծննդյանս օրն իր տեսակի մեջ յուրահատուկ ու տարբերվող է եղել: Կառանձնացնեմ 2013 թվականի տարեդարձս. այդ տարի արդեն ճանաչում էի ամուսնուս, իմ կեսն իմ կողքին էր:):
Հասմիկ Կարապետյանը
- Ամենատպավորիչ նվերը:
- Նյութական նվերները երբեք ինձ համար արժեք չեն ունեցել եւ չեն էլ ունենա: Ամենաթանկ նվերն ինձ համար երկրպագուներիս կողմից պատրաստած կոլաժն է: Նրանք հավաքել էին իմ լուսանկարները, տարբեր թերթերում տպագրված նյութերն ու դրանցով մի մեծ կոլաժ պատրաստել, ինչն ինձ մինչ օրս շատ է ուրախացնում:
-Դե, պատմեք` այս անգամ ինչպե՞ս նշեցիք:
- Հետաքրքրի է` տարիքի հետ սկսել եմ խուսափել մեծ խնջույքներից: Չեմ սիրում մարդաշատ վայրերում լինել: Այս տարի հավաքվել էինք իմ հայրական տանը: Հարազատներիս հետ ճաշեցինք, սրճեցինք ու հաճելի ժամանակ անցկացրինք:
- Տոնական տորթի մոմերը փչելիս ի՞նչ երազանք եք մտապահել:
- Նախորդ տարիներին տոնական տորթը մայրիկս էր թխում: Այս անգամ որոշեցինք փոքրիկ մրգային տորթ գնել: Մոմերը փչելիս ինձ համար շատ կարեւոր երազանք եմ մտապահել, որը մեծ հույսեր ունեմ, որ այս տարի կիրականանա. գաղտնիք չէ, որ երազում եմ մայրանալու մասին:
Հասմիկ Կարապետյանը եւ Շանթ Քիրմիզյանը
- Ամռան կեսին ենք մոտենում, հասցրել ե՞ք հանգստանալ:
- Վերջին 4 տարիներին մենք չենք հասցրել արտերկրում հանգստանալ: Ամեն տարի այս կամ այն պատճառով հետաձգվել է: Ամուսինս շատ է սիրում Հայաստանը, հանգստյան օրերը Երեւանից դուրս՝ Դիլիջանում կամ Ծաղկաձորում ենք անցկացնում: Ծովի սիրահար եմ, հուսով եմ՝ այս օգոստոսին ծովափ կմեկնենք: Շատ եմ ուզում Հունաստան գնալ:
BRAVO.am-ը շնորհավորում է Հասմիկին եւ երազանքի շուտափույթ իրականացում ցանկանում:):
Տեքստը՝ Մերի Պողոսյանի/Bravo.am /
Լուսանկարները՝ Հասմիկ Կարապետյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: