×


Հասմիկ Խոջյանը

Հասմիկ Խոջյան.«Դժվար է թաքցնելը…»

Հասմիկ Խոջյանի համար դեբյուտային է «Էլենի օրագիրը» սերիալում Մարիամի դերը: Երիտասարդ դերասանուհին BRAVO.am-ի հետ անկեղծ զրույցի ընթացքում խոսել է մինչ այս հեռուստատեսային նախագծերում չնկարահանվելու պատճառի, 3 տարեկանից ծանր գրաֆիկ ունենալու, կերպարի հետ ունեցած նմանությունների եւ տարբերությունների, նաեւ երբեք սիրո պակաս չզգալու մասին:

«Ամեն ինչ պարզ էր»

Հրաշալի մանկություն ունենալուն զուգահեռ, դեռեւս 3 տարեկանից ունեցել եմ ծանրաբեռնված առօրյա, քանի որ ընտանիքս ինձ ուղղորդել է անընդհատ լինել արվեստի գրեթե բոլոր ճյուղերում, իսկ հետո տվել ընտրության ազատ հնարավորություն: Բայց քանի որ մինչ բուհ ընդունվելը ես արդեն «Մետրո» թատրոն-ստուդիայում էի, ընտրության կարիք նույնիսկ չեղավ, ամեն ինչ պարզ էր։ Այսպիսով, ես համարում եմ, որ ճանապարհս սկսվել է 3 տարեկանից, ու այն իսկապես հեշտ չի եղել, հատկապես տարիքիս համեմատ տարատեսակ փորձությունների միջով եմ անցել, որոնք հաղթահարելով ձեռք եմ բերել ամուր հիմք մասնագիտությանս համար։

Հասմիկ Խոջյանը


«Իմ բախտը բերել է»

Առանց համապատասխան որակյալ կրթության, որքան էլ ջանաս ինքնակրթվել եւ աշխատանքային փորձ ունենաս, միեւնույն է՝ թերի կլինի կատարածդ աշխատանքը։ Իհարկե, կա նաեւ մեդալի հակառակ կողմը, երբ իբրեւ թե ստանում են մասնագիտական կրթություն, բայց նույնիսկ դասերին ներկա չեն լինում, այդ դեպքում առանց կրթության աշխատասեր մարդը, բնականաբար, իր որակով սկսում է գերազանցել «դիպլոմով մասնագետին»։ Իմ բախտը բերել է. ես սիրում եմ սովորել:): Կարմիր դիպլոմով եմ ավարտել, չնայած՝ նույնիսկ չեմ էլ հիշում, թե որ դարակում եմ այն պահել:): Ամեն դեպքում շատ կարեւոր է ստացած գիտելիքները ճիշտ տեղում ու ճիշտ ժամանակին կիրառելն ու անընդհատ աշխատելն ինքդ քեզ վրա, ինքնակրթվելը՝ դրանք դասավորելով մասնագիտական կրթությունից ստացած գիտելիքների վրա, որպեսզի անընդհատ աճես, առաջ շարժվես ու չլճանաս։

«Ոգեւորված եմ արդեն 7 ամիս»

Ուսանողական տարիներից համոզմունք ունեի, որ եթե ուզում եմ դառնալ լավ դերասանուհի, ապա մինչեւ ավարտելը չպետք է խաղամ հեռուստատեսային որեւէ նախագծում: Հետո ավարտեցի եւ որոշեցի ուսումս շարունակել ու ձեռք բերել մագիստրոսի կոչում՝ արդեն որպես թատրոնի ռեժիսոր։ Այդ ընթացքում եւս միտք չունեի լինել որեւէ նախագծում, քանի որ միշտ եղել է այն տպավորությունը, որ սերիալներում դերասանները խաղում են այնպես, ինչպես իրական կյանքում են, այսինքն` չեն խաղում։ Սակայն «Էլենի օրագիրը» սերիալում ինձ առաջարկեցին այնպիսի կենսագրություն ունեցող կերպար, որն աշխատանքում ինձ ոգեւորված է պահում արդեն շուրջ 7 ամիս:

Ամենամեծ նմանությունը

Ինչքան էլ Մարիամիկն ինձնից տարբեր է, միեւնույն է՝ բնական է, որ կան նաեւ նմանություններ, ի վերջո ես նրա կերպարը ստեղծել եմ ինձնից ու իմ տեսակից ելնելով` ընդհանուր հայտարարի գալով ռեժիսորի հետ եւ հիմք ունենալով սցենարիստի կողմից ի սկզբանե առաջարկված կերպարը, որն արդեն իսկ ուներ հետաքրքիր կենսագրություն եւ տարբերվող գույն։ Ամենամեծ նմանությունն իմ ու իմ Մարիամիկի անշահախնդիր նվիրվելու կարողությունն է, ինչը, եթե անկեղծ, չգիտեմ էլ` լավ է, թե վատ:):

Հասմիկ Խոջյանը


«Տարբերություններն ավելի շատ են»

Տարբերություններն իսկապես ավելի շատ են, ինչն էլ աշխատանքս ավելի հետաքրքիր է դարձնում։ Ակնհայտ տարբերությունն արտաքին տեսքն է՝ հագուկապը, անխնամ լինելը: Ես, իհարկե, խոսում եմ նախկին Մարիամիկիս մասին, դեռեւս չփոխված: Տարբեր են մեր շարժուձեւերը, խոսելու ռիթմը, նույնիսկ ձայնի տոնայնությունը։ Ուրախ կլինեմ, եթե հետագա նախագծերում եւս կարողանամ այդքան առանձնացնել կերպարն ինձնից, ինչքան ես ու Մարիամիկն ենք տարբեր:

«Եթե ոչ դերասանուհի...»

Եթե ոչ դերասանուհի, անկասկած, կլինեի արվեստի մեկ այլ ոլորտում, օրինակ` պոտենցիալ հնարավորություն ունեի դառնալ ջութակահարուհի, պարուհի, հաղորդավարուհի, որոնցից ի ուրախություն ինձ, շատ չեմ հեռացել, եւ այլն: Սակայն այդ բոլոր հնարավորությունները գումարվեցին իրար, հավաքվեցին մեկ հարկի տակ, որի տնակը կոչվում է թատրոնի և կինոյի դերասանուհի:):

«Կցանկանամ պահել նրանց համար»

Մեր օրերում, երբ ապրում ենք ոչ միայն իրական, այլ նաեւ վիրտուալ աշխարհում, շատ դժվար է որեւէ մեկից որեւէ հետաքրքրություն թաքցնելը, բայց, բնականաբար, ամեն բան չէ, որ հրապարակում եմ, օրինակ` հազվադեպ եմ նշում` ինչ ֆիլմ եմ դիտում, ինչ գիրք եմ կարդում, ինչ երաժշտություն եմ լսում, ինչ ներկայացում եմ դիտում, եւ այլն: Իսկ իմ անձի վերաբերյալ բացահայտումները, որոնք ինձ ճանաչողներն ամեն պատեհ առիթի դեպքում կարող են անել, կցանկանամ պահել նրանց համար եւ չխոսել այդ մասին:):

Տրամադրության համար

Թե ինչպիսին կլինի առօրյա հագուկապս, կախված է նրանից, թե օրվա ընթացքում ինչ անելիքներ ունեմ: Ամեն իրավիճակ, վայր, ժամանակ թելադրում է իր ոճը, որը ըստ իս` կարողանում եմ տարբերակել ու համապատասխան տեսք ունենալ: Հագուստը կարող է թելադրել տրամադրություն, իսկ տրամադրությունը` հագուստ: Ինձ դուր է գալիս ներկայանալ տարատեսակ ոճերով եւ տվյալ արտաքին տեսքով բացահայտվել ոչ միայն այլոց, այլ նաեւ ինքս ինձ համար:

Հասմիկ Խոջյանը


«Ձեւացնել չեմ կարողանում»

Ես շատ ընկերներ ու ինձ բարի կամեցողներ ունեմ, բայց մտերիմներս մի քանիսն են: Գործընկերներիս հարցում բախտս բերել է. շատ լավն են, երբեք չեմ մոռանա, թե ծննդյանս գիշերը նկարահանման հրապարակում ինչ դրական էմոցիաներ նվիրեցին ամբողջ կյանքի համար:): Ես պատկանում եմ այն տեսակի մարդկանց, ովքեր կարողանում են լեզու գտնել եւ աշխատել բոլորի հետ, բայց եթե որեւէ մեկի նկատմամբ հակակրանք զգամ աշխատանքից դուրս, նա անպայման կզգա դա իմ վերաբերմունքից, պարզապես ձեւացնել չեմ կարողանում:):

«Դժվարը սկիզբն է»

Ե՛վ բաց մարդ եմ, ե՛ւ փակ։ Դժվարը սկիզբն է, իսկ հետո արագ ընկերանում եմ ու նվիրվում։ Մարդկային հատկանիշները բացահայտվում են արդեն շփման ընթացքում, բայց մինչ այդ շատ կարեւոր է, որ դիմացինս ունենա դրական էներգետիկ դաշտ։

«Սերը...»

Այժմ եւ միշտ սերը մարդու կյանքում պետք է առաջնային լինի։ Ես անընդհատ փորձում եմ ապրել սիրահարված ու չհիասթափվել։ Սիրում եմ այն ամենը, ինչ անում եմ, եւ այն բոլոր մարդկանց, ովքեր շրջապատում են ինձ։ Ընտրյալ չունեմ, սակայն երբեք սիրո պակաս չեմ զգացել ու չեմ զգում. կյանքն իր սերն է փոխանցում ինձ, ինչն էլ ես ամենից շատ եմ սիրում ու փորձում եմ «անխնա» վայելել:):

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Ամին Ավագյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport