×


Հարսնացուն կրկեսից` Ստեֆանիա Գրիգորյան :)

Չեխիայից Հայաստան ժամանած շրջիկ կրկեսի ձեռնածու Ստեֆանիա Գրիգորյանը ծնվել ու մեծացել է այնպիսի միջավայրում, որտեղ այլ մասնագիտություն ձեռք բերելու մասին անգամ միտք չէր կարող լինել:): Նրա հայրը ձեռնածու է, որը հանդես է գալիս նաեւ որպես ծաղրածու, իսկ մայրը մարմնամարզուհի է: Ստեֆանիայի ծնողները հենց կրկեսի միջոցով էլ ծանոթացել ու սիրահարվել են:): BRAVO.am-ը մեկ օր անցկացրել է արագ շարժումներով օժտված մեր հայրենակցուհու հետ, լուսանկարել է նրան, հղել մի շարք հարցեր, որոնց պատասխաններն էլ ներկայացնում ենք մեր ընթերցողներին:

Ստեֆանիա Գրիգորյանը շնիկի հետ


Առաջին անգամ բեմ բարձրացել եմ Հայաստանում, երբ 4 տարեկան էի. ծաղրածուի շորերով պետք է մի քանի վայրկյան ինչ-որ բան անեի ու անհետանայի:): Ճիշտ է` այդ դեպքից ոչինչ չեմ հիշում. հետագայում ծնողներս են պատմել:

Մինչեւ բեմ բարձրանալու առաջին փորձս եւ դրանից հետո էլ երկար ժամանակ զբաղվել եմ մարմնամարզությամբ: Աշխատում էի օդային համարիս վրա, որը հանդիսատեսն այդպես էլ չտեսավ, քանի որ փորձերից մեկի ժամանակ ընկա ու վնասվածք ստացա:

Հենց վնասվածքի պատճառով էլ մուտքս կրկեսի արենա ուշ տեղի ունեցավ` 11 տարեկանում, երբ ներկայացա օղակներով համարով: Այդ շրջանում ապրում ու աշխատում էինք Իրանում:

Ձեռնածու Ստեֆանիա Գրիգորյանը


Որպես ձեռնածու առաջին ելույթս 15 տարեկանում է եղել` Ղազախստանում: Այդ օրվանից հիմնականում ձեռնածությամբ էլ զբաղվում եմ:

Աշխատանքի բերումով վերջին տարիներն ընտանիքով անցկացրել ենք Չեխիայում, մինչ այդ ապրել եմ Ֆրանսիայում, Կորեայում եւ այլուր: Մանկությունս էլ հիմնականում անցկացրել եմ արաբական երկրներում:

Ու չնայած` տարվա ընթացքում Հայաստանում ընդամենը մեկ ամիս ենք լինում, մեր տունն այստեղ է:

Ստեֆանիա Գրիգորյանը


Ամեն երկրում կրկեսի հանդիսատեսն իր յուրահատկությունն ունի. մի վայրում ընդունելությունն ավելի բուռն ու ջերմ է, մեկ այլ վայրում` ոչ այնքան: Իսկ հայ հանդիսատեսի հիմնական առանձնահատկությունն ու տարբերությունն այն է, որ մտածում են` կրկեսը երեխաների համար է, մինչդեռ արտասահմանում, հատկապես` Գերմանիայում, անգամ տատիկ-պապիկներն են գալիս ու վայելում մեր մատուցած տոնը:):

Ասում են` ձեռնածությունը կրկեսի ամենաապերախտ ժանրն է: Հանդիսատեսը ձեռնածուին տեսնում է ընդամենը մի քանի րոպե ու չի էլ պատկերացնում, որ այդ րոպեներն օրական 8 ժամվա քրտնաջան աշխատանք են պահանջում:

Այսքան պարապմունքների հետ մեկտեղ, միեւնույն է, երբեւէ ռոբոտի պես չեմ կարողանում արենա դուրս գալ: Ամեն անգամ լարվածություն, հուզմունք եմ զգում, գուցե այն պատճառով, որ ամաչկոտ եմ:): Չնայած` արենայում հայտնվելուն պես դառնում եմ ավելի ազատ ու անկաշկանդ:

Ձեռնածու Ստեֆանիա Գրիգորյանը


Չեմ պատկերացնում իմ կյանքն առանց կրկեսի, այդ իսկ պատճառով այլ ոլորտում մասնագիտանալու մասին չեմ էլ մտածում: Չնայած` եթե ստացվի, ռեժիսուրա կսովորեմ. կրկեսային համարներ բեմադրելիս պետք կգա:):

Այս ոլորտում աշխատելու ու անընդհատ շրջագայելու պատճառով միայն անձնական կյանքս է տուժում: Սովորաբար կրկեսի մարդիկ հենց կրկեսում էլ գտնում են իրենց երկրորդ կեսին: Բայց իմ դեպքում, կարծում եմ, բացառություն կլինի: Քանի որ հայերը կրկեսում շատ քիչ են, գրեթե բոլորին էլ ճանաչում եմ ու ընկերական հարաբերություններ ունենք, իսկ իմ կողքին այլազգի չեմ պատկերացնում:):

Տեքստը` Դիանա Հովհաննիսյանի /BRAVO.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /BRAVO.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW