×


Մի փոքր ինտրիգ եւ խոստովանություններ՝ Հայաստանի կինոգիլդիաների 2-րդ մրցանակաբաշխությանը

Կինոյի տանը Հայ կինոյի օրը՝ ապրիլի 16-ին, հավաքվել էին կինոյի մարդիկ՝ մասնակցելու Հայաստանի պրոֆեսիոնալ կինոգիլդիաների երկրորդ մրցանակաբաշխությանը:

Նպատակը գիլդիաների կայացումն է Հայաստանում, ասում է Կինոգործիչների միության նախագահի գլխավոր խորհրդական Արայիկ Մանուկյանը՝ հավելելով, որ Հարություն Խաչատրյանը հարգելի պատճառով ներկա չէ միջոցառմանը։


«Երբ 7 տարի առաջ Հարություն Խաչատրյանն ընտրվեց Կինոգործիչների միության նախագահ, այդ ժամանակվանից մեր թիմի երազանքն էր մրցանակաբաշխությունը։ Պրոֆեսիոնալ գիլդիաների առկայությունն ընդունված ձեւ է աշխարհում, որ կարողանան կարգավորել կինոաշխարհի «խաղի կանոնները»։ Արդեն որոշակի հաջողություն ունենք։ Այս մրցանակաբաշխությանը պրոֆեսիոնալներն իրենք են որոշում՝ ում տալ մրցանակը՝ իրար աշխատանքները նայելով»,- նշել է Արայիկ Մանուկյանը:  

Մրցանակների քանակով առաջատարը «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմն է, որը հաղթեց չորս անվանակարգում՝ «Խաղարկային լիամետրաժ ֆիլմի լավագույն ռեժիսոր», «Խաղարկային լիամետրաժ ֆիլմի լավագույն սցենարիստ» (Աննա Մաքսիմ), «Խաղարկային լիամետրաժ ֆիլմի լավագույն բեմադրող օպերատոր» (Սուրեն Թադեւոսյան), «Խաղարկային լիամետրաժ ֆիլմի լավագույն դիմահարդար» (Հասմիկ Ղազարյան):


Աննա Մաքսիմին մրցանակը հանձնեց ՀՀ ժողովրդական արտիստ Միքայել Պողոսյանը։ Աննան բեմում չթաքցրեց հույզերն ու նշեց. «Ես չգիտեմ՝ ավելի զարմանալի է, որ այս մրցանակը շնորհվում է ինձ, թե որ մրցանակը շնորհում է Միքայել Պողոսյանը: Էլ ինչ աշակերտ, որ չգերազանցի իր ուսուցչին: Եկեք ծափահարենք Միքայել Պողոսյանին»:

Նա նշել է, որ մրցանակները կարեւոր են իր համար, քանի որ գործընկերների գնահատանքին է արժանացել. «Կարեւոր է նաեւ, որ ֆիլմը ունեցավ ֆինանսական այնպիսի հաջողություն, որ մենք Հայաստանի կինոյի հիմնադրամի կողմից արտադրական նպատակով ֆիլմին տրամադրված աջակցությունը` շուրջ 40 մլն դրամ, ամբողջովին վերադարձրինք հիմնադրամի բյուջե։ Աշխարհի տարբեր երկրներում է ցուցադրվել ֆիլմը, շատ դրական ապրումներ են եղել»։


Պրոդյուսեր Արման Միտոյանի խոսքով՝ քվեարկությունն անցկացվել է փակ էլեկտրոնային ձեւաչափով, իսկ արդյունքներն իրենց բոլորի համար անակնկալ էր. «Գիլդիաների կարեւորությունն այն է, որ  մասնագետները հնարավորություն են ստանում շփվելու եւ համագործակցության հարթակ ստեղծելու: Գիլդիաներն օգնելու են ձեւավորել միասնական մոտեցումներ եւ խաղի կանոններ՝ անկախ անուններից։ Կարեւորը հավասարության սկզբունքն է, որը պետք է գործի բոլորի համար։ Վերջին տարիներին նկարահանվում են ավելի շատ ֆիլմեր, ոլորտն ակտիվանում է եւ մասնագետներն իրենց ավելի պաշտպանված ու գնահատված են զգում»։

«Ամերիկացի» ֆիլմի համար Արման Նշանյանը մրցանակի է արժանացել «Խաղարկային ֆիլմի լավագույն պրոդյուսեր» անվանակարգում: «Խաղարկային կարճամետրաժ ֆիլմի լավագույն ռեժիսոր» մրցանակը տրվեց Վահան Գրիգորյանին՝ «Ձուն» ֆիլմի համար։ «Խաղարկային կարճամետրաժ ֆիլմի լավագույն պրոդյուսեր» եւ «Խաղարկային կարճամետրաժ ֆիլմի լավագույն սցենարիստ» մրցանակները Օֆելյա Հարությունյանինն են` «Գյուղը որ կանգնի» ֆիլմի համար։


«Վավերագրական ֆիլմի լավագույն օպերատոր» ճանաչվեց Արթուր Ղարայանը,  «Անիմացիոն կարճամետրաժ ֆիլմի լավագույն սցենարիստ» մրցանակը տրվեց Ռոման Բալայանին։

Տեքստը՝ Արմինե Բրսոյանի
Լուսանկարները՝ Վերոնիկա Բադալյանի
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW