Պատանի հանդիսատեսի թատրոնի անձնակազմն օրեր առաջ բողոքի ակցիա է իրականացրել Երեւանի քաղաքապետարանի դիմաց՝ 3 ամիս աշխատավարձ չստանալու համար: Ստեղծված իրավիճակի եւ դժգոհության իրական պատճառների մասին BRAVO.am-ին պատմել է Պատանի հանդիսատեսի թատրոնի ռեժիսոր, թատերական մանկավարժ, Երեւանի մշակույթի պատվավոր գործիչ Դավիթ Հարությունյանը:
«Խենթը»
Չեմ կարծում, թե «Խենթ»-ի պատճառով են Երեւանի քաղաքապետարանից թատրոնին «ծուռ նայել»: Եթե այդպես լիներ, գուցե կասեին կամ գոնե կգային ներկայացումը նայելու: Թատրոն չեն այցելում, եւ ինձ համար դա վաղուց օրինաչափ երեւույթ է դարձել:
Պատանի հանդիսատեսի թատրոնն ունի հետաքրքիր դերասաններ եւ ինքնատիպ խաղացանկ: «Խենթը» բեմադրել եմ 2023-ին եւ մինչեւ այսօր էլ այն լեփ-լեցուն դահլիճներում է անցնում, հուսամ՝ ներկայացումը երկար տարիների կյանք կունենա: Այն մեր անուրանալի պատմական էջերին է վերաբերում, վերջապես Րաֆֆին էլ շատ բարձր ու վեհ է: Գոնե երբեմն-երբեմն թատրոնում պետք է անդրադառնանք մեր դասականներին։
«Կարկուտից ծեծված» թատրոնը
Սա միակ Պատանի հանդիսատեսի թատրոնն է, որը, ցավոք սրտի, վերջին տարիներին «կարկուտից է շատ ծեծվել»: Փորձում եմ հասկանալ՝ ինչու են նրա հետ այսպես վարվում, գուցե կադրային առումով են այլ կերպ պատկերացրել այս թատրոնը: Համենայն դեպս, մենք թատրոնի տնօրեն Էմին Թորոսյանի հետ երբեք ձեռքներս ծալած չենք նստել: Մի շարք ռեժիսորներ են հրավիրվում, թատրոնը երիտասարդանում է եւ նոր բավական շատ կադրեր են ներգրավվում ներկայացումներում: Հնարավոր ամեն բան արվում է, եւ ՊՀԹ-ն թատերական աշխարհում իր ուրույն տեղն ունի:
Մի պաշտոնյայի կարող է որեւէ ներկայացում դուր չգալ, բայց դա չի նշանակում, որ այդ թատրոնը վատն է ու պետք է հալածվի, կամ այս դեպքում՝ պատժվի: Ասեկոսեներով որեւէ բանի մասին կարծիք կազմել ու դրանով առաջնորդվելը կոպտագույն սխալ է։
Երբ 2019-ին Պատանի հանդիսատեսի թատրոնն իր սեփական միջոցներով նշեց իր 90-ամյակը, ցավոք, որեւէ շնորհավորական ուղերձ, խոսք չենք ստացել եւ նույնը կրկնվեց նաեւ 2024-ի նոյեմբերից սկսած, երբ թատրոնը դարձավ 95 տարեկան:
Այդ աստիճանի արհամարհե՞լ, որ նույնիսկ A4 ձեւաչափի ամենաէժան ստվարաթղթի վրա շնորհավորական տեքստ չուղարկեն։ Կարծես նրանց համար խորթ զավակ լինենք։
Չվճարված աշխատավարձերը
Թատրոնն իր ռազմավարությամբ զարգանում է ու բնական կյանքով առաջ գնում: Հաջող ներկայացում ունենալու դեպքում բոլորով ուրախանում ենք, տոմսերի լավ վաճառք ենք ունենում, եւ թատրոնն իսկապես նյութական առումով բավական առաջ է անցել: Բայց արի ու տես, որ միեւնույն է՝ լավ չէ:
Տարեսկզբին տեղեկացանք, որ մեր աշխատավարձերը չեն փոխանցվում, եւ տնօրենը կարողացավ հետ գցած գումարների շնորհիվ վճարել մարդկանց հասանելիքը: Բայց այդ տնտեսված գումարով թատրոնները նոր ներկայացումների ծախսեր են հոգում եւ տնտեսական այլ հարցեր լուծում: Առհասարակ, թատրոնում միշտ էլ նոր ծախսեր են ի հայտ գալիս:
Աշխատավարձերի խնդիրը բավական երկար է տեւել, տնօրենն ամեն կերպ փորձել է թատրոնի կոլեկտիվին զերծ պահել այդ ամենից եւ ինքնուրույն լուծել այս հարցերը: Բայց հետո պարզ է դարձել, որ թատրոնի առջեւ անլուծելի խնդիրներ են դրել, ինչի մեջ անձամբ ես դիտավորություն եմ տեսնում:
«Այս հարցը աշխատավարձերը փոխանցելով չի փակվելու»
Քաղաքապետարանի նպատակը ո՞րն է, խաթարել թատրոնի աշխատանքն ու անձնակազմին հունից հանե՞լ: Նեղ կազմով հանդիպեցինք քաղաքապետարանի պատկան մարմնի հետ, որը խոստացավ շատ մոտ ժամանակներում հարցին լուծում տալ։ Իմ կարծիքով՝ այս հարցը աշխատավարձերը փոխանցելով չի փակվելու, այն նաեւ հետեւանքներ է ունենալու:
Դժգոհության ալիքը
Թատրոնի ողջ անձնակազմի դժգոհությունը հասավ իր գագաթնակետին, բայց դժգոհությունները սպասվածից հակառակ կողմ գնացին՝ ոչ տնօրենի։ Ո՞ր ժամանակներում ենք ապրում, որ մեզ կարող են այսկերպ պատժել: Այժմ թատրոնը շատ դժվար կացության առաջ են կանգնեցրել, չնայած՝ աշխատանքները չեն ընդհատվել։ Տարիներ շարունակ նորմալ աշխատել ենք ու մի բան էլ միշտ գերակատարել տարեկան պլանը։ Էլ ի՞նչ է պահանջվում, որպեսզի մի քանիսի աչքերում «լավը» դառնանք։
Հանրային հնչեղությունը
Թատրոնի ընդհանուր ժողովի ժամանակ բոլորի նյարդերը տեղի տվեցին, ի վերջո, մարդ ենք ու ինչքա՞ն է կարելի մեզ հետ նման կերպ վարվել. անընդհատ նամակներ ենք գրել ու սպասել պատասխանի, հետո նորից գրել: Ո՞րբ ենք, ինչ է, խորթ երեխա՞ ենք, օտարի ձեռքի խաղալի՞ք, սա ի՞նչ վերաբերմունք է։
Այս ամենն ուղղակի կամայականություն է, ինչ-որ մեկն ուզում է որեւէ բան ապացուցել եւ անդադար եփում է այս ճաշը։ Այդ վարմունքով մեզ հունից հանեցին, դրա համար էլ հավաքվեցինք ահել-ջահելով ու գնացինք քաղաքապետարան՝ պատասխան պահանջելու։ Ուզեցինք անձամբ հանդիպել ու հասկանալ իրավիճակը:
Տնօրենը
Էմին Թորոսյանը պարկեշտ, հավասարակշռված անձնավորություն է, իսկապես լավ տնօրեն է եւ հմուտ վարչարար: Ջանք ու եռանդ չի խնայում մեզ համար: Թատրոնում չունենք «չէ, թանկ է, չկա, չի լինի» բառերը, եւ ամբողջ կոլեկտիվը, ես էլ՝ այդ թվում, կանգնած ենք Թորոսյանի կողքին։ Չեմ հասկանում, թե ինչ են ուզում։ Կամ գուցե, տնօրենի այլ թեկնածու ունեն, իրենց թեկնածուն։ Ինչո՞ւ ոչ, հնարավոր է...
Դավիթ Հարությունյանը «Արա Գեղեցիկ» (Նաիրի Զարյան), «Վերջին ուսուցիչը» (Վարդգես Պետրոսյան), «Դեպք մետրոյում» (Նիկոլաս Բայեռ), «Արծվաբույն» (Հրաչ Բեգլարյան), «Խենթը» ( Րաֆֆի), «Կատուն շիկացած տանիքին» (Թեննեսի Ուիլիամս) եւ հայտնի այլ ներկայացումների բեմադրիչն է:
Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը
Լուսանկարները՝ BRAVO.am-ի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: